February-19

Գլխավոր | Հրաշքներ | Աստված հոգ է տանում քեզ համար

Աստված հոգ է տանում քեզ համար

Սիրելի՛ բարեկամ, Աստծո հետ քո ընթացքի ամեն փուլն ունի իր բաժին արցունքները։ Դրանք կարող են լինել թե՛ երջանկության արցունքներ, և թե՛ վշտի կամ անասելի պայքարի արցունքներ։ Մեր ապրած ամեն օրը յուրահատուկ է, և մեր կյանք է բերում նոր իրադարձություններ, զգացողություններ և նաև նոր մարտահրավերներ։

«Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետրոս 5.6-7)

Սակայն անկախ այն բանից, թե ինչ է ինձ և քեզ սպասվում այսօր, մենք որպես Քրիստոսի աշակերտներ մի զորավոր խոստում ունենք․ Աստված մեզ հետ է մեր կյանքի ցանկացած իրավիճակում: Եվ դեռ ավելին՝ Նա պատերազմում է մեզ համար։ Եթե դու հավատացել ես Նրան և որոշում ես կայացրել ապրելու Նրա աշակերտի կյանքով, ապա անգամ եթե այսօր բախվել ես քո կյանքի ամենամեծ մարտահրավերին ու խնդիրներին, ապա կարող ես վստահ լինել, որ Նա ներկա է, քո կողքին է և քեզ հետ է քո դժվարության ու նեղության մեջ։ Նա խոսելու է քեզ հետ, քեզ ճանապարհ է ցույց տալու և ուղղորդելու է։ Դու չես սայթաքի։ Դու չես հանձնվի, չես պարտվի ու չես կործանվի։

Երբ հիասթափությունը սկսում է թակել քո մտքի և հոգու դուռը, ուշադիր եղի՛ր, որ երբեք չբացես այդ դուռը նրա առջև։ Մենք պետք է անհասանելի լինենք հուսահատության համար, քանի որ մեր հույսն Աստված է՝ մեր կյանքերի հավատարիմ Տերը, Ով երբեք մեզ հուսախաբ չի անում, եթե միայն մենք ինքներս չհեռանանք Նրա կամքին հնազանդվելու ապահովության տիրույթից։ Աստված քո Հայրն է և մշտական պաշտպանը։ Նա երբեք չի հոգնում ու դադար չի առնում։ Երբ դու կանչում ես Նրան, վստահ եղի՛ր, որ նա երբեք քեզ չի անտեսի։ Նա լսում է քեզ։

Միակ պատնեշը․․․ միակ խոչընդոտը, որը կարող է խանգարել, որպեսզի Աստված լսի մեզ ու օգնի մեր կյանքի դժվարության պահին, դա մեր իսկ գործած մեղքերն են, որոնք դեռ չեն ներվել մեր Տեր Աստծո կողմից։ Եսայիա մարգարեն հենց այս մասին է խոսում․ «Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի» (Եսայիա 59․1-2):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, մեր երկնային Հայրը մեզ սիրում է անսահման սիրով։ Նա ամեն բան հոգացել է քեզ համար։ Նա մշտապես հոգ է տանում քեզ համար։ Նա քո կողքին է ամեն վայրկյան։ Եվ անգամ հոգ է տարել, որպեսզի դու կարողանաս հեռացնել քո և Նրա հաղորդակցության ճանապարհին ակռա մեղքի խոչընդոտները։ Այդ հոգևոր պատնեշները վերացնելու միջոցը մեր մեղքերը Աստծո առջև խոստովանելու և դրանք այլևս չգործելու որոշում կայացնելն է։

Հովհաննես առաքյալը մեզ սովորեցնում է հետևյալ կարևորագույն ճշմարտությունը․ «Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․8-9):

Աստված քեզ հետ լինելու խոստում ունի։ Նա քո Պաշտպանն է։ Նա տիրում է քո կյանքում։ Այսօր քաջալերում եմ քեզ՝ որոշում կայացրու և վերացրու քո և քո Աստծո միջև առկա բոլոր պատնեշներն ու խոչընդոտները։ Նա հոգ է տանում քեզ համար։ Նա սպասում է քեզ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: