March-4

Գլխավոր | Հրաշքներ | Փոքր սերմը կարող է մեծ ծառի վերածվել

Փոքր սերմը կարող է մեծ ծառի վերածվել

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Զորություն, որը կարող է փոխել աշխարհը» անվանումը։ 

Երբևէ աղոթե՞լ ես Աստծուն ու խնդրել ինչ-որ մեծ ու կարևոր մի բան, իսկ հետո որոշակի ժամանակ աղոթքիդ որևէ էական պատասխան չես ստացել։

Աստված հաճախ մեծ բաների համար մեր աղոթքներին պատասխանում է մեզ փոքր սերմեր պարգևելով: Այլ կերպ ասած, մեր խնդրած մեծ ծառի փոխարեն, Նա մեզ տալիս է այդ ծառի սերմը: Սա մեզ թույլ է տալիս, որպեսզի մեր հավատքը, բնավորությունն ու նվիրումն աճեն այդ սերմի հետ միասին:

Այսօր հորդորում եմ քեզ, որ երբե՛ք չարհամարհես փոքր քայլերը: Այս դարի մեծագույն գյուտերից շատերը ստեղծվել են առանձնահատուկ, բայց ոչ հայտնի մարդկանց կողմից իրենց ավտոտնակներում աշխատելիս:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջալերում եմ քեզ մնալ հաստատակամ և համբերատար ջրել ու խնամել Աստծո պարգևած փոքրիկ սերմերը:

Եթե դու հավատարիմ լինես Աստծուց քեզ վստահված փոքր բաների մեջ, ապա կտեսնես, որ դրանք աճում և մեծանում են: Աճի այս շրջանը քեզ ամուր արմատներ կպարգևի: Եվ երբ քո կյանք այցելեն հաջողությունն ու հաղթանակները, այդ ժամանակ բավականաչափ ուժեղ կլինես, որպեսզի ճիշտ դիմակայես դրանց բերած գայթակղություններին: Այո՛, չզարմանաս։ Աստված պատրաստում է քեզ հաջողվածության ու հաղթանակների գայթակղություններին դիմակայելուն։ Դրանք հոգևոր առումով ավելի վտանգավոր են, քան դժվարությունների բերած հիասթափությունները։

Քչի մեջ հավատարիմ լինելը մեզ համբերություն է սովորեցնում։ Աստվածաշունչը Հակոբոս 1․4 խոսքում հետևյալ ճշմարտությունն է մեզ փոխանցում․ «․․․համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք»։

Անշուշտ, քչի մեջ հավատարիմ լինելը հեշտ բան չէ։ Այն մարդուց պահանջում է կարգապահություն և կայացրած որոշումների մեջ հարատևություն։ Տեր Հիսուսը այս կարևորագույն սկզբունքը փոխանցեց Իր աշակերտներին․ «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ» (Ղուկաս 16.10):

Եթե միայն յուրացնես փոքր բաների մեջ հավատարիմ ու կարգապահ լինելու հմտությունը, Աստված քեզ մեծ բաներ կվստահի։ Աստված փնտրում է հավատարիմ աշակերտների, որպեսզի արդյունավետ ու ազդեցիկ մշակներ դարձնի Իր Արքայության համար։ Մեր Տերը լավագույն Ուսուցիչն է և հե՛նց այսպես՝ փոքր բաների մեջ հավատարմություն սովորեցնելով է կազմավորում յուրաքանչյուր իրական հավատացյալի: 

Եթե դու քեզ այսօր մոռացված ես զգում և կարծում ես, թե Աստծո ուշադրությունից դուրս ես մնացել, ապա մի՛ անհանգստացիր, այլ շարունակի՛ր քո հավատարիմ ընթացքը որպես Քրիստոսի աշակերտ: Աստված երբե՛ք քեզ չի լքի ու չի մոռանա։ Աղոթի՛ր, մնա՛ հավատարիմ փոքր բաներում և կտեսնե՛ս Աստծո խոստացած մեծամեծ օրհնությունները, որոնք Նա հրաշալի ու գերբնական կերպով կուղարկի քո կյանք: Քո կյանքի օրհնությունները երկար սպասել չեն տա, եթե սովորես փոքր քայլերի մեջ հավատարիմ մնալու դասը․․․ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: