Սիրելի՛ բարեկամ, Աստված սեր է, դա Նրա էությունն է: Եվ Նրա սերը դրսևորվում է գործողությունների միջոցով: Այսպիսով, Նա հրավիրում է քեզ, որ դու նույնպես սովորես գործողությունների միջոցով արտահայտել քո սերը մյուսների հանդեպ:
Հովհաննես 21.16 խոսքում Տեր Հիսուսը հարցնում է Պետրոսին. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ» (Հովհաննես 21․16)։
Չեմ կարծում, որ Տեր Հիսուսն այս հարցով նպատակ էր հետապնդում Պետրոսի մոտ մեղավորության կամ անհարմարության զգացում առաջացնել՝ հիշեցնելով նրա ուրացումներն ու մատնանշելով Իր հանդեպ նրա սիրո պակասը: Ո՛չ, ես հավատում եմ, որ Նա ցանկանում էր օգնել Պետրոսին ավելի առաջ գնալ սերն ընկալելու և այն դրսևորելու հարցում։ Տերը նրան սովորեցնում էր սիրելու գործնական դրսևորումը, որն ակնկալում էր Պետրոսից․ «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին…»։
Տերը տեսնում էր Պետրոսի սիրտը և համոզված էր Աստծո հանդեպ նրա նվիրվածության ու սիրո հարցում։ Հենց այդ պատճառով էլ Նա կարող էր վստահել Պետրոսին նաև մարդկանց սիրելու ու խնամքի գործը:
Հենց նույն կերպ, քանի որ Տեր Հիսուսը գիտի Իր հանդեպ քո նվիրյալ սիրո մասին և քանի որ տեսնում է քո նվիրվածությունն Իր հանդեպ, Նա քեզ նույնպես ուղարկում է հոգ տանելու մյուս մարդկանց համար:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ զարմացիր իմ խոսքերի վրա, որ ասացի՝ Տեր Հիսուսը ուղարկում է քեզ, որ ցույց տաս Իր սերը մյուսներին: Եթե դու սիրում ես Նրան, ապա Տերը ցանկանում է, որ դու Իր ձեռքերում դառնաս օրհնության մի հզոր գործիք՝ քո խոսքերով և արարքներով, որը Նա կօգտագործի այս աշխարհում Իր համար սիրելի մյուս մարդկանց կյանքերում աստվածային փոխակերպում բերելու նպատակով:
Գուցե քեզ անարժա՞ն ես տեսնում նման պատվավոր առաքելության համար։ Գուցե մտածո՞ւմ ես, թե դեռ ինքդ կարիք ունես օգնության և հավատքի կյանքում ամրանալու։ Ամեն դեպքում, ուզում եմ քաջալերել քեզ, որ չվախենաս։ Եղի՛ր հավատարիմ ու կարգապահ, և Նրա սերը քո մեջ կաճի ու Նրա Սուրբ Հոգին Ի՛նքը կառաջնորդի քեզ:
Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ Դու Քո սերը հեղեցիր իմ սրտի մեջ: Ես ուզում եմ, որ Քո այդ սքանչելի սերը բխի իմ ներսից ու հայտնի դառնա իմ շրջապատի մարդկանց: Դու եկել ես նեղության մեջ լինողների համար, որ նրանք փրկվեն, բժշկվեն և ազատագրվեն: Թո՛ղ բոլորը կարողանան տեսնել Քեզ իմ մեջ և իմ արարքների միջոցով: Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:
Մարդիկ Աստծու սիրո կարիքն ունեն։ Դարձի՛ր Նրա սերը բխող աղբյուրներից մեկը։ Քո շրջապատի մարդիկ քո կարիքն ունեն․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը