October-28

Գլխավոր | Հրաշքներ | Դու զորավոր ներուժ ունես

Դու զորավոր ներուժ ունես

Սիրելի՛ բարեկամ, երեկ խոսեցինք այն մասին, որ քո կյանքն աննպատակ չէ։ Նախքան քո լույս աշխարհ գալն Աստված արդեն որոշել էր քո կանչվածությունը և քեզ օժտել այն իրականացնելու համար անհրաժեշտ որակներով, տաղանդներով և ներուժով։ Այսօր Տերն ուզում է, որ ընդունես Իր ծրագրերը քո կյանքի համար և դառնաս Նրա սիրո և օրհնությունների հեղման միջոցը քո շրջապատի մարդկանց համար՝ անկախ նրանից, թե ֆիզիկապես այս պահին որտեղ ես գտնվում։

Ամեն առավոտ Աստված քեզ մի նոր օր է նվիրում, դատարկ մի էջ, որը դու պետք է լցնես քո մտքերով, քո խոսքերով և արարքներով։ Եվ շատ կարևոր է, որ այս ամենի մեջ թույլ տաս, որ Աստված Իր Խոսքով և Իր Հոգով առաջնորդի քեզ։ 

Չգիտեմ, թե ինչ կարծիք ունես ինքդ քո մասին, բայց քեզ կյանք պարգևող Տերը ամենագետ և ամենակարող Աստված է։ Նա քո կյանքի մեջ մի արտասովոր ներուժ է դրել: Դու չես էլ կարող պատկերացնել, թե ինչե՜ր կարող ես անել այս կյանքում, եթե միայն գործես Աստծո նախանշած ծրագրով և մտերիմ հարաբերություն ունենաս քեզ կյանք պարգևած Տիրոջ հետ։ Քո կյանքն իրական աստվածային պարգև է: Դու պետք է քո ամեն օրվա յուրաքանչյուր պահը վստահես Աստծուն, որպեսզի կարողանաս սովորել, թե ինչպես վարվել տվյալ իրավիճակում, որպեսզի ամեն օր ավելի ու ավելի նմանվես Նրան:

Իսկ ի՞նչը քո կյանքում կուզեիր անել Տեր Հիսուսի նմանությամբ։ 

  • Սիրել, ինչպես Տերն էր սիրում… անվերապահ, անպայմանական ու անսահման խորը սիրով։
  • Դիպչել մյուսների կյանքերին, ինչպես Տերն էր դիպչում․.. մեղմությամբ և հարգանքով:
  • Խոսել այնպես, ինչպես Տերն էր խոսում… ճշմարտությամբ և զորությամբ:
  • Աղոթել այնպես, ինչպես Տերն էր աղոթում… իշխանությամբ և հավատքով:
  • Տալ և ներդրվել այնպես, ինչպես Տերն էր դա անում… առատաձեռնությամբ և կարեկցանքով:
  • Վարվել այնպես, ինչպես Տերն էր վարվում… ներողամտությամբ և սիրով:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե այս ամենը քեզ անհնարին ու անհասանելի մի բան է թվում․․․ Մարդու համար՝ այո՛, դա անհնարին է։ Բայց չէ՞ որ Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած մարդկանց մեջ Աստծո Սուրբ Հոգին է բնակվում։ Սուրբ Հոգով ամեն ինչ հնարավոր է դառնում հավատացյալի կյանքում: 

Ես գրեթե ամեն օր «Քո հրաշքը ամեն օր» ուղերձների ունկնդիրներից վկայություններ եմ ստանում, որտեղ նրանք պատմում են, թե ինչպիսի՜ զորավոր կերպով է Աստված գործում նրանց կյանքում։ Նրանք պատմում են, որ եղել է ժամանակ, երբ նրանց համար մեր ուղերձները դարձել են Տեր Աստծուց ուղարկված քաջալերանքի և մխիթարության խոսքեր։ Իսկ այժմ մի ժամանակ մխիթարության կարիք զգացողները նվիրվել են Աստծուն ծառայելուն և իրենք են միջոց դարձել մյուսների կյանքում Աստծո սիրո և հոգատարության դրսևորումների համար: 

Ինձ հատկապես ուրախացնում են այն վկայությունները, երբ մարդիկ գրում են, որ սկսել են մասնակցել եկեղեցական հավաքույթներին, գտել են աստվածավախ հոգևոր առաջնորդներ, որոնք Աստվածաշնչի հիմքի վրա կայուն հոգևոր սնունդ են նրանց մատուցում, և բացահայտել են մի նոր կյանք, որը լի է քաղցրությամբ և որտեղ ամեն բանից առաջ փնտրում են Աստծո կամքն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը։

Այնքա՜ն կուզեմ, որ մի օր էլ դու գրես ինձ քո փոխակերպված կյանքի վկայությունը։ Աստված ուզում է քեզ տեսնել որպես Իր առաքելության մի մասնիկը՝ Իր օրհնության և սիրո հեղման միջոցը: 

Այսօրվանից սկսած մինչև Տեր Հիսուսի վերադարձը կամ մինչև այն օրը, երբ կկանգնես Նրա առջև, ԱՅՈ՛ ասա Նրա բոլոր ծրագրերին: Նվիրվի՛ր հոգևոր կյանքին որպես իրական քրիստոնյա, որը ձգտում է ապրել ըստ Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքների։ Դարձի՛ր զգայուն Նրա Խոսքի և Նրա Հոգու հանդեպ։ Եվ թող քո բոլոր օրերը լցված լինեն Տեր Աստծո ներկայության քաղցրությամբ ու զորավոր կերպով բացահայտեն այն ներուժը, որը Տերը դրել է քո թանկ ու պատվական կյանքի մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: