Սիրելի բարեկա՛մ, այսօր ավարտում ենք Աստծո Արքայությունն ու արդարությունը փնտրելուն նվիրված շարքը։ Եվ ուզում եմ քեզ մի հարց ուղղել՝ իսկ դու սրտումդ վստահ ու համոզվա՞ծ ես, որ Աստված առատաձեռն ու կարեկից Տեր է:
Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):
Հավատա՛… կա ավելին, քան կարող ես պատկերացնել: Աստծո օրհնությունները սահմանափակ չեն և չեն սպառվում։ Միշտ կա ավելին։ Հավատո՞ւմ ես․․․ Հավատո՞ւմ ես, որ Աստծո նախատեսած ապահովությունը, երջանկությունն ու երազանքները քո կյանքի համար չեն սպառվել ու դեռևս գալու են քո կյանք: Կա ավելին․․․ Կան օրհնություններ, որոնք ճանապարհին են․․․
«․․․ավելիով ձեզ կտրվի» արտահայտության մեջ «ավելիով» բառը նշանակում է առատությամբ կամ կրկին ու կրկին։ Տեր Հիսուսը Իր Արքայությունն ու արդարությունը փնտրողների համար ամեն օր ավելի շատ խաղաղություն, ավելի շատ ուրախություն և ավելի շատ արդարություն է պատրաստել։ Նա ավելի շատ կյանք է լցնում այն մարդկանց առօրյայի մեջ, ովքեր որոշում են սիրել Աստծո կամքն ու իրենց կյանքերում հաստատել այդ կամքի գերիշխանությունը։ Եվ Տերը այս և շատ այլ օրհնություններ հավատարիմների կյանք է ուղարկում ավելիով։
Եփեսացիս 3․20 խոսքում կարդում ենք. «Բայց Նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում․․․»։
«Առատությամբ» բառը հունարեն բնագրում «perissos» բառն է: Այն կրում է սպասվածից ավելի իմաստը: Ահա և բարի լուրը. Աստված ավելին է մտադիր անել քո կյանքում, քան միայն քո կարիքներին ու հոգսերին արձագանքելը։ Նա ուզում է լիուլի լցնել քեզ Իր օրհնություններով ու քաղցր ներկայությամբ, Իր սիրով և Իր կյանքով։ Մի անպատմելի ժառանգություն կա, որ պահված է միայն Աստծուն սիրող ու Նրան հավատարիմ զավակների համար։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հավատա՛, որ քեզ համար է այդ սքանչելի ժառանգությունը։ Ավելին կա քեզ համար՝ քո ընտանիքի, քո ամուսնության, քո ուսման, քո առողջության և քո կյանքի մյուս բոլոր ոլորտների համար այն ժառանգության մեջ, որը քո երկնային Հայրը առանձնացրել է հե՛նց քեզ համար։
Գաղատացիս 4․6-7 հատվածում կարդում ենք․ «Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ Իր Որդու Հոգին ուղարկեց, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր»։ Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի, ապա նաև ժառանգ Աստծու միջոցով»։
Ո՞րն է քո ժառանգությունը։ Հավիտենական կյանք, սակայն ոչ միայն։ Նաև խոստումներ այս կյանքի համար։ Եթե միայն փնտրես Աստծո Արքայությունը և Նրա արդարությունը, ես ավելի քան վստահ եմ, որ Աստված լիարժեք կգործի քո կյանքում։ Աստված կարո՛ղ է հոգալ քո կյանքի բոլոր կարիքներն ու հոգսերը։ Նրանն է ամենը և Նա՛ է տիրում այս տիեզերքում։
Այսօր բացի՛ր քո սիրտը Նրա առջև․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը