«Այդժամ Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. «Ո՛վ կին, քեզ ամբաստանողները որտե՞ղ են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տե՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ Ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր» (Հովհաննես 8.10-11):
Սիրելի՛ բարեկամ, այս պատմությունը, թերևս, Աստվածաշնչի ամենահայտնի պատմություններից մեկն է և իմ ամենասիրած հատվածներից է Սուրբ Գրքում ։ Այն հաճախ անվանում են «Շնացող կնոջ պատմություն»։ Սակայն այս պատմությունն ավելի շատ ո՛չ թե այդ կնոջ, այլ ամենաահավոր մեղքի կյանքով ապրող անձնավորության հանդեպ Տեր Հիսուսի վերաբերմունքի մասին է: Այդ վերաբերմունքը հստակ երևում է մեր Տիրոջ՝ վերը բերված խոսքերի մեջ։
Այս կինը բռնվել էր շնություն գործելիս: Տեր Հիսուսի ժամանակներում նման հանցանքի պատիժը քարկոծելով սպանելն էր:
Սակայն Տերը մի նոր Օրենք էր հաստատում՝ մի նոր պատվիրան, նոր ուխտ և սիրո ու շնորհքի արձագանք մեղավորների հանդեպ։ Ուզում եմ քո ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ այս նոր մոտեցումը չէր ենթադրում մեղքի հանդեպ հանդուրժողականության վերաբերմունք, ինչպես այսօր սովորեցնում են շատ մոլորեցնողներ։ Տերը ներում է, սակայն պատվիրում, որ մեղավորը փոխի իր կյանքը՝ ապաշխարի և ապրի սրբության կյանքով։ Աստված հե՛նց այսպիսի վերաբերմունք է ակնկալում Իր ներման սիրո ու շնորհքի մոտեցմանը։
Տեր Հիսուսը չհանդիմանեց այս կնոջը: Ընդհակառակը, Նա այդ կնոջ հանդեպ դրսևորեց սիրո, ողորմության ու կարեկցանքի վերաբերմունք։ Տերը պաշտպանեց նրան քարկոծելու պատրաստ մեղադրողներից: Նա փրկեց նրա կյանքն ու նոր կյանքի հնարավորություն պարգևեց։ Տերը նրան բարձրացրեց և վստահեցրեց, որ Աստված չի հանդիմանում նրան, այլ սիրում է և կյանքը մաքուր էջից սկսելու հնարավորություն է շնորհում:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը նաև քեզ է սիրում այդ նույն սիրով: Նա հանուն քեզ, քո փրկության ու քո մեղքերի ներման Իր Որդու խաչի չարչարանքների ու մահվան գինն է վճարել, որպեսզի դու ո՛չ թե ընկճվես ու ճնշվես քո մեղքերի ամոթալի հիշողությունների ու մյուսների մեղադրանքների ներքո, այլ նոր կյանքի հնարավորություն ստանաս Նրա ներման ու զորացման շնորհիվ։
Երբ ընկնես, Նա կբարձրացնի քեզ։ Երբ ընկճվես, կքաջալերի։ Երբ հուսահատ ես, Նա քո հույսն է։ Երբ խարխափում ես մթին խավարում, Նա քո լույսն է և փրկությունը։ Նա չի հանդիմանում քեզ։ Նա պարզապես նոր կյանքի հնարավորություն է քեզ առաջարկում։ Կընդունե՞ս դեպի քեզ պարզած Նրա սիրող ու ողորմած ձեռքի օգնության առաջարկը․․․
Եվ երբ թշնամին քեզ մեղադրանքների մտքեր է ուղարկում, ապա հիշի՛ր Տեր Հիսուսի այս խոսքերը, որը Նա ուղղեց այդ ներված կնոջը․ «․․․քեզ ամբաստանողները որտե՞ղ են․․. Ոչ էլ Ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր»։
Որքա՜ն հրաշալի է գիտակցել, որ Աստված չի մեղադրում քեզ քո կյանքում գործած մեղքերիդ համար, երբ հարգում ես Նրա Խոսքը և որոշում ես կայացնում ապրելու Նրա ակնկալած կյանքով․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը