January-20

Գլխավոր | Հրաշքներ | Աստծուն տրամադրվող ժամանակը պետք է լինի առաջնային․․․ ?

Աստծուն տրամադրվող ժամանակը պետք է լինի առաջնային․․․ ?

Սիրելի՛ բարեկամ, դժվա՞ր է արդյոք քեզ համար, քո ընտանեկան կյանքի և բազմաթիվ աշխատանքային կամ ծառայության պարտականությունների մեջ, ծրագրել ժամանակդ այնպես, որ ժամանակ ունենաս Աստծո հետ հաղորդակցվելու համար: Եթե այո, ապա ուզում եմ ասել, որ Աստծո Խոսքը լուծում ունի քո խնդրին, որը նաև Աստծուն հավատացող ու Նրան սիրող բազմաթիվ հավատացյալ մարդկանց խնդիրն է։ 

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ իմաստուն խորհուրդը, որը Տեր Հիսուսն է մեզ փոխանցում. «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6․33

Յուրաքանչյուր Աստծո օր իր մեջ նոր սկիզբ ունի և Աստծո ողորմությունը ստանալու նոր հնարավորություն: Ահա թե ինչու է շատ կարևոր, որպեսզի մենք օրը սկսենք Տեր Աստծո հետ հաղորդակցությամբ։ Մեր օրվա առաջին պահերը՝ այն, թե ինչպես ենք մեր օրը սկսում, հիմնականում որոշում է նաև, թե ինչի վրա ենք կենտրոնացած լինելու ողջ օրվա ընթացքում։ 

Մեր Տերը հստակ խոստում է տալիս, որ եթե ես և դու նախ փնտրենք Տիրոջը, Նրա կամքը և Նրա Արքայությունը, ապա դրան կհետևի մնացած ամենը, ինչի կարիքն ունենք՝ աստվածային ապահովումը, աստվածային հոգատարությունը, պաշտպանությունը, իմաստությունը, խորաթափանցությունը, ստեղծագործելու կարողությունը և այլն։

Իրականությունն այն է, որ մենք չափազանց զբաղված ենք չաղոթելու համար: Բոլոր այն ծրագրերը, որոնք մենք փափագում ենք իրականացած տեսնել, բոլոր խոստումները, որոնք Աստված տվել է մեր ընտանիքներին, բոլոր հույսերը, որոնք մենք տածում ենք մեր ամուսնական կյանքի հանդեպ կամ Աստծո Արքայության առումով․.. դրանք մեր կյանք կարող են մուտք գործել միայն առողջ ու կանոնավոր աղոթքի կյանքի պարագայում, երբ մենք ներկայացնում ենք մեր խնդրանքներն ու դժվարություններն Աստծուն մեր ամենօրյա աղոթքների մեջ։

Առանց Աստծո, ես կարող եմ վազել, մեծ ջանքեր ներդնել և քրտնաջան ու հոգնելու աստիճան աշխատել, սակայն երբեք չեմ լինի իրապես արդյունավետ ու իմ ջանքի պտուղներով բավարարված: Իսկ Աստծո հետ ես կարող եմ արդյունավետ ու պտղաբեր կյանք ունենալ։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, շրջապատի՛ր քեզ այնպիսի մարդկանցով, ովքեր բացահայտել են աղոթքի կյանքի գաղտնիքներն ու կարող են առաջնորդել քեզ Աստծո հետ իրական հաղորդակցության խորությունների մեջ:

Եվ ամեն բանից առաջ հիշի՛ր, որ Աստծո Արքայությունը խնդրել նշանակում է ճանաչել Նրա կամքը, խնդրել Նրա կամքը և հնազանդվել Նրա կամքին երկրի վրա այնպես, ինչպես հրեշտակներն են հնազանդվում Աստծո կամքին Երկնքում։ Չէ՞ որ հենց սա էր սովորեցնում Տեր Հիսուսը աշխարհի ամենահայտնի աղոթքի՝ Տերունական աղոթքի մեջ (տե՛ս Մատթեոս 6․9-10 հատվածը)։

Աստված սպասում է քո անկեղծ սրտի զրույցներին։ Ամեն օր առավոտյան, ամեն բանից առաջ ժամանակ հատկացրու և քո բոլոր հոգսերն ու կարիքների մասին տեղեկացրու քո Երկնային Հորը… Նա սիրում է քեզ։ Նա հետաքրքրված է քեզնով։ Եվ Նա փափագում է քեզ հետ հաղորդակցվելուն։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: