Սիրելի՛ բարեկամ, կարո՞ղ ես անզեն աչքով տարբերել երկու փոքրիկ զատիկների: Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Սակայն դրանք բոլորը տարբեր են: Նրանց գույնը, չափը, բծերի քանակը՝ 2-ից մինչև 22-ը թևերի վրա: Յուրաքանչյուրն ունի իր տարբերակիչ հատկանիշներն ու առանձնահատկությունները: Յուրաքանչյուրն ունի այն փոքրիկ առանձնահատկությունը, որն իրեն յուրահատուկ է դարձնում, որը մենք՝ մարդիկս, առաջին հայացքից ունակ չենք ընկալելու: Սակայն կա Մեկն, Ով լավագույնս գիտի Իր ստեղծած յուրաքանչյուր արարածի ցանկացած առանձնահատկություն՝ այդ թվում նաև իմ և քո առանձնահատկությունները։
«Որովհետև Դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում»: (Սաղմոս 139․13):
Ինչպես փոքրիկ զատիկների դեպքում, այնպես էլ շատ մարդկանց պարագայում, նրանք, ովքեր չեն ճանաչում այդ մարդկանց, չգիտեն, թե ինչն է նրանց այդքա՜ն առանձնահատուկ դարձնում Տեր Աստծո աչքերում: Եվ երբեմն, նույնիսկ այդ մարդիկ չգիտեն իրենց առանձնահատուկ լինելու մասին: Այնուամենայնիվ, Աստված մանրակրկտորեն նախագծել է…
- Քո հասակն ու կազմվածքի առանձնահատկությունները,
- Քո մազերի, աչքերի ու մաշկի գույնը,
- Քո ձեռքերի ու ոտքերի չափը և այլն։
Եվ Նա երբե՛ք սխալ չի գործել ու երբևէ չի սխալվում։ Գուցե երբեմն մոռանում ես այս ճշմարտությունը և դժգոհում ես քո արտաքինից: Գուցե աշխարհի չափանիշները քեզ մոտ գեղեցկության այլ ընկալում են ստեղծել և մտածում ես մի քանի սանտիմետր ավելի բարձրահասակ, ավելի մկանոտ, ավելի նեղ քթով կամ ավելի քիչ գանգուր մազերով լինելու մասին: Կամ էլ դրանց ճիշտ հակառակը․․․
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ նրանից, թե քեզ դուր է գալիս այն, ինչ տեսնում ես հայելու մեջ, թե ոչ, դու Աստծո ստեղծագործությունն ես: Ընդունի՛ր և հավատա՛ այս ճշմարտությանը քո ողջ էությամբ: Թույլ մի՛ տուր, որ քեզ հարվածեն թշնամու ստերը, ով սիրում է քո ականջին փսփսալ ու կրկնել, որ դու ոչ մեկն ես, և որ աշխարհն ավելի լավը կլիներ առանց քեզ: Դա ոչ միայն քո, այլև քեզ կյանք պարգևած Աստծո դեմ ուղղված կեղծիք է և սուտ։
Հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ, որ առանձնահատուկ և սքանչելի կերպով ես ինձ ստեղծել: Դու տեսնում ես, որ երբեմն դժվարանում եմ ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Ես խնդրում եմ, որ օգնես ինձ ընկալել ինձ այնպիսին, ինչպիսին Դու ես ինձ տեսնում, այլ ոչ թե մարդիկ, և հասկանալ այն արժեքը, որն ունեմ Քեզ մոտ: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»:
Լուսավոր և ուրախ օր եմ մաղթում քեզ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը