Սիրելի՛ բարեկամ, իսկ դու ժամանակ հատկացնո՞ւմ ես Տեր Աստծու հետ աղոթքի մեջ զրույց ունենալուն։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ աղոթքը Տեր Աստծու հետ առանձնանալն է և Նրա առջև քո սիրտը բացելը։ Նա խոսում էր ներքին սենյակի փորձառության մասին։ Այնտեղ Աստված գալիս է մեզ հետ հանդիպման և մեզ հետ զրուցելու։ Երբեմն մենք չենք ընկալում նման հանդիպումների կարևորությունը։
Տեր Հիսուսը սովորեցնում էր ուրիշ Մխիթարիչի մասին․ «Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները։ Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև Նա ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու» (Հովհաննես 14․15-17):
Սուրբ Հոգին աստվածային Երրորդության անձերից մեկն է, Ով միշտ այն մարդկանց հետ է և այն մարդկանց մեջ, որոնք հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին և, որպես Նրա հավատարիմ աշակերտներ, ձգտում են պահել Նրա պատվիրանները։ Սուրբ Հոգին քեզ ուղեկցող Աստվածն է, Ով խոսում է քեզ հետ, քաջալերում, մխիթարում, ինչպես նաև խրատում և հանդիմանում։
Երբ Սուրբ Հոգին խոսում է, դու կարող ես լսել Նրա խոսքերը քո սրտում։ Նրա խոսքերը թանկարժեք գանձեր են, որոնք իրենց մեջ աստվածային իմաստություն և բժշկարար զորություն ունեն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ես քեզ քաջալերում եմ.
- Խնդրել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա Իրեն հայտնի քեզ։
- Նվիրվել Տեր Հիսուսի պատվիրանները ճանաչելուն և դրանց հնազանդ կյանք ապրելուն, որպեսզի Սուրբ Հոգին գա քո կյանքի մեջ և բնակվի քո ներսում։
- Քո բոլոր հոգսերը հանձնել Նրան և ընդունել Նրա խորհուրդներն ու ուղղորդումը։
- Հնազանդվել Սուրբ Հոգու հորդորներին ու խրատներին և ապրել Նրա գերբնական խաղաղության մեջ։
Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, աղոթում եմ, որ Քո Սուրբ Հոգին ամեն օր առաջնորդի ինձ Քո ճանապարհների և Քո կամքի մեջ, որ օգնի ինձ փոխակերպվելու և Քո պատկերին ավելի ու ավելի նմանվելու հարցում։ Շնորհակալ եմ, որ Դու իմ Տերն ես։ Շնորհակալ եմ, որ ընդունել ես ինձ որպես Քո աշակերտներից մեկը։ Շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ և Քո կյանքն ես զոհել ինձ փրկելու համար։ Ես էլ իմ կյանքն եմ ուզում դնել Քո կամքը կատարելու և Քո առաքելությունն այս երկրի վրա շարունակելու համար։ Սովորեցրո՛ւ ինձ Քո պատվիրանները և իմաստություն տուր ինձ դրանց հնազանդ կյանք ապրելու համար։ Աղոթում եմ և խնդրում Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։
Թո՛ղ Աստծու Սուրբ Հոգին քո մեջ բնակվի և քո կողքին լինի կյանքիդ բոլոր օրերում․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը