October-28

Գլխավոր | Հրաշքներ | Ովքե՞ր են Աստծուն սիրող մարդիկ

Ովքե՞ր են Աստծուն սիրող մարդիկ

Այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Աստված պաշտպանում է Իր զավակներին» անվանումը և հիմնված է Սաղմոս 97․10-11 հատվածի ուսումնասիրության վրա։


«Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. Նա պահում է Իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար» (Սաղմոս 97:10-11

Սիրելի՛ բարեկամ, ինչպիսի՜ խոստում ամենակարող Տեր Աստծուց։ Այո՛, Աստված պաշտպանում է Իր զավակներին՝ Իր կամքը սիրողներին և Իր խոսքերի հանդեպ հավատք ունեցողներին։ Սակայն այսօր ուզում եմ ուշադրություն հրավիրել այս զորավոր խոստման պայմանի վրա․ «Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը․․․»։

Ովքե՞ր են Աստծուն սիրող մարդիկ։ Նրան շնորհակալության և գովաբանության խոսքեր ասողնե՞րը։ Գուցե այն մարդիկ, որոնք բարեգործություններ են անո՞ւմ։ Կամ ամեն կիրակի կանոնավոր կերպով եկեղեցի հաճախողնե՞րը։ Իսկ գուցե նաև այն մարդիկ, որոնք ասում են, թե անկախ իրենց ապրած կյանքից՝ իրենց սրտում անսահման սեր ունեն Տեր Աստծու հանդեպ․․․ Ովքե՞ր են Աստծուն սիրող մարդիկ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ի պատասխան այս կարևորագույն հարցի։ 

Ընթերցե՛նք Տեր Հիսուսի այս պարզ ու հասկանալի պատասխանը․ «Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները» (Հովհաննես 14․15

Տեր Աստծու հանդեպ սերը երևում է Նրա պատվիրանների հանդեպ մեր վերաբերմունքով։ Եթե միայն այսօր մեզնից յուրաքանչյուրը քննի իր վերաբերմունքը Տեր Աստծու պատվիրանների հանդեպ․․․ Եթե միայն մենք մեր ապրած կյանքով դառնանք Աստծուն սիրող Նրա զավակները, ապա հետևյալ զարմանահրաշ խոստումներն Աստվածաշնչից կսկսեն ամբողջ զորությամբ գործել մեր կյանքում։

«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն․․․» (Հռոմեացիս 8․28):

«Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին» (Հակոբոս 1․12):

«Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց Իրեն սիրողների համար» (Ա Կորնթացիս 2․9):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպես տեսնում ես, Տեր Աստծու խոստումները բոլոր մարդկանց համար չեն։ Աստված հատուկ շեշտում է Իր յուրաքանչյուր խոստումը ժառանգելու պայմանը։ Տերը սիրում է քեզ և մեծ փափագ ունի միջամտելու քո կյանքի ու քո իրավիճակների մեջ։ Նա՛ է այն Միակը, Ով կարող է իրական փոփոխություն բերել քո կյանքի մեջ և լուծել անլուծելի թվացող խնդիրներդ։

Այսօր հորդորում եմ քեզ հայացքդ կտրել քո խնդիրներից և ուղղել այն ամենակարող Աստծուն։ Նա քո երկնային Հայրն է և ուզում է օգնել դժվարության մեջ հայտնված Իր զավակին։ Եվ այդ օգնությունն ընդունելու համար դու պետք է դառնաս քո երկնային Հորը սիրող և Նրա կամքին հնազանդ զավակ։ Ընդամենը փոխի՛ր քո վերաբերմունքը Նրա պատվիրանների հանդեպ։ Սկսի՛ր ուսումնասիրել ու ճանաչել Աստծու կամքը քո կյանքի տարբեր իրավիճակների համար։ Որևէ քայլ անելուց կամ որոշում կայացնելուց առաջ աղոթքի մեջ հարցրո՛ւ Նրան․ «Տե՛ր, Դու հավանեցի՞ր իմ որոշումը կամ պահվածքը»:

Աղոթում եմ, որ Աստված այսօր նայի քո սրտին ու քո որոշմանը և երկնքից գովասանքի խոսքեր ուղղի քո հասցեին․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: