Սիրելի բարեկա՛մ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մշակութային քրիստոնեությունից դեպի հավատքի քրիստոնեություն անցնելու Արա եղբոր վկայությամբ։ Ահա, թե ինչ է գրում Արա եղբայրը։
«Ծնվել և մեծացել եմ բարեպաշտ ընտանիքում, ուր հարգվում եւ պահպանվում էին կրոնական բոլոր տոները, ծեսերն ու ավանդությունները: Դպրոցական տարիներին իմ սովորած Կրոն առարկան ինձ համար մյուս դասերի նման տեղեկությունների և քննությունը բարեհաջող հանձնելու առարկա էր միայն:
Աստված իմ պատկերացումներում վերևում՝ Երկնքում ինչ-որ տեղ Իր գահին բազմած Արքա էր, Ում հետ կապ հնարավոր էր հաստատել միայն քահանաների և սրբազանների միջոցով, իսկ անգիր արած աղոթքը ինձ համար ամենօրյա պարտականություն էի միայն։ Մանուկ ժամանակ տպավորությանս մեջ Հիսուսը դարեր առաջ ապրած մի մարգարե էր, Ով բուժում էր մարդկանց հիվանդությունները՝ բուժում կույրերին ու կաղերին և բարության քարոզներ տալիս մարդկանց:
Պատանեկության-երիտասարդության տարիները զուգադիպեցին ազգային զարթոնքի ու պահանջատիրութան վայրիվերումերին: Օրերս հագեցած էին ազգային բնույթի աշխատանքներով, իսկ քրիստոնեությունն ինձ համար միայն հայկական ինքնության բաղադրիչ էր: Ես ապրում էի որպես «հայ քրիստոնյա», սակայն չէի ապրում քրիստոնյայի կյանքով և քրիստոնեության սկզբունքներին համահունչ:
2012 թվականին համատարած լուրեր էին շրջանառվում Մայաների օրացույցի հիման վրա աշխարհի վերջին ահավոր կանխատեսումների մասին: Մոտալուտ թվացող վախճանը վախի ու խուճապի պատճառ էր դարձել նաև ինձ մոտ: Մահն արդեն շատ մոտ էր թվում… Մրտքում միայն մեկ հարց էր պտտվում՝ ո՞րն է փրկության ելքը:
Տարիներով կուտակված հոգևոր հարցերս երկար ժամանակ էր, ինչ աչքաթող էի արել: Իսկ հիմա, ինձ թվում էր, թե այլևս ժամանակ չէր մնացել: Հուսահատ ու ծնկաչոք աղոթեցի: Խնդրում էի Աստծուն, որպեսզի Նա ազատի ինձ իմ վախերից ու տագնապներից, ինչպես նաև հարցերիս պատասխանն էի ակնկալում ստանալ Նրանից։
Աղոթքիս պատասխանը չուշացավ: Հաջորդ օրը մի պատվիրատու այցելեց իմ գրասենեակ հոգևոր թեմայով խորհրդանշանի ձևավորման համար: Նա ավետարանիչ մի եղբայր էր, և աշխատանքային հենց առաջին հանդիպումից բացվեց հոգևոր զրույցի թեման: Մի քանի շաբաթ տևող աշխատանքային հանդիպումները զուգորդվեցին հարցումներիս տարափով, որը ավարտվեց խոստովանության և ապաշխարության աղոթքով:
Մանկությանս օրերի պատկերացումներում մարմնավոր կույրեր բժշկող Հիսուսն այսօր բժշկել է նաև իմ հոգևոր կուրությունը: Վախերից ու չարի կապանքներից ազատված, այսօր ես ամենօրյա անմիջնորդ հաղորդակցությունն ու մտերմությունն եմ վայելում Տիրոջս հետ»:
Հրաշալի վկայություն Արա եղբորից, ով այսօր արդյունավետ կերպով ներգրավված է մեր եկեղեցու պատասխանատու մի քանի ծառայության մեջ։
Փառք Աստծո՛ւն: Այո՛, սիրելի մա՛րդ, որ կարդում ես այս տողերը, միայն Տեր Հիսուսը կարող է փրկել և կյանքեր փոխել: Նրա զոհի շնորհիվ այսօր` 2000 տարի անց, Աստված բացեց փրկության դուռը Արա եղբոր կյանքում, ինչպես նաև ինձ և քեզ համար ու ողջ աշխարհի մարդկության համար։ Եվ եթե դու դեռևս իրական հանդիպում չես ունեցել Տեր Հիսուսի` քո Փրկչի հետ, ապա կոչ եմ անում քեզ անելու դա հենց այսօր՝ որպես հեզ ու խոնարհ Թագավոր Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու այս հիասքանչ օրվա ընթացքում: Սա քո կյանքի ամենակարևոր որոշումը կարող է լինել։
Եղի՛ր օրհնված։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը