August-26

Գլխավոր | Հրաշքներ | Դու Քրիստոսով ամբողջական ու կատարյալ ես դարձել

Դու Քրիստոսով ամբողջական ու կատարյալ ես դարձել

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ հիշեցնել քեզ, որ Աստված Քրիստոսի մեջ քեզ տեսնում է ամբողջական ու կատարյալ: Անշուշտ, նայելով մեր կյանքին՝ անկումներին ու տկարություններին, դժվար է ասածին անմիջապես հավատալը։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոսին հավատացող մարդկանց կյանքում մեղքերի ներումն ընդունելը արմատապես փոխում է մեր կարգավիճակը Տեր Աստծո աչքերում։

«Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց» (Կողոսացիս 2.14

«Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշելու» (Եբրայեցիս 10.17

Քո մեղքերը ոչ թե պարզապես ծածկվում են Քրիստոսի արյունով․․․ Դրանք ոչ թե տարվում են հեռու մի տեղ ու թաքցվում կամ թաղվում խորը հողի խորը շերտի տակ․․․ Եվ ո՛չ էլ մնում են Տիրոջից մեզ տրված արդարության սպիտակ բեհեզի տակ։ Ո՛չ։ Քրիստոսի խաչի զոհի շնորհիվ և մեր ապաշխարության պարագայում մեր բոլոր մեղքերը ջնջվում են, վերանում, և Աստված այլևս երբե՛ք չի հիշում, որ մենք նման մեղքեր ենք գործել։ Այսպիսով, թեև մենք դեռևս տկար ենք ու հիշում ենք մեր անցյալը, սակայն Քրիստոսի մեջ Տեր Աստծո աչքերում մենք ամբողջական ենք ու կատարյալ։ 

Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև մեկ պատարագով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց [Յուրաքանչյուր հավատացյալի հասցնելով հոգևոր ամբողջականության և հասունության]»: (Եբրայեցիս 10.14, AMP)

Եվ որքան հավատարիմ մնանք Տեր Հիսուսի Խոսքին, որքան սիրենք Աստծո կամքը և ամեն ջանք գործադրենք այդ կամքին հնազանդվելու համար, այնքան կատարյալ ու ամբողջական ենք մնալու Նրա մեջ, Ով մեզ սիրեց և Իր կյանքը դրեց հանուն մեր մեղքերի ներման, հանուն մեղքի իշխանությունից մեր ազատագրման և հանուն մեր վերջնական ու ամբողջական փրկության…

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այն օրից ի վեր, երբ դու ընդունեցիր Տեր Հիսուսին որպես քո կյանքի Տեր և Թագավոր, դու Տեր Աստծո աչքին ամբողջական ես ու կատարյալ։

Եվ այս փաստը ոչ մի կապ չունի քո կարողությունների, տաղանդների կամ բարի գործերի հետ… Ո՛չ։Պարզապես, Տեր Հիսուսը խաչի վրա գամեց քո բոլոր մեղքերը և դրա դիմաց քեզ փոխանցեց Իր կատարելությունը՝ Իր անբիծ ու անարատ բնույթը:

Եթե միա՜յն գիտակցենք ասվածի ողջ կարևորությունն ու մեծությունը հավիտենության մեջ, ապա ինչպիսի՜ երախտագիտություն ու գովաբանություն կբխի իմ և քո շուրթերից։ 

Ե՛կ միասին գովաբանենք Նրան գոհության այս աղոթքով․ «Տե՛ր, որքա՜ն հիասքանչ ես Դու: Շնորհակալ եմ, որ երբ հավատացի Քեզ ու ապաշխարեցի այս աշխարհի կործանարար ընթացքից, Դու ներեցիր իմ բոլոր մեղքերը, ջնջեցիր դրանք ու այլևս չես հիշում։ Իմ աղտոտված հանդերձների փոխարեն Դու ինձ Քո արդարության սպիտակ բեհեզը հագցրիր։ Շնորհակալ եմ, իմ բարի և ողորմած Աստվա՛ծ։ Խնդրում եմ՝ օգնիր ինձ, որ կարողանամ ապրել Քո կամքի մեջ և ուրախացնելով Քո սիրտն իմ որոշումներով, վարքագծով ու գործերով։ Ես գիտեմ, որ ոչ մի բանով չեմ վաստակել, արժանի չեմ և չէի էլ կարող արժանի լինել այս մեծ ողորմությանն ու շնորհին, որ անում ես ինձ։ Քո սերն իմ հանդեպ անըմբռնելիորեն մեծ է, և ես միայն կարող եմ գոհանալ ու երախտապարտ մարդու կյանք ապրել Քո առջև։ Շնորհակալ եմ, իմ Տե՛ր։ Սիրում եմ Քեզ և պաշտում եմ իմ ամբողջ սրտով։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: