Fabruary-20

Գլխավոր | Հրաշքներ | «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»

«Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»

«Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ» (‭‭Մարկոս‬ ‭10:51‬)։

Սիրելի՛ բարեկամ, ծանո՞թ ես արդյոք Տիմեի որդու մասին աստվածաշնչյան պատմությանը։ Երբ ծնվեց Տիմեի որդին, Երիքովում տոնախմբություն էր։ Նրա հայրը, որ հարգված անձնավորություն էր, որդի էր ունեցել։ Նրան անվանեցին Բարտիմեոս՝ Տիմեի որդի։ Ընտանիքը ցնծության մեջ էր։ Սակայն, ավա՜ղ, այդ ուրախությունն ու ցնծությունը շատ կարճ տևեց։ Երեխան կույր էր ծնվել։

Այն ժամանակներում  կույրերը ապրուստի այլ միջոց չէին կարող ունենալ, բացի մուրացկանությունը։ Տիմեի որդի Բարտիմեոսը տարիներ անց դարձավ մուրացկան:

Մի օր, երբ նա ճանապարհի մոտ նստած մուրում էր, մոտեցող ամբոխի ձայն լսեց և խոսակցություններից հասկացավ, որ Հիսուսն էր անցնում այդ ճանապարհով։ Բարտիմեոսը սկսեց աղաղակել․ «Որդի՛ Դավթի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»: (Ամբողջական պատմությունը կարող եք ընթերցել Մարկոս 10.46-52 հատվածում):

Ամբոխի մարդիկ փորձում էին լռեցնել նրան, սակայն նա ավելի բարձր էր աղաղակում․ «Որդի՛ Դավթի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»:

Տեր Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն։ Տերը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։

Սա մի կարևորագույն հարց է։ Տերը գիտեր, որ Բարտիմեոսը կույր էր և մուրացկան։ Նա գիտեր իր դիմաց կանգնած մարդու կարիքը։ Սակայն Տիրոջ տված հարցը նպատակ էր հետապնդում բացահայտելու Բարտիմեոսի հավատքը։ Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում Բարտիմեոսի ողորմության խնդրանքի աղաղակը։ Նա ապրուստի միջո՞ց էր խնդրում՝ մի քանի մանրադրամ, թե՞ բժշկություն և կյանքի ու կարգավիճակի փոփոխություն։ 

Բարտիմեոսն ասաց․ «Ռաբբո՛ւնի, ուզում եմ տեսնել»։ Մուրացկանի այս խոսքերը խոսում էին նրա հավատքի մասին։ Նա հավատում էր և իր դիմաց կանգնած Հիսուսից խնդրում էր մի բան, որը վստահ էր, որ Նա կարող է տալ իրեն։ 

Տեր Հիսուսի արձագանքը նրա հավատքին հետևյալն էր․ «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին։

Տեր Հիսուսն առաջին մարդն էր, ում Բարտիմեոսը տեսնում էր իր ողջ կյանքի ընթացքում։ Տեր Հիսուսը վերականգնեց Բարտիմեոսի պատիվը։ Նա այլևս ստիպված չէր լինելու մուրացկանություն անել։ Տերը վերականգնեց Նրա կյանքը և փոխեց նրա կարգավիճակը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը նույն բարիքն ուզում է քո կյանքում անել։ Գուցե քո խնդիրը կուրությունը չէ և ոչ էլ մուրացկանությունը։ Գուցե քեզ այլ բան է ընկճել ու կքել կյանքի բեռների ներքո։ Հավատում եմ, որ այսօր այս ուղերձով Տերը քեզ է ուղղում այդ նույն հարցը․ «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։

Ի՞նչ ես պատասխանելու Նրա այս կարևորագույն հարցին։ Առաջարկում եմ չշտապել։ Անշուշտ դու ունես շատ հրատապ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն՝ ճիշտ ինչպես Բարտիմեոսի օրվա հացի խնդիրն էր։ Չշտապե՛ս։ Աղոթքով մտորի՛ր այս հարցի շուրջ։ 

Գուցե քեզ բնավորության փոփոխություն է պետք։ Գուցե ամուսնուդ ու կնոջդ փոխվելը խնդրելու փոխարեն, քո կյանքի կամ բնավորության փոփոխությո՞ւն պետք է խնդրես։ Գուցե կյանքիդ բարդագույն իրավիճակի փոփոխության փոխարեն Տիրոջից իմաստությո՞ւն պետք է խնդրես, որպեսզի տվյալ իրավիճակի մեջ Աստծու կամքը կատարող մարդ լինես։ Ես չգիտեմ։ Բայց աղոթում եմ, որ չշտապես, այլ աղոթքով մտորես այս հարցի շուրջ և հավատքի պատասխան տաս Տեր Հիսուսին։

Բարտիմեոսը դարձավ Տեր Հիսուսի աշակերտը և գնաց Նրա հետևից։ Իսկ ի՞նչն է քեզ խանգարում Նրա հավատարիմ ու նվիրյալ աշակերտը դառնալու հարցում։ Դու կարող ես դառնալ Հոր պատվի զավակը, և Հայրը կվերականգնի քո պատիվն ու կարգավիճակը։ Նա սիրում է քեզ․․․ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: