Ընտրի՛ր-Քրիստոսի-հետ-կյանքն-ու-Նրա-կամքը-կատարելը

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞ւմ ես ընտրելու

Ո՞ւմ ես ընտրելու

Սիրելի բարեկամ, այսօր մեր երկրում ամենաշատ տրվող հարցը, ամենայն հավանականությամբ այսօրվա գրառման վերնագիրն է։ Վստահ եմ, որ քեզ նույնպես տվել են այս հարցը, եթե երբևէ մասնակցել ես որևէ ընտրության։

Ո՞ւմ ընտրել։ Մարդիկ բանավիճում են, քննարկում, քննադատում, փորձում ապացուցել սեփական թեկնածուի վստահելի լինելը և մյուս թեկնածուների ոչ այնքան վստահելի, իսկ երբեմն նաև ակնհայտ կործանարար լինելը։ Յուրաքանչյուրը, ով կողմնորոշվել է, փորձում է իր թեկնածուի կողմը քաշել նաև իր զրուցակիցներին։ «Ո՞ւմ ընտրել» հարցում կողմնորոշվածները իսկական որս են սկսում ընտրության հարցում չկողմնորոշվածներին իրենց կողմը քաշելու և իրենց ընտրազանգվածի մեջ ներգրավելու համար։ Այսպիսին են դեմոկրատական համակարգի ընտրական տեխնոլոգիաները։

Եկե՛ք տեսնենք, թե ինչ է ասում Տեր Հիսուսը այս աշխարհի որդիների մասին․ «․․․այս աշխարհի որդիները, իրենց նմանների հետ կապի մեջ լինելով, լույսի որդիներից ավելի հնարամիտ են» (Ղուկաս 16.8):

Այս աշխարհի որդիները լավագույնս տիրապետում են սեփական համոզմունքները քարոզելու արվեստին և սեփական թեկնածուի համար քվեարկողների բանակ հավաքագրելու տեխնոլոգիաներին։ Ինձ համար հետաքրքրական էր հետևել այսօր ավարտվող այս քարոզարշավին այն առումով, որ անկատար ու շատ անգամ ձախողված ու վատ անցյալի ու ներկայի համբավ ունեցող թեկնածուներին համակիրները ներկայացնում էին գրեթե աստվածային մի լույսի ներքո։ Եվ ժողովուրդը ոչ թե նայում է ծառին ու այդ ծառի տված պտուղներին, այլ խոսքերին ու խոստումներին։ Ժողովուրդը հմայված է այս աշխարհի որդիների խոսելու, խոստում տալու և համոզելու ունակություններով։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ուզում եմ միասին այսօր խորհենք՝ իսկ մենք՝ լույսի որդիներս, ինչո՞վ ենք զբաղված։ Եթե աշխարհի որդիները գովում ու գովաբանում են անկատար ու սխալական արարածներին և մարդկանց գրավում իրենց բանակի մեջ, ապա որքա՜ն առավել մենք կարող ենք գովալ ու գովաբանել կատարյալ ու անսխալական Տիրոջը մարդկանց առջև։ Խոսել Նրա արած գործերի մասին, Նրա սիրո, հոգատարության, Նրա բերած ապահովության ու սեփական կյանքի գնով մեզ համար պատրաստված հավիտենական կյանքի մասին։

Ինչո՞ւ հավատացյալները քարոզարշավներ չեն կազմակերպում։ Մենք արդեն իսկ կատարել ենք մեր ընտրությունը, սակայն կան բազմաթիվ չկողմնորոշվածներ։ Մենք տարին տասներկու ամիս պետք է քարոզարշավի մեջ լինենք։ Եվ քարոզարշավի հարցում կարո՛ղ ենք սովորել այս աշխարհի որդիներից՝ փողոցներում տեղակայված ցուցանակները, համացանցում տեղադրվող գովազդները, բրոշյուրներն ու թերթիկները, փողոցներում դրշներով ու բարձրախոսներով քայլող ակտիվիստները։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ մենք չպետք է մոտենանք մարդկանց՝ ծանոթ ու անծանոթ ու հարցնենք, թե իրենք կողմնորոշվե՞լ են արդյոք, թե ո՞ւմ են ընտրելու որպես իրենց կյանքի Տեր ու Փրկիչ։ Արդյոք Քրիստոսի՞ն։

Ես կատարել եմ իմ ընտրությունը։ Հավատում եմ, որ դու նույնպես։ Բայց արդյոք ես և դու լսում ենք մեր Տիրոջ Մեծ Հանձնարարությունը․ «Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.19-20):

Ե՛կ իմաստություն սովորենք այս աշխարհի որդիներից․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: