Սիրելի բարեկա՛մ, մենք շարունակում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքը։
Գուցե այնպիսի զգացողություն ունես, ասես քո կյանքի ինչ-որ ոլորտում փակուղու մեջ ես հայտնվել։ Ուզում եմ քեզ քաջալերել աստվածաշնչյան մի հատվածով, որը Պողոս առաքյալն ուղղել է հռոմեացիների հավատացյալներին․
«Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս» (Հռոմեացիս 5․3-4)։
Իրականում, դժվար է փառք տալ Աստծուն նեղությունների մեջ և, առավել ևս, պարծենալ այդ նեղություններով։ Երբ ձախողում ենք ինչ-որ կարևոր քննություն, մեր երեխաներից մեկը բացահայտ որոշում է կայացնում ապրելու սխալ կյանքով, կամ հիվանդությունն է ներխուժում մեր կյանք․․․ Նման պահերին իսկապես կուզենայինք պատասխանել Պողոս առաքյալին և ասել, որ տվյալ պահին մենք շատ հեռու ենք լինում մեր նեղություններով պարծենալուց։
Իրականում, երբ ընտրում ես նեղությունների ընթացքում տոկունությամբ համբերելը (աղոթքով, սիրո և ներողամտության մեջ, կոչման ու հավատքի մեջ հարատևելը), ապա Հայր Աստված ու Նրա հրեշտակներն են պարծենում քեզնով։
Երբ հնազանդությամբ ու տոկունությամբ անցնում ես նեղություններով և հավատքի շնորհիվ հետ վերադարձնում հաղթանակդ, Տերը շարունակում է քեզ ասել․ «Իմ սիրտն ուրախ է, որ քեզ նման զավակ ունեմ»։
Երբ բազմաթիվ փորձություններից ու պայքարներից հետո քո հույսը մնում է անսասան և դու վստահ ես լինում, որ Տեր Աստված քեզ երբեք մենակ չի թողել, ապա քո ընթացքին ականատես վկաների մի հոծ բազմություն երկնքում ցնծում է քեզ համար և քեզ հետ միասին։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, քո տոկունությունը քո հավատքի ապացույցն է, և որքան էլ այն այսօր փոքր թվա քեզ, հիշի՛ր, որ այն բավարար զորություն ունի, որպեսզի քաջալերի նաև քո շրջապատի մարդկանց իրենց նեղությունների մեջ չհանձնվելու հարցում։ Նաև նեղությունների մեջ մյուսների համար օրինակ լինելով է, որ մենք կատարում ենք Աստծո Արքայության դեսպանի պատվավոր առաքելությունը։
Հիշի՛ր, որ Աստված քեզ հետ է ամեն իրավիճակում, ինչպիսին էլ լինի իրավիճակդ։ Նա քեզ հետ է։ Երբե՛ք թևաթափ չլինես և երբե՛ք չհանձնվես։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը