«Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։ Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ․․․ Ահա Ես եմ քեզ ուղարկում» (Դատավորաց 6․12-16)։
Սիրելի՛ բարեկամ, եթե տատանվում ես Տիրոջը ծառայելու հարցում․․․, եթե քեզ անարժան կամ անկարող մեկն ես տեսնում Տիրոջ հանձնարարած առաքելության մեջ ներգրավվելու համար, ապա ճիշտ և ճիշտ Գեդեոնի նման ես մտածում։ Եվ Տեր Աստծու կողմից Գեդեոնին ուղղված խոսքերն ընդունի՛ր նաև որպես քեզ ուղղված խոսքեր։ Աստված հատուկ առաքելություն ունի քեզ համար։ Նա կանչում է քեզ, Նա ուղարկում է քեզ և Նա քեզ հետ է։
Աստված չի պահանջում, որ դու կատարյալ լինես։ Նա ակնկալում է, որ դու անկեղծ կլինես։ Աստված մարդկանց չի ընտրում հաջողվածության, կարողության կամ ուժեղ լինելու` այս աշխարհի չափանիշներով։ Անկախ քո անցյալից, քո կարգավիճակից, քո հմտություններից և քո տկարություններից ` Աստված ընտրում է քեզ, եթե սիրում ես Նրան և պատրաստ ես մինչ ի մահ հավատարիմ մնալ Նրան և Նրա Խոսքին։ Նրա ձեռքը ուղեկցելու է քեզ, որպեսզի օգնի քեզ իրականացնելու Իր կամքն այս երկրի վրա:
Քո կյանքի իրադարձություններն ու հանգամանքները, փորձություններն ու դժվարությունները կարող են դառնալ հնարավորություններ և մի զորավոր կամուրջ դեպի այն ապագան, որը լի է հույսով թե՛ քեզ համար և թե՛ քո միջոցով՝ քո շրջապատի մարդկանց համար:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք ու երբե՛ք չվախենաս։ Տերը քեզ հետ է լինելու, եթե դու Նրան ու Նրա Խոսքին հավատարիմ կյանք ապրես։ Երբե՛ք ու երբե՛ք չթերագնահատես քեզ։ Քեզ նայելիս Տերը ո՛չ թե քո անցյալի կամ ներկայի տկարություններն է տեսնում, այլ ապագայի զորավոր հաղթանակները, որոնց հասնելու ես Նրա զորության և Նրա առաջնորդության շնորհիվ։ Եվ եթե դու կրում ես քո մեջ Աստծո սերն ու լույսը, ապա քո կյանքն, անկասկած, կսկսի ազդեցություն թողնել և փոխակերպել քեզ շրջապատող մարդկանց կյանքերը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը