November-5

Գլխավոր | Հրաշքներ | Մի հրաշալի խոստում՝ կյանքիդ յուրաքանչյուր օրվա համար…

Մի հրաշալի խոստում՝ կյանքիդ յուրաքանչյուր օրվա համար…

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում կարդում ենք Աստծուն հուսացած և Աստծո օգնությունն ակնկալող Դավիթ թագավորի հետևյալ խոսքերը. «Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում» (Սաղմոս ‭23.6‬): 

Աստվածաշնչյան այս հայտնի հատվածը խոսում է հավատարիմների կյանքում Աստծո բարիքի ու ողորմության խոստման մասին։

  • Բարիքը մի բան է, որն Աստված փափագում է անել քեզ համար։ Նա փափագում է օրհնություններով լցնել քո կյանքը… Նա կամենում է բարձրացնել քեզ, առատ բարիքներ տալ և ուրախությունից ցնծալու առիթներ պարգևել քեզ։ 
  • Ողորմությունը մի բան է, որն Աստված ուղարկում է քո կյանք՝ որպես ներում։ Նա համբերություն և ներողամտություն է ցուցաբերում, երբ դու սայթաքում ես, սխալվում և չգիտակցված կերպով հակառակվում ես Տեր Աստծո Խոսքին։ Նա անմիջապես չի պատժում քեզ, այլ Իր ողորմությամբ շտկվելու և ապաշխարելու հնարավորություններ է պարգևում։

Այո՛, եթե դու էլ հուսաս Տեր Աստծուն, նվիրվես Նրան և Նրա կամքն այս երկրի վրա կատարելուն, ապա քո պարագայում ևս բարիքն ու ողորմությունը հետևելու են քեզ կյանքիդ բոլոր օրերում։ 

Այս հրաշալի խոստման վերջում Դավիթ թագավորը խոսում է Աստծո տան մասին։ Որոշակիորեն, նա ուզում է մեզ ասել, որ Աստծո տան մեջ լինելը կապ ունի Տեր Աստծո հանդեպ մեր հավատարիմ ընթացքի հետ։ Ավելին, Տիրոջ տան մեջ լինելը նրա համար այդ բարիքի և ողորմության դրսևորումներից մեկն է։ Դավիթը սիրում էր Աստծո տան մեջ լինելը։ Նա վայելում էր Աստծո ներկայության մեջ մնալը։ 

Նոր Ուխտի հավատացյալներիս համար Աստծո տունը մեր մարմիններն են։ Աստվածաշունչն ասում է, որ հավատացյալ մարդու մարմինը Սուրբ Հոգու տաճարն է, և Աստծո Հոգին է բնակվում նրանում։ Այսօր դու կարիք չունես որևէ սրբավայր գնալու՝ Աստծու ներկայությունը ճաշակելու համար։ Տեր Հիսուսի խաչի զոհի շնորհիվ մենք կարող ենք մուտք գործել Նրա ներկայություն մեջ ու ճաշակել Նրա քաղցրությունը, և դա կարող ենք անել շարունակաբար ու ցանկացած վայրում։ Դու պետք է գիտակցես, որ Տեր Աստծու տաճարն ես։ Քո մարմինը Սուրբ Հոգու տաճարն է։ Դու մշտապես Նրա ներկայության մեջ ես։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ միասին աղոթել  այս աղոթքով․ «Շնորհակալ եմ, Տե՛ր, այն բարիքի ու ողորմության համար, որը կարող եմ գտնել Քո ներկայության մեջ։ Ես անսահման շնորհակալ եմ Քեզ, որ Դու իմ Տերն ես և իմ Փրկիչը։ Նաև շնորհակալ եմ այն ամենի համար, որ անում ես ինձ համար։ Ես սիրում եմ Քեզ, իմ Տե՛ր։ Ես հավատում եմ, որ իմ կյանքի բոլոր օրերում ճաշակելու եմ Քո բարիքներն ու ողորմությունները։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։  

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: