Ժամանակը մեր ամենաթանկ ռեսուրսն է: Երբ այն խելամտորեն տնօրինենք ու կառավարենք, ապա դա կարող է հիանալի միջոց դառնալ առողջ ամուսնության, ջերմ ընտանեկան հարաբերությունների և Աստծո հետ մտերիմ ընթացք ունենալու համար:
Այնուամենայնիվ, մեզ հազվադեպ են սովորեցնում ժամանակի ճիշտ կառավարման հմտությունները։
«Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողներից մեկը գրել էր, որ հիասթափություն է ապրում, քանի որ չի կարողանում ժամանակ տրամադրել այն ամենին, ինչը կարևոր է համարում։ Օրինակ, առավոտյան աղոթքին և օրը Տիրոջ հետ սկսելուն, որպեսզի լսի Աստծո Խոսքը նախքան իր առօրյա գործերին անցնելը:
Գուցե դու էլ մինչ այսօր մշտապես ասել ես ինքդ քեզ, որ շատ կուզեիր ժամանակ գտնել, որպեսզի ավելի շատ կարդայիր Աստվածաշունչը, հոգ տանեիր քեզ կամ կարևոր որևէ մեկի համար, ժամանակ անցկացնեիր ընտանիքիդ կամ ընկերներիդ հետ․․․, բայց ունես մի կյանք, որը հագեցած է մինչև վերջին վայրկյանը, լի կարևոր գործերով ու զբաղվածությամբ, իսկ ամեն մի րոպեն արժեքավոր է քեզ համար:
Աստվածաշնչում կարդում ենք այս տողերը․ «Սովորեցրո՛ւ մեզ, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք» (Սաղմոս 90.12):
Լավ նորությունն այն է, որ մենք կարո՛ղ ենք սովորել ժամանակի ճիշտ կառավարման հմտությունները: Դա բնածին տաղանդ չէ կամ էլ վերապահված չէ միայն նրանց, ովքեր բնականից կազմակերպված ու կարգապահ մարդիկ են: Ցանկացած մարդ կարող է դա սովորել և դառնալ կարգապահ ու կազմակերպված։
Իրականում, մեր ամբողջ կյանքն է կառուցված ժամանակի շուրջ: Եթե մենք չգիտենք՝ ինչպես օգտագործել այն, շուտով կհայտնաբերենք, որ մեր կյանքը վատնում ենք՝ բաց թողելով այն ամենն, ինչը կարևոր է և առաջնային:
Մենք չենք կարող որոշել, թե որքան ժամանակ ենք ունենալու այս երկրի վրա, բայց հենց մենք ենք որոշում, թե ինչպես ծախսել ժամանակի այն չափաբաժինը, որն Աստված է հատկացրել յուրաքանչյուրիս։ Այսպիսով, առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կփնտրենք տարբեր բանալիներ, որոնց շնորհիվ կսովորենք խելամտորեն կառավարել մեզ հատկացված ժամանակը։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին․ «Տե՛ր, սովորեցրու ինձ գնահատելու այն ժամանակը, որը հատկացրել ես ինձ և տնօրինելու իմ օրերը իմաստուն կերպով։ Մինչ այժմ ես ապրում էի կարծես ժամանակի հետ մրցավազքում՝ փորձելով իմ օրակարգի մեջ ինչ-որ կերպ տեղավորել իմ բոլոր գործերը և հետաքրքրությունները։ Բայց ես աղոթում եմ, որ այս շաբաթ Դու առաջնորդես ինձ դեպի այն իմաստությունը, որը կօգնի ինձ օգտագործելու իմ ժամանակը Քո կամքի և Քո նախանշած սկզբունքների համաձայն։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը