October 29

Գլխավոր | Հրաշքներ | Քո հանդեպ սիրուց դրդված…

Քո հանդեպ սիրուց դրդված…

«Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (‭‭Ծննդոց‬1․1‬

Սիրելի՛ բարեկամ, սա Աստվածաշնչի առաջին նախադասությունն է։ Հայերեն թարգմանության «Աստված» բառը եբրայերեն բնագրում «էլոհիմ» բառն է։ Եվ բավականին հետաքրքրական է, որ այն բնագրի տեքստում օգտագործված է հոգնակի թվով…

Ավելի ուշ, երբ Աստվածաշնչում նկարագրվում է մարդու արարումը, կարդում ենք. «Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք…» (Ծննդոց‬1․26‬)։ 

Նկատեցի՞ք, որ «մեր» բառը նույնպես հոգնակի թվով է գործածված։ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին գոյություն ունեն մի ամբողջ անսկիզբ հավիտենականություն։ Մեկ Աստված Աստվածաշնչում հանդես է գալիս երեք անձերի մեջ։ Սուրբ Գիրքը հստակ նկարագրում է Հայր Աստծուն, Որդի Աստծուն և Սուրբ Հոգի Աստծուն։ Սակայն, միաժամանակ, Աստվածաշունչը պնդում է նաև այն փաստը, որ Աստված մեկ է՝ միայն մեկ Աստված կա։ 

Այո՛, մենք կարող ենք ասել, որ «Աստված մեկ է»: Երեք անձերի միասնությունը և մեկությունը աստվածաբանները կոչում են Սուրբ Երրորդություն։ Այս հոգնակի եզակիության մեջ միշտ էլ գոյություն է ունեցել մի արտասովոր համախմբվածություն, մի անսահման խաղաղություն, անթերի մի միասնականություն և անսահման մի սեր։ 

Այդուհանդերձ Որդի Աստվածը բաժանվեց Իր կատարյալ ու հավերժական մեկությունից և մարմին հագավ ու բնակվեց մեր մեջ հանուն մեկ նպատակի, մեկ առաքելության՝ հանուն մարդկության փրկության։ Այո՛, հենց սա ենք կարդում Հովհաննեսի ավետարանի 3.16 խոսքում. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։  

Բայց այս բաժանումը անհրաժեշտ էր, որպեսզի մենք կարողանայինք կրկին միավորվել մեր Տեր Աստծո հետ։ Միաբանված Որդու հետ։ Հաշտված Հոր հետ։ Եվ լցված Նրա Սուրբ Հոգով։ 

Տեր Հիսուսը հանուն իմ և քո փրկության անցավ ցավի, տառապանքի, անարգանքի ու ամոթի չարչարանքներով։ Նա Իր հետեւում թողեց ամեն բան, հրաժարվեց Իր դիրքից, իշխանությունից և ունեցած ամեն ինչից։ Նա հրաժարվեց երկնային փառքից ու գահից… բայց ոչ երբե՛ք՝ Իր սիրուց քո հանդեպ։ Նա նույնիսկ զոհաբերեց Իր միությունը Հոր հետ՝ հանուն Նրա հետ իմ և քո հաշտության։ Մատթեոսի 27.46 խոսքում կարդում ենք. «Իսկ իններորդ ժամին մոտ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ»։

«Ինչո՞ւ լքեցիր ինձ»։ Տեր Հիսուսի այս աղաղակը մի հարց է ծնում իմ սրտում. «Տեր Հիսուս, ինչո՞ւ հրաժարվեցիր երկնային փառքից»։ Եվ, ի պատասխան, լսում եմ Նրա մեղմ ձայնը.«Հանուն սիրո, հանուն սիրո, հանուն սիրո… հանուն քո հանդեպ իմ ունեցած անսահման մեծ սիրո․․․»։

Նա դա արեց ինձ և քեզ համար, որպեսզի Գողգոթայի խաչի վրա Իր զոհաբերության շնորհիվ կարողանանք Տեր Աստծուց ընդունել ներում, ունենանք հաշտություն Նրա հետ և մեկանանք մեր երկնային Հոր հետ։ Աստծո Որդին Իր զոհաբերության ու Հորից բաժանվելու շնորհիվ բոլոր Իրեն հավատացողներին մոտեցնում է Աստծուն և որդեգրման արդյունքում դարձնում Նրա զավակները։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, միայն պատկերացրու՝ դու երկնային Հոր սիրելի զավակն ես․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: