Fabruary-22

Գլխավոր | Հրաշքներ |  «Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»

 «Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»

«Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց Իր աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին» (‭‭Մատթեոս‬ ‭16․13‬

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսն Իրեն հաճախ էր «Մարդու Որդի» անվանում։  Մի օր Նա Իր աշակերտներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»։

Աշակերտները պատասխանեցին․ «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը» (‭‭Մատթեոս‬ ‭16.14‬):

Այո՛, Տեր Հիսուսը սիրում էր Ինքն իրեն անվանել «Մարդու որդի»։ Մարդիկ Նրան դիմում էին որպես Դավթի որդի, Վարդապետ, Տեր, Րաբբի, Արքա, Քրիստոս կամ Մեսիա։ Սակայն Տեր Հիսուսի շուրթերից հաճախ հնչում էր «Մարդու Որդի» արտահայտությունը, երբ խոսում էր Իր մասին։

Ինչո՞ւ էր Նա այդ զարմանալի ու անսովոր արտահայտությունն օգտագործում։ Չէ՞ որ Նա տիեզերքի Արարիչն էր։ Նա էր ամեն բանի սկիզբը և վերջը։ Երկնքում ամեն բան Նրա անվան փառքի համար է։ Սակայն Նա որոշել էր մարդանալ՝ հասարակ մի մարդ դառնալ, հասարակ մի մարդու որդի, Ով ծնվեց կույսից։ Թվում է՝ հե՛նց սա էր Նրա համար առաջնայինը։

Կատարյալ խոնարհությունը Տեր Հիսուսի փառքն է: Լինելով Աստված՝ Նա մարդկային կերպարանք ընդունեց և անգամ ծառայի կերպարանք․․․ Նա Իրեն խոնարհեցրեց ամենացածր աստիճանի, որպեսզի ունակ լինի բարձրացնելու ամենախոնարհ մարդկանց: Նա Իրեն զրկեց աստվածային փառքից, որպեսզի հետո հավերժ հաղթանակած մնա այդ փառքի մեջ:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, «Մարդու Որդի» տիտղոսը Տեր Հիսուսի ամենափառահեղ տիտղոսն է։ 

  • Մարդու Որդին երկրի վրա գլուխ դնելու տեղ չուներ, սակայն յուրաքանչյուր հավատացողի համար Երկնքում բնակարաններ է պատրաստել։ 
  • Մարդու Որդին չարչարվեց, մերժվեց ու անարգվեց, սակայն յուրաքանչյուր հավատացողի խաղաղություն և հագիստ է պարգևում։ 
  • Մարդու Որդին մահացավ խաչի վրա, սակայն յուրաքանչյուր հավատացողի համար հավիտենական կյանքի պարգևն է պատրաստել։ 

Տեր Հիսուսի երկիր գալուց դարեր առաջ Դանիել մարգարեն Մարդու Որդու մասին տեսիլք էր ունեցել Աստծուց․ «Գիշերվա տեսիլքներում ես տեսա, որ ահա երկնքի ամպերով մեկը եկավ՝ մարդու որդու նման, եկավ դեպի Հինավուրցը և նրան ներկայացվեց։ Եվ նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն. նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնելու, և նրա թագավորությունը չի կործանվելու» (Դանիել 7․13-14):

Աստված Իրեն որպես Մարդու Որդի ներկայացրեց, որպեսզի Որդուն հավատացողներն ու Նրա Խոսքին հնազանդվողները Աստծու որդիներ դառնան։ Անմահ Աստված մահկանացու մարմին հագավ, որպեսզի մեզ ազատի մեր մահկանացու բնույթից և առաջնորդի դեպի անմահության հավիտենությունը։ 

Իսկ դու ի՞նչ կպատասխանեիր Տեր Հիսուսի այս հարցին․ «Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: