Ցավոք, մեր շրջապատում բազմաթիվ մարդիկ կան, որոնք հայրական սխալ խնամք ու վատ վերաբերմունք են տեսել իրենց մանկության տարիներին։ Կան նաև մարդիկ, որոնք առանց հայրական ջերմության են մեծացել, քանի որ հայրը լքել է իրենց ընտանիքը կամ անժամանակ մահացել։ Նման մարդիկ դժվարություններ են ունենում Աստծո հայրական սերն ընկալելու և ընդունելու հարցում ու դժվարանում են թույլ տալ, որ Աստված սիրի իրենց Իր հայրական կատարյալ սիրով։ Մինչդեռ, հենց մեր երկնային Հոր սերն է մեր ազատագրությունների և բոլոր բժշկությունների բանալին։
Սիրելի՛ բարեկամ, Աստված մարդկությանը որպես Հայր հայտնեց Իրեն, երբ երկիր ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Ընթերցե՛նք Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը. «Եթե Ինձ ճանաչեիք, Իմ Հորն էլ ճանաչած կլինեիք։ Բայց այսուհետև ճանաչեցիք Նրան և տեսաք» (Հովհաննես 14․7)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամեն անգամ, երբ հանդիպում ես Տեր Հիսուսին, դու Հայր Աստծուն ես հանդիպում, որովհետև Աստված մեկ է: Այն ամենը, ինչը կատարեց Տեր Հիսուսը, մարդկությանը ցույց էր տալիս երկնային Հոր սիրտը՝ Նրա բարի և ողորմած, սիրող ու ներող, արդար ու սուրբ էությունը։ Տեր Հիսուսն Աստծու մարմնացումն էր այս երկրի վրա, և Նրա կյանքում ամեն բան տեղի էր ունենում Հայր Աստծու իշխանությամբ և Սուրբ Հոգու զորությամբ։
Ահա՛ ասվածի մի հրաշալի օրինակ. շնացող կնոջը Տեր Հիսուսը ներեց և Իր իմաստությամբ պաշտպանեց նրանցից, ովքեր մեղադրում էին նրան և կամենում էին քարկոծելով սպանել։ Այս պատմության մեջ շատ ուսուցողական և Տեր Աստծու բնույթը բացահայտող դրվագներ կան։ Տերն այս կնոջը ոչ միայն ներեց, այլև մի քանի խոսք ասելով՝ հայտնեց, որ չի հանդուրժելու նրա մեղքի կյանքը, չի մեղադրում այդ կյանքի համար, սակայն, որպես Իր ներման ու շնորհի արձագանք, նրանից ակնկալում է փոխված կյանք, սրբության ընթացք և Իր կամքին հնազանդություն։ Տերը բարձրացրեց ընկածին՝ առանց որևէ ցավ պատճառելու նրան։
«Այդժամ Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. «Ո՛վ կին, քեզ ամբաստանողները որտե՞ղ են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տե՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր» (Հովհաննես 8.10-11)։
Նրա աստվածային բնույթի դրսևորման մեկ այլ զորավոր օրինակ էր, երբ Տեր Հիսուսն Իր կյանքը զոհեց, որպեսզի մենք մեր երկնային Հոր հետ հաշտվելու և մտերմության հարաբերություն հաստատելու հնարավորություն ստանանք։
Այսօր քաջալերում եմ քեզ, որ առանց որևէ մտավախության մոտենաս Աստծուն, Ով ուզում է քեզ հայրություն անել։ Հիշի՛ր բոլոր այն ժամանակներն ու իրավիճակները, երբ քո կյանքում ակնհայտ կերպով տեսել ես Աստծու գործերն ու Նրա օգնող ձեռքը։ Եվ ամեն անգամ Նա օգնել ու ազատել է քեզ, խաղաղությամբ լցրել քո սիրտն ու բուժել մյուսների հասցրած վերքերը։
Իսկ հիմա ժամանակն է, որ դու դառնաս Նրա զավակը։ Աստված ուզում է լինել քո Հայրը քո կյանքի բոլոր օրերում։ Սակայն ոչ այնպես, ինչպես դու ես դա պատկերացնում, այլ այնպես, ինչպես Նա է ակնկալում։ Եվ Նա Իր հոգատարությամբ Իր Սուրբ Խոսքի մեջ մանրամասնորեն բացահայտում է, թե ինչպե՛ս է մարդը դառնում Իր զավակը, և թե ինչպիսի՛ որդիական կյանք ու նվիրում է Հայրն ակնկալում Իր զավակներից․․․
Ես իմ սրտում հիմա զգում եմ, որ դու հավատում ես Աստծուն․․․ Բայց նաև աղոթում եմ, որ փնտրես Աստվածաշնչի մեջ այն ճշմարտությունը, թե քո երկնային Հայրը ինչպիսի՛ կյանք է ակնկալում Իրեն հավատացող և Իրեն սիրող Իր զավակներից։ Փնտրի՛ր և կգտնես․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը