Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ ներկայացնել անցյալը բաց թողնելու մասին մի պատմություն, որը գրված է հոգևոր մի գրքում։
«Ներելու մասին պատգամ էի ներկայացնում, և ընդմիջման ժամանակ մի կին մոտեցավ ինձ ու ասաց․ «Դուք ասում եք՝ պարզապես ներե՞լ։ Ինչպե՞ս կարելի է պարզապես ներել այն մարդկանց,որոնք խորտակել են կյանքս»։ Տասը տարի առաջ նրա ամենամտերիմ ընկերուհին և ամուսինը փախել էին միասին ապրելու։ Նրա տեսանկյունից՝ իրեն դավաճանած և այդքան ցավ պատճառած մարդիկ շատ հանգիստ էին ապրում։ Գեղեցիկ տուն ունեին և շքեղ արձակուրդներ էին անցկացնում տարբեր վայրերում։ Նրանք երկուսն էլ որևէ կերպ ցույց չէին տալիս, որ զղջում են նման մեղք գործելու համար, և ոչ էլ որևէ քայլ էին անում այդ կնոջ հետ հաշտվելու համար։ Իսկ այդ խեղճ կինն ամեն օր վերապրում էր իր ցավն ու վերհիշում անցյալը, երբ ամեն ինչ այնքա՜ն հրաշալի էր։ Ցավալի էր, բայց այդ կնոջը թվում էր, թե այդ դառնությունն իր մեջ պահելով՝ նա ինչ-որ առումով վրեժխնդիր էր լինում նրանց հետ, մինչդեռ դա ուղղակի բազմապատկում էր նրա ցավը։ Դառնությունը ներսում պահելը նույնն է, թե թույն խմես և հույս ունենաս, որ ուրիշ մեկը կմահանա դրանից։
Ես նրան ասացի․ «Ես տեսնում եմ, որ դու տանջվում ես։ Բռունցքդ բարձրացրել ես վեր ու նրանց կողմ ես թափահարում, բայց Աստծո ձեռքը ամուր բռնել է քո դաստակից։ Դու նույնիսկ չես ուղղում ձեռքերդ դեպի Տերը, չես ընդունում Աստծո օգնությունը, բայց անգամ այդ պարագայում Նա չի թողնում քեզ։ Մյուս ձեռքդ էլ քեզ ներքև է քաշում, որովհետև կառչել ես քո անցյալից։ Ինչո՞ւ բաց չես թողնում անցյալդ և ամբողջ ուժով բռնվում Աստծուց։ Այն, ինչ հիմա անում ես, միայն ցավ է պատճառում քեզ»։
«Բայց դու չես հասկանում, թե ինչքա՛ն խորն են նրանք վիրավորել ինձ»,- ասաց նա։
«Նրանք շարունակում են վիրավորել քեզ,- ասացի ես,- ցավը դադարեցնելու համար Աստծո առաջարկած դեղամիջոցը ներելն է։ Երբ բաց թողնես անցյալը, այն այլևս քեզ վրա չի ազդի, այդ ժամանակ կկարողանաս ամուր կառչել քեզ այնքա՜ն շատ սիրող Հայր Աստծուց»։
Այդ կինը կարողացավ հրաժարվել անցյալից։ Հաջորդ առավոտ, երբ նա երգում էր եկեղեցու երգչախմբում, նրա ներքին փոփոխությունը նկատելի էր բոլորի համար»։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ես աղոթում եմ, որպեսզի Աստծո օգնությամբ դու նույնպես կարողանաս բաց թողնել անցյալի ցավերը և մոտենալ Աստծուն քո ողջ էությամբ։
Ահա՛ այսպիսին է Տեր Հիսուս Քրիստոսի խոստումը․ «Տեր Աստծու Հոգին Ինձ վրա է, որովհետև Տերն օծել է Ինձ՝ ավետիս տալու հեզերին, Ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կապյալներին» (Եսայի 61․1)։
Թո՛ղ օրդ լցված լինի Տիրոջ ներկայությամբ։ Թո՛ղ Տեր Աստծո խաղաղությունն ու սերը լցնեն քո սիրտը։ առաջարկում եմ լսել «Քրիստոնեական կենցաղավարություն․ ինչպե՞ս հաղթահարել վիրավորվածությունը» վերնագրով այս ուսուցումը։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը