Սիրելի՛ բարեկամ, չգիտեմ, թե ինչպես է քո դեպքում, բայց ես հաճախ եմ խորհրդի կարիք զգում։ Գրեթե ամեն օր իմ կյանքում ես բախվում եմ կարևոր որոշումներ կայացնելու խնդրին, որոնք վերաբերվում են իմ ընտանիքին, ծառայությանը, մարդկանց հետ հարաբերություններին և անգամ «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներին։ Եվ ես այս ամենի մեջ Աստծո առաջնորդության և ուղղորդության կարիքն եմ զգում։ Ամեն անգամ ես իմ պատասխանները կամ որոշում կայացնելու հարցում կարևոր սկզբունքները գտնում եմ Աստծո Խոսքի փոխանցած սկզբունքների մեջ։ Դա տեղի է ունենում աղոթքի, Աստծո Խոսքի շուրջ մտորումների և Տիրոջ ներկայությունը փնտրելու շնորհիվ։ Այդ ուղղորդումը կարող է գալ նաև Աստծո Խոսքի սկզբունքներով ներշնչված մեր ընկերների շնորհիվ։
Մեր կյանքի ընթացքի մեջ երբեմն մենք հասնում ենք որոշ հանգուցային խաչմերուկների, որտեղ պետք է որոշում կայացնենք, թե ո՞ր ուղին ենք ընտրելու։ Պետք է ա՞ջ թեքվենք, գուցե ձա՞խ, գուցե սպասե՞լ է պետք կամ, ընդհանրապես, հետ շրջադարձ անե՞լ․․․ Անորոշությունը որոշում կայացնելու հարցում անհանգստության ու վախի զգացում է ծնում մեր մեջ։ Այդ զգացողությունը նման է նրան, որ անծանոթ տեղանքում անջատվում է քո մեքենայի GPS ուղղորդման համակարգը և դու մոլորվում ես․․․
Ընդունի՛ր քաջալերանքի աստվածաշնչյան այս խոսքը, որը իմ ու քո կյանքի հիմքն ու բանալին է․ «Դո՛ւ ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, Իմ աչքը քեզ վրա կլինի»։ (Սաղմոս 32.7,8):
Աստծո համար թանկ ու սիրելի՛զավակ, Աստված ՔՈ ապաստանն է։
- Նա կպահի ու կպաշտպանի ՔԵԶ։
- Նա կուղղորդի ՔԵԶ ճիշտ ճանապարհի վրա։
- Նրա սիրող աչքը ՔԵԶ վրա է։
- Նա երբեք չի թողնի, որ ԴՈՒ մոլորվես։
- Նա գիտի, թե ո՛ւր պետք է գնաս և ինչպե՛ս կարող ես հասնել այնտեղ։
Ամեն ժամանակ քո հարցերը տա՛ր Աստծո առջև և ժամանակ հատկացրո՛ւ Նրան լսելու համար։ Ժամանակ առանձնացրո՛ւ, որպեսզի լռության մեջ կարողանաս լսել այն ամենն, ինչն Աստծո սիրտը փափագում է փոխանցել քո սրտին։ Մի՛ վախեցիր։ Աստված խոստացել է, որ ցույց կտա քեզ ճիշտ ճանապարհը։ Նա ավելի լավ կուղղորդի քեզ կյանքի ուղիներում, քան ցանկացած GPS համակարգ։ Աստված կդառնա քո կյանքի լավագույն ընկերն ու ուղեկիցը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը