Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ անդրադառնալ մի կարևորագույն որակի և սովորության։ Դա մշտապես ուրախ սիրտ ունենալու որակն է։ Աստված Պողոս առաքյալի շուրթերով մեզ հետևյալ հորդորն է փոխանցում. «Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպպեցիս 4․4)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու հավատո՞ւմ ես, որ «միշտ» ուրախ լինելը հնարավոր է… Անշուշտ, այս մասին ավելի հեշտ է խոսել, քան այն իրագործել, հատկապես․․.
- Երբ քո կյանքում ոչինչ ծրագրվածի պես չի ընթանում,
- Երբ անցնում ես ցավոտ փորձությունների միջով,
- Երբ աղոթքիդ պատասխանը ուշանում է,
- Երբ ֆիզիկապես ու հոգեպես ցավ ու տառապանք ես ապրում,
- Եվ այլն։
Այո՛, դժվար է, սակայն անհնարին չէ։ Պողոս առաքյալը վերը բերված իր հորդորը գրել է բանտից։ Նա լավագույնս ծանոթ էր ցավին, հիվանդությանը, տառապանքին, դավաճանություններին, վտանգներին, մահվան մտքերին ու սպառնալիքներին, սովին, ցավին, ծեծվելուն, հալածվելուն և այլն։ Սակայն հե՛նց նա է հորդորում եկեղեցու անդամներին Տեր Հիսուսի մեջ մշտական ուրախություն ունենալուն, իսկ հետո ավելի հաստատելու համար իր հորդորը ևս մեկ անգամ ասում է «․․․դարձյալ ասում եմ՝ ուրախ եղե՛ք»։
Ինչպե՞ս է դա հնարավոր։ Կարծում եմ՝ գաղտնիքը «Տիրոջով» արտահայտության մեջ է։ Պողոս առաքյալը հասկացել էր, որ իր ուրախությունը աշխարհի անցողիկ հաճույքներից մեկը չէր։ Այն ո՛չ կախված էր իր ունեցվածքից կամ հարստությունից, ո՛չ փառքից կամ հեղինակությունից, ո՛չ էլ թշնամաբար տրամադրված մարդկանց կամ բարեկամ մարդկանց վերաբերմունքից… Նրա ուրախությունը կախված էր միայն Տեր Հիսուսի մեջ լինելու փաստից։
Նա սիրում էր Աստծուն և Տիրոջ կամքը կատարելը դարձրել էր իր կյանքի առաջնահերթությունը (տե՛ս Կողոսացիս 3․1-3 հատվածը)։
Ահա Պողոս առաքյալի ուրախության հիմքը.
- Նա չէր անհանգստանում՝ վստահ լինելով, որ Աստված կհոգա իր բոլոր կարիքները (Փիլիպեցիս 4․6)։
- Նա խաղաղ էր, որովհետև իր հայացքը կենտրոնացրել էր Տեր Հիսուսի վրա, այլ ոչ թե իր իրավիճակի (Փիլիպեցիս 4․7)։
- Նա լցված էր գոհունակությամբ՝ անկախ իր կյանքի դժվարություններից (Փիլիպեցիս 4․11-12)։
- Նա գիտեր, թե որտեղից է գալիս իր զորությունը՝ անգամ երբ շղթայակապ էր բանտում (Փիլիպպեցիս 4․11-12)։
- Նա գիտեր, որ Աստված կհոգա իր բոլոր կարիքները և երբեք իրեն չի լքի (Փիլիպպեցիս 4:19)։
Իսկ դու ուզո՞ւմ ես կյանքում ունենալ այս ուրախությունը, որը կախված չէ քո իրավիճակներից ու հանգամանքներից, այլ միայն ու միմիայն կախված է Տեր Հիսուսի հետ ունեցած քո հարաբերության ներկա ընթացքից։ Եթե այո, ապա կոչ եմ անում քեզ հե՛նց այսօր սկսել այդ ուրախությունը քո ներսում զարգացնելու ընթացքը։
Հարատև ուրախությունը չի գալիս միանգամից՝ մեկ ակնթարթում։ Այն զարգանում է Տեր Հիսուսի հետ քո մտերմությանը զուգահեռ։ Այդ ուրախությունը հասունանում է, երբ հասունանում է մեր սերը Տեր Աստծու և Նրա պատվիրանների հանդեպ։ Եվ զարգանալով ու հասունանալով՝ այդ ուրախությունը նաև աճում է ու կրակի պես զորանում, երբ մեր ներսում զորանում ու բորբոքվում է Աստծու կամքի մեջ ապրելու փափագը և Նրա առաքելությանը մասնակցելու նվիրումը։
Հայացքդ կտրի՛ր քո կյանքի խնդիրներից և ուղղի՛ր այն Տեր Հիսուսին։ Նա՛ է իրական ուրախության հեղինակը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը