May-23

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞րն է իրական հաջողությունը

Ո՞րն է իրական հաջողությունը

Սիրելի՛ բարեկամ, տարիներ առաջ ես իմ պատկերացումներն ունեի հոգևոր կյանքում և, հատկապես, Աստծուն ծառայելու մեջ հաջողված լինելու չափանիշների վերաբերյալ։ Ես կարծում էի, թե իմ ծառայության հաջողությունը չափվում է այն մարդկանց քանակով, որոնք իմ միջոցով Տիրոջ թողած ազդեցության շնորհիվ ապաշխարել են, դարձի են եկել կամ հոգևոր աճ են ունեցել: Ինձ թվում էր, թե որքան շատ մարդ ապաշխարեր ու նվիրվեր Աստծուն, այնքան հաջողված էր լինելու իմ ծառայությունը։

Աստծուն մտերմանալու իմ ընթացքին զուգահեռ փոխվեց նաև հաջողված ծառայության վերաբերյալ իմ ընկալումը։ Ավետարանը միլիոնավոր կյանքեր է փոխել համացանցի կիրառության շնորհիվ։ Սակայն մի հարց կա, որ Աստծուն ավելի շատ է հուզում, քան ապաշխարող մարդկանց քանակը։ Իհարկե, մեր երկնային Հոր փափագն է, որ աշխարհի մարդիկ հավատան Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին և Նրա հանդեպ հավատքի հնազանդության շնորհիվ փրկություն ընդունեն: Սակայն համոզված եմ, որ ամեն բանից առավել Տիրոջ համար ամենակարևորը Իր հետ ունեցած մեր հարաբերությունն է։

Տեր Աստված փափագում է, որպեսզի մարդիկ Իր հետ մտնեն կենդանի ու իրական փոխհարաբերության մեջ։ Երբ ես հասկացա այս ճշմարտությունը, ինձ անհանգստացնող մի հարց բարձրացավ․  արդյո՞ք իմ ծառայությունը նպաստում է, որ մարդիկ մտնեն Աստծո հետ անձնական փոխհարաբերության մեջ, թե՞ ոչ:  Եվ արդյոք ես զարգացնո՞ւմ եմ այդ ամենակարևոր փոխհարաբերությունը այն բոլոր ծրագրերի և ծառայությունների մեջ, որոնք իրագործում եմ եկեղեցում։ 

Այս հարցերն ինձ մղեցին լրջագույնս մտորելու և իմ ծառայության հաջողվածությունը վերաիմաստավորելու։ Նախկինում, իմ կարծիքով, ես ահռելի ծավալի գործեր էի անում և օգնում էի մեծաթիվ մարդկանց իմ բազմաթիվ ծառայությունների միջոցով: Սակայն պետք է խոստովանեմ, որ շատ հաճախ ես դրանով վտանգում էի ինձ համար շատ թանկ հարաբերություններ և վնասում ինձ ամենահարազատ մարդկանց։ Ես չէի էլ գիտակցում, որ արդյունքում ես տրտմեցնում էի Սուրբ Հոգուն: Այն ժամանակ ես այդ ամենը հաշվի չէի առել:

Մեր աշխարհը կենտրոնացած է նախագծերի, արդյունք ապահովելու, արդյունավետության, թվերի ու ֆինանսների վրա։ Իսկ Աստված հետաքրքրված է հարաբերություններով, սիրով ու գթասրտությամբ: Աստված խորը հարաբերություններ է ուզում կառուցել յուրաքանչյուր մարդու հետ: Նա մեզ կանչում է լինելու Իր նմանությունը կրող մարդիկ: Նա նաև մեզ Իր բարեկամներն է կոչում․․․ «Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ Իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի» (Հովհաննես 15:15

Աստված մեզ կանչել է նախ հարաբերությունների և մարդկային հաղորդակցության կամուրջների շինարարներ լինելու համար, այլ ոչ թե միայն չոր նախագծեր իրականացնելու և արդյունք ապահովելու համար:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, կցանկանայի՞ր հենց հիմա Տեր Աստծուն խնդրել, որպեսզի Նա լցնի քո սիրտը մյուս մարդկանց հանդեպ սիրով: Դու կարո՛ղ ես մեծամեծ գործեր անել՝ Նրա համար զորավոր ու հերոսական արարքներ ունենալ, տարածել Ավետարանն ամենուր, ազգերից աշակերտներ բարձրացնել, սակայն միշտ հիշի՛ր, թե ինչ էր ասում Տեր Հիսուսը Հովհաննես 13․5 խոսքում․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։

Ես հավատում եմ մտերմության ուժին: Մտերմությունը միշտ հարաբերությունները  գերադասում է կարծիքներից ու նախագծերից: Հարաբերությունների միջոցով է, որ մենք կարող ենք մարդկանց ընդունելի և ընկալելի կերպով փոխանցել մեր ունեցածն ու ստանալ նրանցից:

Մարդու հետ ունեցած քո հարաբերությունը միշտ ավելին է այն ամենից, ինչն անում ես տվյալ մարդու համար։ Նույնը ճշմարիտ է նաև Տեր Աստծու պարագայում։ Իսկ ինչպիսի՞ն է քո հարաբերությունն Աստծու հետ․․․ Չգիտեմ, թե ինչպիսին կլինի քո պատասխանն այս հարցին, բայց ուզում եմ հստակ իմանաս, որ Աստված քեզ հետ Իր հարաբերությունը գնահատում է՝ ելնելով Իր Խոսքի ու Իր կամքի հանդեպ քո վերաբերմունքից ու հնազանդությունից։

«Դուք Իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ Ես պատվիրում եմ ձեզ»։ (Հովհաննես 15.14):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: