March 28

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞ւմ վրա է կառուցվում քո կյանքը

Ո՞ւմ վրա է կառուցվում քո կյանքը

Սիրելի՛ բարեկամ, հավատում եմ՝ ծանոթ ես աստվածաշնչյան այն խոսքին, որ Հիսուսն է գլխավոր անկյունաքարը։ Տեր Հիսուսի ժամանակներում ցանկացած կառույցի մեջ գլխավոր անկյունաքարը կամ հիմնաքարն այն քարն է, որը դրվում էր կառույցի հիմքում և անկյունաձև կտրված լինելով, ապահովում էր հիմքի ամրությունն ու հետագայում նաև պատերի կայունությունը։ Այն չափազանց կարևոր քար էր, քանի որ այն ժամանակներում չկային երկաթբետոնե կառուցվածքներ։ Գլխավոր անկյունաքարը իր վրա էր կրում մնացած բոլոր քարերը, որոնք հավասարաչափ դրվում են հենց այս քարի վրա, որն էլ որոշիչ դեր է խաղում ողջ կառույցի հավասարակշռության և ամրության հարցում։ Առանց այս քարի անհնար էր ապահովել շինության կառուցումը։ 

Տեր Հիսուսը նաև Եկեղեցու կառույցի գլխավոր անկյունաքարն է, թեև Նա մերժված էր կառուցողների կողմից։ Նա այն քարն էր, որն ընդունված չէր դպիրների ու փարիսեցիների՝ կրոնավոր, բայց ոչ հոգևոր մարդկանց կողմից։ Նրանք ողջ օրը սուրբգրային ուսումնասիրությունների մեջ էին անցկացնում, բայց այդպես էլ չկարողացան զանազանել ամենակարևորն ու ամենաէականը, որ․․. 

  • Հոգևոր կյանքում ամենակարևորը Տեր Աստծո հետ անձնական հարաբերությունն է։ 
  • Տեր Հիսուսի հայտնությունը որպես Աստծո Որդի Աստծո սիրո և ողորմածության դրսևորումն է։ 
  • Հավատքի ամուր կյանք ունենալու համար այն պետք է կառուցվի Տեր Հիսուսի հիմքի վրա։

Նրանք կառուցում էին, բայց առանց ճշմարիտ հիմքի։ Տեր Հիսուսին անհնարին էր մերժելը, և, այդուհանդերձ, նրանք կարողանում էին անել դա։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք չմոռանաս այս կարևոր դասը։ Դու իրապես թանկ մեկն ես Աստծո համար: Քո ներսում անգին գանձեր կան՝ Աստված ծրագրեր ունի քո առնչությամբ, Նա պարգևներ ունի, որոնք հատուկ քեզ համար են, տաղանդներ և շատերի համար օրհնություն դառնալու քո առաքելությունը։ 

Բայց, որպեսզի այս գանձերը մի օր հարստացնեն ուրիշների կյանքերը, նախ քո կյանքը պետք է լինի ամուր հիմքի վրա կառուցված, ապահով ու կայուն։ Եվ այդ ամենն անհնար է առանց հավատքի կյանքի համար անհրաժեշտ գլխավոր անկյունաքարի։ Ես քաջալերում եմ քեզ, որպեսզի վերանայես կյանքդ ու այն կառուցես՝ ոչ թե սեփական պատկերացումների, մյուսների խորհուրդների կամ անգամ ոչ թե կրոնական ընկալումների հիմքի վրա, այլ ճանաչես Տեր Հիսուսին այնպիսին, ինչպիսին Աստվածաշունչն է Նրան ներկայացնում, հավատաս Նրան ու քո կյանքի կառույցի համար ընտրես այն Անկյունաքարը, որը շատերն են մերժել։ Նա՛ է մեր կյանքի ու ապագայի անկյունաքարը։ Առանց Նրա ոչինչ չենք կարող անել, իսկ Նրա հետ՝ անգամ անհնարինը դառնում է հնարավոր։ 

Եսայիա 28.16 խոսքում կարդում ենք. «Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա Ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա Նրան, խուճապի չպիտի մատնվի»։  

Կաղոթե՞ս ինձ հետ այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես խոստովանում եմ, որ երբեմն կարծում եմ, որ կարող եմ կառուցել կյանքս առանց Քեզ։ Եվ հուսահատվում եմ, երբ կյանքս չի ընթանում ըստ իմ ակնկալածի։ Ներիր ինձ, խնդրում եմ։ Շնորհակալ եմ, որ այսօր հիշեցրիր, որ Դու ես գլխավոր անկյունաքարը, և ոչ մի կառույց հարատև չի կարող լինել առանց Քո ամուր հիմքի։ Իսկ Քեզ հուսացած ոչ մեկը ամոթով չի մնա։ Ես ամբողջովին Քեզ եմ նվիրվում ու Քեզ եմ հանձնվում։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: