March 19

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք Աստված սիրո՞ւմ է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս

Արդյոք Աստված սիրո՞ւմ է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս

Սիրելի՛ բարեկամ, իմ հովվական ծառայության տարիներին շատ անգամ եմ հանդիպել մարդկանց, ովքեր ինձ ասել են այս խոսքերը. «Ես արժանի չեմ Աստծո սիրուն, ես վատն եմ, ես ինձ չեմ կարողանում ներել, ես բավարար չափով լավը չեմ, որ Աստված սիրի ինձ»։

Չգիտեմ՝ արդյոք դու նույնպես ունենո՞ւմ ես նման մտքեր, բայց կարող եմ ասել, որ հասկանում եմ այդպիսի զգացումներ ունեցող մարդկանց։ Ես ինքս շատ սխալներ եմ թույլ տվել իմ կյանքի ընթացքում, ցավեցրել եմ շրջապատիս մարդկանց և բոլորովին էլ լավ հիշողություններ չունեմ, երբ հիշում եմ իմ կյանքը նախքան հավատացյալ քրիստոնյա դառնալս։ 

Բայց Աստծո մասին ճշմարտությունն իմանալը իրապես ազատագրեց ինձ ինքնադատապարտության և ցածր ինքնագնահատականի ճիրաններից։ Ես հավատացի այն ամենին, ինչը գրված է Աստվածաշնչում ներման և իմ հանդեպ Տեր Աստծո սիրո մասին։ Ես հավատացի այն ճշմարտությանը, որ հին Արմանը իր մեղքի անցյալով հանդերձ մահացել է, և հիմա նոր Արման է ծնվել Աստծո Խոսքի անապական սերմից ու Աստծո Հոգուց։ Աստվածաշունչն օգնեց ինձ հասկանալ, որ ես չպետք է կատարյալ մարդ դառնամ, որպեսզի Աստված սիրի ինձ, այլ Աստված սիրում է ինձ հենց այնպիսին, ինչպիսին ես կամ։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամենավատ բանը, որ կարող է քեզ հետ պատահել, ինքդ քեզ Աստծուց հեռացնելն է վախի պատճառով, որը ծնվում է այն մտքից, թե իբր Աստված չի ցանկանում ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Երբ սկսում ես կարծել, թե արժանի չես Աստծո սիրուն ու ներմանը քո անցյալի պատճառով, ասես կասկածի տակ ես դնում մեղավորին սիրելու և մեղքեր ներելու Աստծո ունակությունը։

Տարբեր սուտ մտքեր ընդունելու փոխարեն մենք պետք է հավատանք Աստվածաշնչին։ Իսկ Աստվածաշունչն ասում է, որ միակ բանը, որն իրապես կարող է հեռացնել քեզ Աստծուց եղել և մնում է մեղքը։ Եվ խոսքը ոչ թե քո անցյալի մեղքերի մասին է, այլ՝ քո ներկայի մեղքերի։ Աստված չի կամենում, որ դու մի այնպիսի իրավիճակում ու հոգեվիճակում հայտնվես, որ քո կյանքում իշխի մեղքը՝ երբ մեղքը ատելու փոխարեն սիրում ես այն, զղջալու փոխարեն՝ արդարացնում ես քո կյանքի մեղքերը, և խոստովանելու ու ապաշխարելու փոխարեն, ծածկում ու թաքցնում ես դրանք։ 

Աստվածաշունչը Ա Հովհաննես 4.911 խոսքում սովորեցնում է. «Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ Նա մեզ սիրեց և Իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք»։ 

Որպես Աստծո զավակ քո ցանկությունը պետք է լինի Նրան հաճեցնելն ու Նրա կամքը կատարելը։ Եվ երբ բախվում ես քո կյանք այցելած մեղքին, ապա քո ամբողջ սրտով դարձի՛ր դեպի քո երկնային Հայրը, խոստովանի՛ր այն Աստծուն և խնդրի՛ր Նրան, որ ների քեզ։ Եթե մեղքը խոստովանելուց և ներում խնդրելուց հետո սրտումդ ունենաս ապաշխարության որոշում, որը ներառում է այդ մեղքն այլևս չգործելու որոշումը, ապա կարող ես անկաշկանդ կերպով ընդունել Աստծո շնորհն ու հեռու վանել դատապարտության ցանկացած զգացում։ Աստված հավատարիմ է և միշտ պատրաստ է ներելու ապաշխարող մարդու մեղքերը (տե՛ս Ա Հովհաննես 1.9 խոսքը)։ 

Հորդորում եմ քեզ չընկնել հետևյալ մտքերի թակարդի մեջ. 

  • «Աստված չի հավանում ինձ, չի ընդունում ինձ ու այն ամենն, ինչ անում եմ»։ 
  • «Արդյո՞ք Աստված ինձ սիրում է այնպիսին, ինչպիսին ես կամ»։ 
  • «Եթե Աստված ամեն բան իմանար իմ մասին, ապա հաստատ չէր սիրի ինձ»։ 

Երբ Աստված ներում է, Նա ներում է կատարելապես։ Եթե մոտենաս Նրան և խոստովանես մեղքերդ, Նա երբե՛ք չի մերժի քեզ ճիշտ այնպես, ինչպես անառակ որդու պատմության մեջ հայրը նրան գրկաբաց ընդունեց։ 

Քո երկնային Հայրը սիրում է քեզ մի սիրով, որը կախված չէ, քո ինչպիսին լինելուց։ Նրա սերը քո հանդեպ անսահման մեծ է։ Այսօր քաջալերում եմ քեզ ստության մտքերին տեղ տալու փոխարեն հայացքդ ուղղել վեր և քո բոլոր մեղքերի համար Տիրոջից ներում խնդրել ու ներված սրտի ուրախությամբ շարունակել առաջ ընթանալ հավատքի կյանքում։ 

Այլևս երբե՛ք թույլ չտաս, որ մեղքը հեռացնի քեզ Աստծուց։ Նրա սերը քո հանդեպ չունի նախապայմաններ։ Իսկ ապաշխարությունը քո կյանք է բերում Աստծո ներումն ու բարեհաճությունը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: