May-6

Գլխավոր | Հրաշքներ | Աստված սովորական մարդկանց միջոցով արտասովոր գործեր է անում

Աստված սովորական մարդկանց միջոցով արտասովոր գործեր է անում

Սիրելի՛ բարեկամ, երբ ես նոր էի ապաշխարել, չէի կարող անգամ պատկերացնել, որ մի օր առավոտյան քաջալերանքներ եմ պատրաստելու և բազմաթիվ մարդկանց հույս ու ջերմություն եմ փոխանցելու իմ ծառայությամբ: Այն ժամանակ իմ հիմնական անհանգստությունը հավատքի կյանքի մեջ հաստատվելու մտքերն էին՝ Աստծուն հավատարիմ մնալու և Քրիստոսի կարգապահ աշակերտը դառնալու մղումները։ Այս ամենն իրագործելու համար ես օգնության կարիք ունեի և չէի էլ պատկերացնում, որ մի օր ինքս եմ օգնելու Աստծո թանկ ու սիրելի զավակներին, որոնք ինձ նման օգնության կարիք կունենան։ 

Այն ժամանակ ես երիտասարդ էի, արագ բռնկվող և որոշակիորեն ինքնավստահ։ Այլ կերպ ասած՝ ես բավականին հեռու էի հեզ ու խոնարհ քրիստոնյայի բնութագրից: Պետք է խոստովանեմ, որ իմ հավատքի առաջին տարիներին թեև պարտաճանաչ կերպով եկեղեցի էի հաճախում, սակայն (սա միայն հիմա՝ հետադարձ հայացք նետելուց հետո եմ հասկանում) շատ բաներ, մեղմ ասած, սխալ էի անում և չէի ապրում այն հավատքի կյանքով, որը Տերն էր ակնկալում ինձնից։ Նայելով իմ կյանքին` Տեր Հիսուսը, հավանաբար, ասում էր․ «Այս երիտասարդի հետ բավականին շատ գործ կա անելու»:

Իմ ապաշխարությունից 6 տարի անց, երբ 32 տարեկան էի, Աստված հստակ խոսեց ինձ հետ մի աղոթքաժողովի ժամանակ և ինձ կանչեց ծառայելու Իրեն: Ես լսածս գրեցի նոթատետրիս մեջ և սկսեցի աղոթել ու քայլեր ձեռնարկել։ Բայց իմ շրջապատի արձագանքն ու վերաբերմունքը ավելի շատ սառը ցնցուղի էր նման։ Ինձ շատ համառություն և հավատք պետք եղավ, որպեսզի կարողանայի դիմակայել բոլոր հիասթափություններին ու հաղթահարել բոլոր արգելքները։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ քեզ հետ նման բան երբևէ պատահե՞լ է: Դու երբևէ վերապրե՞լ ես մտերիմ մարդու խոսքերից ծնված հուսալքության զգացումը։ Կամ եղե՞լ է, որ ինչ-որ մեկը ասես նպատակամղված կերպով փորձի կոտրել Աստծո այն կանչը, որ դու փայփայել ես քո սրտում։

Երբ Աստված մարդկանց կանչում է Իրեն ծառայելու, շատերն են իրենց անարժան  համարում, քանի որ նայում են սեփական տկարություններին ու անցյալին։ 

Իսկ ինչպե՞ս ես դու այսօ՛ր վերաբերվում Տեր Աստծուն ծառայելու գաղափարին։ Արդյոք քեզ անկարող, ոչ ընդունակ ու համապատասխան գիտելիքներ չունեցող մե՞կն ես կարծում։ Եթե այո, ապա ուզում եմ, որ վստահաբար իմանաս՝ Աստված սիրում է քեզ անպայմանական սիրով, և կարևոր չէ, թե դու ինչ ես անում կամ ինչ չես անում: Նա սիրում է քեզ: Եվ իմացիր` Աստված օգտագործում է սովորական մարդկանց արտասովոր գործեր գործելու համար:

Աստծու Արքայության կենտրոնական արժեքներից մեկը պատիվն է։ Աստված պատվում է Իր հավատարիմ զավակներին՝ զորացնելով նրանց և մյուսների աչքին բարձրացնելով նրանց, որպեսզի բոլորն իմանան, թե ինչե՜ր կարող են անել Սուրբ Հոգով լցված մարդիկ Տեր Աստծու զորության շնորհիվ:

Երբ հիշում եմ իմ հավատքի առաջին տարիները, մի միտք է միշտ պտտվում գլխումս՝ հաճախ Աստված ավելի շատ է հավատում մեր ուժերին, քան մենք ինքներս։ 

Ուզում եմ այսօր վստահեցնել քեզ, որ դու հատուկ տեղ ունես թե՛ Աստծու սրտում և թե՛ Նրա ծրագրի մեջ։ Նա կանչում է քեզ ծառայելու Իրեն։

Մի՛ նայիր քո անցյալի մեղքերին և այսօրվա տկարություններին։ Հավատա՛ Տիրոջը։ Ապրի՛ր Նրա համար։ Գործի՛ր Նրա առաքելության մեջ։ Սիրի՛ր Նրա կամքն ու այդ կամքին հնազանդվելը։ Վարժեցրո՛ւ քո անձը աստվածպաշտության, և կգա մի օր, որ ինձ նման հետ կնայես Տիրոջ հետ միասին քո անցած ուղուն և կզարմանաս Նրա համբերության ու բարության վրա։ Մեր Աստված սիրող Հայր է։ Մտերմացի՛ր ու ծառայի՛ր Նրան։ Նա այսօր կանչում է քեզ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: