Հավատքի մարդիկ չեն նայում երևույթին, այլ, ճշմարտության համար, դիմում են Աստծու Խոսքի օգնությանը։
Սիրելի՛ բարեկամ, մարդիկ սովորություն ունեն միմյանց գնահատելու։ Այս մարդը լավ մարդ է, իսկ այն մյուսը՝ վատ։ Այս մարդը շատ բան է արել իր ընտանիքի ու երկրի համար, իսկ այն մյուսն ավելի լավ է` ընդհանրապես հեռու մնար մյուսների կյանքի վրա ազդեցություն ունենալուց, որովհետև, վնասից բացի, ոչինչ չի թողել որպես ժառանգություն։
Իսկ ինչպիսի՞ն է քո ինքնագնահատականը։ Ինչպիսի՞ արժեք ունես դու մարդկանց և Աստծու աչքերում։ Եվ ինչպե՞ս ես ձևավորել քո անձի ինքնագնահատականը։
Այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մի պատմությամբ։ Հայրը որդուն մի հին մեքենա է նվիրում։ Որդին ուզում է իմանալ մեքենայի իրական արժեքը և այն տանում է մեքենաների հետ գործ ունեցող տարբեր մարդկանց մոտ։ Նախ, նա այցելում է մեքենաների օգտագործած պահեստամասեր վաճառողներին։ Նրանք բավականին ցածր գին են առաջարկում, քանի որ այդ մեքենան այնքան հին է լինում, որ դրա պահեստամասերի պահանջարկ գրեթե չի լինում։
Հիասթափված իր մեքենայի համար առաջարկված գնից՝ երիտասարդը գնում է էժան և օգտագործված մեքենաներ վերավաճառողների մոտ։ Առաջարկված գինը կրկին բավականին ցածր է լինում, և տղան հիասթափված վերադառնում է հոր մոտ։ Իմաստուն հայրն առաջարկում է, որ որդին ևս մեկ տեղ այցելի մեքենայի իրական արժեքը ճշտելու համար։ Նա տղային առաջարկում է գնալ հին ու արժեքավոր մեքենաների վաճառքով զբաղվող մի մարդու մոտ։
Որդին գնում և գտնում է այդ մարդուն։ Մեքենայի արտաքինն իդեալական չէր և բազմաթիվ տեղերում նորոգման կարիք ուներ, սակայն,մանրամասն զննումից հետո, այդ մասնագետի հնչեցրած գինն ապշահար արեց երիտասարդին։ Այն ավելի բարձր էր, քան ժամանակակից ու նոր շատ մեքենաների արժեքը։ Երիտասարդը մեծ ցնծությամբ վերադարձավ հոր մոտ։ Հայրը սպասում էր որդու նման արձագանքին և տվեց մի կարևորագույն խորհուրդ, որը վերաբերում էր տարբեր մարդկանց տված գնահատականներին։ Մարդը պետք է իմանա՝ ո՞ր գնահատականն է վստահելի ու արժանահավատ, իսկ ո՞րը՝ սխալ ու մոլորեցնող։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո իրական արժեքը կարող է որոշել միայն քեզ կյանք պարգևած Աստված։ Մարդիկ կարող են քեզ տարբեր պիտակներ կպցնել։ Անգամ քեզ ամենահարազատ մարդիկ կարող են քեզ խոսքեր ասել, իբր դու անարժեք ես, ոչ մի օգուտ չկա քեզնից, և դու քո կյանքում ոչ մի լուրջ բան չես արել ու ոչ մի լուրջ բանի էլ չես կարող հասնել։ Անգամ Աստծու թշնամին՝ սատանան, կարող է քեզ անարժեքության մտքեր ուղարկել՝ համոզելով քեզ, թե դու ոչ մեկին պետք չես, ու քո կյանքը ոչ մի արժեք չունի։
Այսօր առաջարկում եմ քեզ, որպեսզի չլսես ոչ մի կողմնակի գնահատականների, այլ քո իրական արժեքն իմանալու համար հարցնես քեզ ստեղծած Տիրոջը։ Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը յուրաքանչյուր մարդու արժեքի մասին, որը նա ունի Աստծու աչքերում։
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16 ՆՎԱԱ)։
Աստված մեզնից յուրաքանչյուրին գնահատում է այնքան, որ Իր Որդուն զոհեց Գողգոթայի խաչի վրա, որպեսզի մենք՝ Նրան հավատացողներս, չկործանվենք հավիտենական կորստով, այլ փրկվենք ու հավիտենական կյանք ունենանք մեր Տեր Աստծու հետ։
Դու թանկ ես ու սիրելի Տեր Աստծու համար։ Գիտե՞ս արդյոք քո իրական արժեքը։ Ո՞ւմ տված գնահատականին ես ավելի շատ վստահում՝ մարդկա՞նց, թե՞ Աստծու։ Հավատքի մարդիկ չեն նայում երևույթին, այլ ճշմարտության համար դիմում են Աստծու Խոսքի օգնությանը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը