Սիրելի՛ բարեկամ, իմ ծանոթներից մեկը պատմում էր, որ տարիներ առաջ իրենց գրասենյակում մի գրատախտակ են ունեցել, որտեղ գրի են առել իրենց աշխատանքային թիմի անդամների սխալները: Երբ որևէ մեկը երեք սխալ էր թույլ տալիս, պետք է թեթև հյուրասիրություն գներ ամբողջ թիմի համար: Դա էր թույլ տրված սխալների «պատիժը»:
Հետո մի օր մի հոգևոր հովիվ է նրանց այցելում և նկատում է այդ գրատախտակը, որի վրա նշված էին աշխատակիցների սխալները: Նա նախ խորը զարմանք է ապրում, իսկ հետո խորհուրդ տալիս դադարեցնել «վատ գնահատականները» բոլորին ի ցույց դնելը։ Ավելին, նա խստորեն հորդորում է փորձել անել ճիշտ հակառակը:
Ընկերս պատմում էր, որ այդ օրվանից սկսած ամեն անգամ, երբ թիմի որևէ անդամ որևէ լավ ու գովասանքի արժանի բան էր անում, ապա նրա պատվին գրատախտակին էր գրվում այդ աշխատակցի անունը: Երբ որևէ մեկի անունը գրվում էր երեք անգամ, ապա թիմը պետք է այդ անձի պատվին հյուրասիրություն կազմակերպեր՝ ի նշան նրա արժեքավոր ու գնահատված լինելու: Այդ մոտեցումը արմատապես փոխեց նրանց թիմի աշխատանքային մթնոլորտը։ Իսկ աշխատակիցները սկսեցին կիրառել նոր արտահայտություններ, ինչպես օրինակ` «Ես քեզ այնքա՜ն շատ եմ գնահատում», «Դու հիանալի ես» կամ մեր գրառումներում շատ օգտագործվող «Շնորհակալ եմ, որ դու կաս» արտահայտությունը:
Մեր օրերի մարդկանց մտածելակերպը շատ հաճախ ստիպում է մեզ կենտրոնանալ թույլ տրված սխալների ու մարդկանց ձախողումների վրա: Մենք սիրում ենք ընդգծել մյուսների անհաջողությունները, որպեսզի ավելի լավը երևանք: Աստվածաշունչն ասում է, որ «մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը» (Առակաց 18․21):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսպիսով, ե՛կ միասին այսօր որոշում կայացնենք՝ ո՛չ թե բողոքել, դժգոհել ու տրտնջալ մեր շրջապատի մարդկանց թույլ տված սխալների պատճառով, այլ Տեր Աստծո օգնությամբ ու Նրա Խոսքի առաջնորդությամբ սովորենք խրախուսել նրանց, ովքեր ձախողվում են, քաջալերել սկսնակներին, հորդորել ու ամրացնել տկարներին, որպեսզի նրանք բարձրանան։ Ինչպես նաև ե՛կ մեր բնավորության ամենավառ արտահայտված գծերից մեկը դարձնենք բարի ու հաջողված գործեր անողներին գնահատելն ու գովասանքի արժանացնելը, որպեսզի օգնենք նրանց ճիշտ ճանապարհը ավելի մեծ նվիրումով անցնելու հարցում:
Մենք՝ Քրիստոսի հետևորդներս, ամբողջական հասարակությունների մտածելակերպ փոխելու զորությամբ ենք օժտված: Մենք կարող ենք նոր կյանք ու նոր մշակույթ փոխանցել այս աշխարհին, քանի որ Աստծո Թագավորության մեջ ամեն բան հնարավոր է, և յուրաքանչյուր ոք սիրված է ու գնահատված։
Հավատում եմ, որ դու կարո՛ղ ես դառնալ այս փոփոխությունն իրականացնողը: Ես հավատում եմ, որ Աստված կօգտագործի քո կյանքը արտասովոր կերպով, եթե միայն խնդրես Նրան…։ Այսօր աղոթում եմ հենց դրա համար:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը