Սիրելի՛ բարեկամ, տարբեր ժամանակներում մեր կյանք կարող են տարբեր ուժգնության փոթորիկներ այցելել։ Երբեմն դրանք կարող են այնպիսի ավերիչ ուժ ունենալ, որ դրանց հաղթահարելու հավատն է անգամ մարում մեր մեջ։ Նման պահերին անգամ աղոթքն է ասես անիրական դառնում, և խաղաղության մեր փնտրտուքները նման են դառնում անօգուտ աշխատանքի, որի արդյունքը ոչ միայն չի երևում, այլև որևէ նշան չենք տեսնում, որը թեկուզ անուղղակիորեն մեզ հույս ներշնչեր, թե երբևէ կարող ենք հաղթահարել մեր կյանք այցելած փոթորիկներն ու վերջապես վայելել խաղաղության հոգեպարար ընթացքը։
Եթե մարդն իր կյանքում երբևէ բախվել է իրական փոթորկի և եթե համարձակություն ունենա մի կողմ դնելու իր հոգևոր դիմակները, ապա պետք է համաձայնի, որ վերը նկարագրած իրավիճակը իրականությունից կտրված նկարագրություն չէ միայն։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ ճշմարտություն է նաև այն, որ մենք երբեք միայնակ չենք մնում մեր կյանքի փոթորիկներին դեմ հանդիման։ Աստված տեսնում է ամեն բան։ Եվ Նա մեր կողքին է, որպեսզի օգնի մեզ։
Նման պահերին մենք պետք է գիտակցենք Նրա ներկայությունն ու պարզապես բռնենք Տեր Աստծո կողմից մեզ ուղղված օգնության ձեռքը։ Մենք պետք է սովորենք վստահել Նրան և մեր կյանքի հոգսերը՝ մեր ուսերը կքած բեռները, կարողանանք հանձնել մեր Տեր Աստծուն։ Մեր կյանքի իրավիճակները միանգամից գուցե չփոխակերպվեն, բայց եթե միա՜յն սովորենք մեր հոգսերը Տիրոջը հանձնել, ապա կկարողանանք վերապրել Նրա պարգևած խաղաղությունը, քանի որ գիտենք, թե Ո՛ւմ ենք վստահել մեր խնդիրները։
Աստվածաշունչն ասում է․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վերհիշելով քո կյանքը՝ կարո՞ղ ես ասել, թե մինչև այժմ ինչ պտուղներ են տվել քեզ քո անհանգստություններն ու մտահոգությունները։ Բացի քո խաղաղությունը գողանալուց՝ ինչպիսի՞ հետևանքներ են դրանք թողել քո ներաշխարհի վրա։
- Մի՞թե անհանգստություններն ու տագնապները չեն խլել քո վստահությունը՝ պատնեշներ բարձրացնելով քո և սիրելիներիդ միջև։
- Մի՞թե անհանգստությունը չի ազդել քո որոշումների վրա՝ քեզ հասցնելով այնպիսի մի վիճակի, որ սկսես զղջալ քո ընթացքի համար։
- Մի՞թե անհանգստությունն ու տագնապը չեն վատթարացրել առողջությունդ ու լարման մեջ պահել նյարդային համակարգդ։
- Երբևէ ստացե՞լ ես որևէ դրական արդյունք անհանգստությունից ու տագնապից։
Սակայն քեզ համար բարի լուր ունեմ այսօր՝ Աստվա՛ծ Ինքն է քո խաղաղության աղբյուրը (Եփեսացիս 2․14)։
Խաղաղությունը պարզապես Աստծու կողմից տրվող մի զգացողություն չէ։ Խաղաղությունն Աստծու Էությունն է։ Տեր Հիսուսն ասաց․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27)։
Այսօր հավատքով ընդունի՛ր և մտքումդ պահի՛ր հետևյալը՝ Աստծո խաղաղությունը գալիս է խաղաղության Աստծուց։ Տերն Ինքը Խաղաղության Իշխանն է։
Առաջարկում եմ լսել «Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում (պատգամ Աստծո խաղաղության մասին)» վերնագիրը կրող այս պատգամը։
Ժամանակ տրամադրի՛ր այս ուսուցումը սրտանց ու հավատքով ընդունելու համար և ընդունի՛ր նաև Տեր Աստծո կողմից քեզ համար պատրաստված անսասան խաղաղությունը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը