Սիրելի՛ բարեկամ, գուցե այսօր քո կյանքում մի շրջան է, որը նման է Դավիթ թագավորի բնորոշմանը, երբ անցնում էր «մահվան շուքի ձորով»… Նման պահերին մարդը, սովորաբար, հուսալքված է լինում և հաճախ այսպիսի մտքեր է ունենում. «Ամեն բան ավարտված է, ամեն բան սառել է, վերականգնման հույս չկա, ապրելու իմաստ անգամ չեմ տեսնում․․․»։
Նմանատիպ դժվար ժամանակներում Տերը ուզում է քեզ հետ միասին անցնել կյանքի տառապանքների ու անկենդանության այդ հովտով, ինչպես դա արեց Եզեկիելի պարագայում. «Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ, և Նա ինձ դուրս հանեց Տիրոջ Հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքն էր ոսկորներով։ Եվ ինձ պտտեցրեց նրանց վրա չորս կողմը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին և ահա շատ չոր էին։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, Դու գիտես»։” (Եզեկիել 37․1-3)։
Այս հատվածում Աստված հարց է ուղղում Եզեկիելին. «Այս ոսկորները կարո՞ղ են կենդանանալ»։ Նույն կերպ այսօր Նա քեզ է հարցնում, «Հավատո՞ւմ ես, որ քո կյանքի անշունչ ոլորտներն ու անկենդան հարաբերությունները՝ այդ ոսկորները, կարող են կենդանանալ։ Հավատո՞ւմ ես, որ Ես կարող եմ հրաշք գործել քո կյանքում»։
Երբ Աստված նմանատիպ հարց է ուղղում, Նա դա չի հարցնում, որպեսզի պատասխանն իմանա, այլ որպեսզի մենք սկսենք խորհել դրա շուրջ։ Աստված տեղյակ է քո կյանքի իրավիճակների ու քո հոգեվիճակից։ Նա գիտի, որ դու մահվան շուքի ձորով ես անցնում՝ արցունքների ու տրտմության միջով…
Մենք սահմանափակ արարածներ ենք, մեր տեսադաշտը սահմանափակ է, մեր հասկացողությունը սահմանափակ է։ Բայց Աստծո համար օտար բան չէ այն, ինչի միջով ցավով անցնում ես.
- Վատ ու սարսափելի լուրեր։
- Ճակատագրական դատավճիռ։
- Հիվանդության անկանխատեսելի ախտորոշում։
- Դժվարություններ ամուսնական հարաբերություններում։
- Երեխաների հետ խնդիրներ կամ խնդիրներ նրանց կյանքում։
- Եվ այլն։
Բայց Աստված ամենայն մանրամասնությամբ տեղյակ է քո իրավիճակից։ Նա ուզում է քեզ հետ միասին անցնել տրտմության այս հովիտով և քո ձեռքից բռնած քեզ անցկացնել մահվան շուքի ձորով։ Նա տեսնում է քո արցունքները, Նա լսում է քո աղաղակը։ Երբ այլևս ոչ մի ելք չկա, թույլ տուր, որպեսզի Աստծո Խոսքը քաջալերի քեզ… քեզ համար կա՛ հույս, կա՛ ապագա, կա՛ աստվածային մի ծրագիր, որը քո պատկերացումից վեր է։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսպիսով, երբ հուսահատությունն է պատում քեզ, նետվի՛ր Տեր Հիսուսի ոտքերի առաջ և աղոթիր․ «Տե՜ր, միայն Քեզ է ամեն բան հայտնի։ Շնորհակալ եմ, որ Դու ինձ համար լուսավոր ապագա, հրաշքներ և հույս ես պատրաստել։ Ես վստահո՛ւմ եմ Քեզ։ Ես Քո մեջ եմ իմ հանգիստը գտնում, որովհետեւ գիտեմ, որ սիրում ես ինձ և հոգ տանում ինձ համար։ Ցո՛ւյց տուր ինձ, խնդրում եմ, թե ինչպես վարվեմ այս ծայրահեղ դժվար իրավիճակում և ուժ տուր ինձ Քո կամքին անմնացորդ հնազանդվելու համար։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Այո՛, Աստված ամե՛ն բան գիտի։ Ես հրավիրում եմ քեզ հուսալ Աստծո այն խոստումներին, որոնք նկարագրված են Եզեկիելի մարգարեության 37-րդ գլխում։ Թող որ մեր բարի Աստծու կատարյալ խաղաղությունը լցվի քո սրտի մեջ և Քո միտքը Տիրոջ բարության վրա կենտրոնացած լինի ողջ օրվա ընթացքում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը