August-1

Գլխավոր | Հրաշքներ | Շարունակի՛ր առաջ ընթանալ

Շարունակի՛ր առաջ ընթանալ

«Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես, Քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ» (Սաղմոս 23․4

Սիրելի՛ բարեկամ, մեր երկիրը լեռնոտ երկիր է։ Շատերս ենք տեսել բարձր լեռներ ու խորը ձորեր։ Հայաստանում նեղ ու խորը ձորեր կան, որոնք նույնիսկ ցերեկը արև գրեթե չեն տեսնում և ողջ օրը ստվերի մեջ են։ 

Երբեմն մենք մեր կյանքում ստիպված ենք լինում անցնելու նման խորը ու նեղ ձորերով։ Մեր կյանքը նման ժամանակներում շատ նման է առանց արևի լույսի նեղ ու քարքարոտ մի ընթացքի։ Նման իրավիճակների անբաժան ուղեկիցները անորոշությունն ու վախն են։ Թվում է, թե անգամ Աստծո հետ մեր ունեցած կապն է լինում խաթարված, և մենք չենք տեսնում անգամ օգնության հնարավոր ուղիներն ու խնդիրների լուծման որևէ հույս։

Սաղմոս 23.4 խոսքը կարող է այսօր խոսել քո սրտին։ Այն ասես ասում է․ «Եթե դու էլ այսօր մահվան ստվերի ձորով ես անցնում, չար բանից մի՛ վախեցիր։ Աստված քեզ չի լքել, եթե անգամ դու Նրան չես տեսնում։ Անկախ քո կյանք այցելած խավարից՝ վատ լուրերից ու անհույս թվացող իրավիճակներից, հույսդ դ՛իր Տեր Աստծուց եկող օգնության վրա և շարունակի՛ր առաջ ընթանալ»։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, գտի՛ր մեկին, ով կաղոթի քեզ հետ միասին և քեզ համար։ Եթե քո շրջապատում չկա նման մարդ, ապա կարող ես գրել ինձ, և մեր եկեղեցու աղոթքի թիմը կաղոթի, որպեսզի Աստված քեզ հանի քո կյանքի մահվան ստվերի ձորից և առաջնորդի դեպի Իր Որդու զարմանահրաշ լույսի Արքայությունը։ 

Երբե՛ք չհանձնվես։ Երբե՛ք թևաթափ չլինես։ Շարունակի՛ր առաջ քայլել քո կյանքի նեղ ու խորը ձորերի միջով։ Դրանք չեն կարող անվերջանալի լինել։ Ձորերը անվերջանալի են այն մարդկանց համար, ովքեր մնում են այդտեղ ու առաջ չեն ընթանում։ Աստված քեզ հետ է։ Նա կուղղորդի քո քայլերը, եթե ականջ դնես Սուրբ Հոգու ձայնին և Աստվածաշնչի ցուցումներին։ Հմտացի՛ր աղոթքի կյանքի և Աստվածաշնչի ընթերցանության մեջ։ Մտերմացի՛ր Տեր Աստծո հետ։ Փնտրի՛ր Նրան քո ամբողջ սրտով և անպայման մի օր կգտնես Նրան։

Այսօր հատուկ աղոթում եմ, որպեսզի Աստված բացահայտի քեզ Իր ողորմությունն ու շնորհը այն խավարի մեջ, որին հանդիպել ես քո կյանքի ընթացքի մեջ։ Աղոթում եմ նաև, որ դու չթուլանաս, չհուսահատվես ու չընկճվես քո կյանքի այս մութ ժամանակաշրջանի պատճառով։ Շարունակի՛ր առաջ ընթանալ։ Շարունակի՛ր քայլել: Երբե՛ք չդադարես Աստծուն վստահելուց: Տեր Աստծու օգնությամբ և ուղղորդմամբ շարունակի՛ր առաջ շարժվել: Եվ ես հավատում եմ, որ շուտով դուրս ես գալու այդ նեղ ու ստվերոտ ձորից ու հայտնվելու ես քո կյանքի լուսավոր բարձունքների վրա։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: