Fabruary-4

Գլխավոր | Հրաշքներ | «Նստի՛ր Ինձ հետ մեկ րոպե ու լսի՛ր Ինձ»

«Նստի՛ր Ինձ հետ մեկ րոպե ու լսի՛ր Ինձ»

Սիրելի՛ բարեկամ, շատերիս կյանքը կարելի է նկարագրել մեկ բառով՝ շտապողականություն։ Ամեն բան մեր շուրջ փոփոխվում է մեծ արագությամբ։ Շատ գործեր կան, որոնք պետք է հասցնել իրագործել։ Տեղեկատվական հոսքերը շատ ավելին են, քան մեր ուղեղն ունակ է ընկալելու։ Սոցիալական կայքերը, էլեկտրոնային նամակները, աշխատանքային խնդիրները, տան հոգսերը և շատ ավելի շատ այլ պարտականություններ մեզ ստիպում են շտապել և ավելի ու ավելի արագացնել մեր ընթացքը։ 

Այս ողջ թոհուբոհի ու շտապողականության մեջ, հավատում եմ, որ Աստված մեզնից յուրաքանչյուրի սրտին հետևյալ խոսքերն է ասում․ «Նստի՛ր Ինձ հետ մեկ րոպե ու լսի՛ր Իմ ձայնը։ Խաղաղվի՛ր և պարզապես մեկ րոպե նստի՛ր իմ կողքին։ Ես գիտեմ, որ դու շատ բան ունես անելու այսօր, սակայն ուզում եմ խաղաղվես ու մի պահ կտրվես քո բոլոր հոգսերից»։ 

Աստված ուզում է խոսել ինձ և քեզ հետ, որպեսզի այս արագընթաց աշխարհի մեջ մենք չկորցնենք Իր կամքը ճանաչելու և ամեն բանից առաջ Իրեն հաճեցնելու փափագը։ Մեր բոլոր հարցերի պատասխանն ու խնդիրների լուծումը Նրանով է և Նրա մեջ։

Սակայն ինչպե՞ս է հնարավոր լսել Նրա ձայնը մեզ շրջապատող այս քաոսի մեջ․․․, մեզ շրջապատող տարբեր ձայների այդ աղմուկի մեջ:

Տերը պատասխանում է մեր հարցին Իր Խոսքի միջոցով․ «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը․․․» (Սաղմոս 46.10):

Մենք պետք է սովորենք հանդարտ մնալը, խաղաղվելն ու Նրան ճանաչելը։

Մի պահ կա՛նգ առ… Դու պետք է կարողանաս Տեր Աստծու համար ժամանակ հատկացնել։ Մի՛ ասա՝ ժամանակ չկա։ Ժամանակ միշտ կա։ Ուղղակի մենք այն շատ անարդյունավետ ենք ծախսում։ Երբ սովորենք մեր Արարչի համար ժամանակ հատկացնելը, երբ սովորենք հանդարտ մնալը, խաղաղվելն ու Նրա մոտ գնալը, այն ժամանակ կտեսնենք, որ Տեր Աստծուն ժամանակ հատկացնելուց հետո մեր ժամանակը բազմապատկվում է։ Ես կարող եմ վկայել, որ ժամանակի հարցում հավատարմության պարագայում Աստված մի անհասկանալի ու գերբնական կերպով օրհնում ու շատացնում է մեր ժամանակը։

Օրն անշուշտ մնում է քսանչորս ժամի սահմաններում։ Սակայն երբ ես ժամանակի առումով Աստծուն պատկանողը Աստծուն եմ տալիս, ապա շատ ավելին եմ հասցնում անել մնացած ժամանակի մեջ։ Ինձ համար սա նման է հացի բազմացման հրաշքին։ Միայն պետք է վստահել Տիրոջը և սովորել Նրա հետ ժամանակ անցկացնելու կերպը։ 

Թույլ մի՛ տուր, որ անհանգստությունը ճնշի քեզ… Գնա՛ Աստծու մոտ։ 

Թույլ մի՛ տուր, որ վախը կաշկանդի քեզ… Գնա՛ Աստծու մոտ։

Թույլ մի՛ տուր, որ ֆինանսական հոգսերը շղթայակապ անեն քեզ… Գնա՛ Աստծու մոտ։

Թույլ մի՛ տուր, որ առողջական խնդիրները ընկճեն քեզ… Գնա՛ Աստծու մոտ։
Թույլ մի՛ տուր, որ ընտանեկան հոգսերը հեռացնեն քեզ Աստծուց… Գնա՛ Նրա մոտ։

Վաղվա օրվա համար հոգս մի՛ արա… Գնա՛ Աստծու մետ։

Ահա, թե ինչ էր սովորեցնում Տեր Հիսուսը․ «Դուք նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ, վաղվա մասին հոգս մի՛ արեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են» (Մատթեոս 6․33-34):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, լսի՛ր խորհուրդս, լսի՛ր Աստծու Խոսքի քեզ ուղղված հորդորը։ Մի պահ դադար տո՛ւր, հանդարտվի՛ր, առանձնացի՛ր Տեր Աստծու հետ և լսի՛ր Նրա հայրական հոգատարությամբ ու աննկարագրելի սիրով պարուրված քաղցր ու բժշկող ձայնը: 

Թո՛ւյլ տուր, որ Նա քաջալերի քեզ և ցույց տա Իրեն ավելի մոտենալու ուղին։ Նաև թո՛ւյլ տուր, որ Նա ուսուցանի քեզ դեպի Իր հետ մտերմությանը բերող ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները հաղթահարելու կերպը։ Եվ, այնուհետև, ընդունի՛ր Նրա կյանքը քո էության մեջ, Նրա խաղաղությունը՝ քո սրտի մեջ, և ընդունի՛ր նաև այն ուրախությունը, որը գալիս է Նրա կամքին հնազանդ կյանք ապրելու արդյունքում։

Տերը շատ մոտ է քեզ։ Ընդունի՛ր Նրան քո ողջ էությամբ և ամբողջ սրտով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: