Սիրելի՛ բարեկամ, Աստված քեզ օժտել է տաղանդներով և դու պետք է օգտագործես դրանք Նրա փառքի համար: Եվ գիտե՞ս՝ ինչու: Որպեսզի Նա քո միջոցով ընդունի այն ողջ փառքը, որին իրապես արժանի է:
Աստված Ինքը զորավոր կերպով ստեղծագործ մոտեցում է ցուցաբերել աշխարհն արարելիս: Ո՞վ է, որ երբևէ չի զմայլվել մայրամուտի գեղեցկությամբ կամ Արարատ լեռան զարմանահրաշ տեսարանով:
Հին կտակարանում Աստված ընտրեց շնորհառատ, ստեղծագործ ու տաղանդավոր մի մարդու՝ Բեսելիելին, որպեսզի վերջինս կառուցի Խորանը։ Ելից 31․1-5 հատվածում կարդում ենք․ «Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ահա Հուդայի ցեղից կանչեցի Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։ Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ, որպեսզի վարպետի գործեր հնարի՝ ոսկու, արծաթի և պղնձի վրա աշխատելու համար, ակնաքարեր գամել, փայտեր փորագրել և ի գործ դնել ամեն տեսակ արհեստներ»։
Աստված ասում է «Ես լցրեցի նրան․․․», ինչը վստահաբար նշանակում է, որ հենց Տե՛րն է մարդուն շնորհում բոլոր ստեղծագործ տաղանդները, և Աստծու նպատակն է, որպեսզի մենք դրանք օգտագործենք հատուկ կերպով` Իր Արքայության շահին ու առաջընթացին ծառայեցնելու համար:
Երբ մարդը հնազանդությամբ է արձագանքում սեփական տաղանդներով և ունակություններով Աստծուն ծառայելու կոչին, այդ ժամանակ մեր երկնային Հայրը լցնում է Նրան Իր Շնորհքի Հոգով և մեծապես փառավորվում տվյալ մարդու ծառայության բերած պտուղներով:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ քեզ ի՞նչ տաղանդներ ու շնորհներ է պարգևել Աստված։ Գուցե երգո՞ւմ ես, նվագում որևէ երաժշտական գործիք, նկարում ես կամ գրելու տաղանդ ունես։ Գուցե անծանոթ մարդկանց Քրիստոսի Ավետարանը փոխանցելու շնորհ ունե՞ս կամ տկարացած մարդկանց մխիթարելու ու քաջալերելու տաղանդ է Տերը քեզ շնորհել։
Անկախ նրանից, թե ինչ շնորհներով և ունակություններով ես օժտված, այսօր հորդորում եմ քեզ, որ քո տաղանդներն օգտագործես հանուն Աստծու ու Նրա գործի։ Քո ստեղծագործ տաղանդների կիրառումը հաճելի է Աստծուն: Նա սպասում է, որ դու Իր տված տաղանդներն ու կարողությունները օգտագործես հենց Իր փառքի համար։
Վաղը մենք շարունակելու ենք «Զորություն, որը կարող է փոխել աշխարհը» շարքը: Հույս ունեմ, որ դրանք քաջալերում են քեզ։
Օրհնյալ օր եմ մաղթում քեզ Տեր Աստծու քաղցր ու բժշկարար ներկայության մեջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը