August-16

Գլխավոր | Հրաշքներ | Ոչինչը, բացարձակապես ոչ մի բան չի կարող քեզ բաժանել Քրիստոսի սիրուց

Ոչինչը, բացարձակապես ոչ մի բան չի կարող քեզ բաժանել Քրիստոսի սիրուց

Սիրելի՛ բարեկամ, ե՛կ այսօր փորձենք պատկերացնել, թե ինչպիսի սիրով է մեզ սիրում մեր երկնային Հայրը։ 

Պատկերացրու մի փոքրիկ, երկու կամ երեք տարեկան տղայի, որ անսպառ էներգիայով լի ուրախ վազվզում է ողջ տնով մեկ… և հանկարծ անզգուշաբար բախվում է սեղանին, շրջում է սեղանի վրայի թանկարժեք ծաղկամանը։ Այն շրխկոցով ընկնում է գետնին և ջարդուփշուր լինում, իսկ բյուրեղապակու հազարավոր կտորները ցաքուցրիվ են լինում ողջ սենյակով մեկ։

Հայրն, իհարկե, բարկանում է փոքրիկի վրա և, գուցե նաև, որոշակի պատժի արժանացնում, որպեսզի տղան հաջորդ անգամ ավելի զգույշ լինի, կամ գոնե հասկանա, որ իր արածը սխալ էր։ Սակայն արդյոք այս պատահարից հետո նրա հայրն ավելի քիչ կսիրի երեխայի՞ն։

Ո՛չ, իհարկե, ո՛չ։

Ե՛կ որպես շարունակություն մի անիրական սցենար պատկերացնենք․․․ Ասենք, պետության ներկայացուցիչները գալիս են տուն և ասում են, որ ուզում են հորից վերցնել այդ փոքրիկ տղային, քանի որ նա չարաճճի է, վնասում է տան ունեցվածքը և հաճախ է բարկացնում ծնողներին։ Համոզված եմ, որ երեխայի հայրն ամեն հնարավոր կերպերով կպայքարի, որպեսզի ոչ ոք ի վիճակի չլինի բաժանել իրեն և իր սիրելի որդուն։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, նույնը ճշմարիտ է նաև մեր՝ Տեր Աստծո զավակներիս պարագայում: Մենք չենք կարող ինչ-որ բան անել, ինչը կարող է բաժանել մեզ Աստծո սիրուց, եթե մենք ինքներս չորոշենք հեռանալ Նրանից: Ես հույս ունեմ, որ նման անմիտ որոշում երբե՛ք չես կայացնի, սակայն պարտավոր եմ զգուշացնելու նման հնարավորության մասին։ 

«Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհի հանդեպ սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում» (Հակոբոս 4․4):

Որպես կատարյալ Աստված մեր երկնային Հայրը սիրում է մեզ կատարյալ սիրով։ Եթե Նրա սերը կատարյալ ու անմնացորդ չլիներ, ինչպե՞ս կարող էր Նա ուղարկել Իր ամենաթանկին՝ Իր միածին Որդուն, որ մահանա հանուն մեզ, մեր մեղքերի ներման համար և հանուն մեր փրկության: Նա գիտեր մեր բոլոր մեղքերը, երբ ուղարկեց Իր Որդուն։ 

Տեր Աստծո հետ ունեցած հարաբերության հարցում խնդիրը մեր մեղքերը չեն: Ինչպես չարաճճի տղայի արարքները չեն կարող նրան բաժանել իր հոր սիրուց, այնպես էլ մեր մեղքերը ի զորու չեն դա անելու։ Խնդիրը մեր վերաբերմունքն է Աստծո հանդեպ։

Խնդիրը ոչ թե չարաճճի տղայի արարքներն են, այլ արդեն հասուն որդու որոշումը՝ հրաժարվել Հոր սիրուց և սիրել աշխարհն ու աշխարհի առաջարկած մեղավոր հաճույքները։ 

Ստորև բերված հատվածում Պողոս առաքյալը հենց այս մասին է խոսում։ Նրա համար չկար և չէր կարող լինել մի բան, որն ավելի կարևոր լիներ Աստծո հանդեպ իր ունեցած սիրուց։ Իսկ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն Աստծուն։ Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն աշխարհին և աշխարհի առաջարկած մեղքի հաճույքներին․․․

«Իմացիր, որ ոչինչ , ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (Հռոմեացիս 8.38-39

Այսօր աղոթում եմ, որ անմնացորդ կերպով վստահես Աստծուն, քո երկնային Հոր անվերապահ սիրուն: Դու Նրա զավակն ես: Նա ամեն բան արել է և ամեն բան անում է, որ մնաս Իր մոտ: Եվ Նա ամեն օր անհամբեր սպասում է, որ հայացքդ կտրես աշխարհի սիրուց և շրջվես դեպի քեզ անսահման սիրով սիրող քո երկնային Հայրը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: