Novmeber-6

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է ներողամտությունը…

Ի՞նչ է ներողամտությունը…

Երբ մենք վիրավորված ենք և ներելը դժվար է, հաճախ հետևյալ վախն է գլուխ բարձրացնում մեր սրտում. «Եթե ես ներեմ, մենք նորից կհաշտվենք, և ես ստիպված եմ լինելու այդ մարդու հետ նախկինի նման մտերմություն անել»։

Իրականում՝ ո՛չ… Ներելը դա չէ։ Այն մի բան է, որը տեղի է ունենում ոչ թե քո և քո հանդեպ սխալ պահվածք ունեցած մարդու միջև, այլ՝ քո և Տեր Աստծու միջև։ 

Սիրելի՛ բարեկամ, մյուսների հանցանքները ներելն Աստծու հանդեպ քո հնազանդության դրսևորումն է և Նրանից ներված լինելու քո երախտագիտությունը։

«․․․միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք» (Կողոսացիս 3․13

Աստված պատվիրում է, որ ներես մարդկանց, որպեսզի հաշտվես․․․ Ի՛ր հետ։ Եվ դա բոլորովին էլ չի նշանակում, որ պարտադիր է տվյալ մարդու հետ մտերմությունն ու ընկերությունը շարունակելը։ Երբեմն պետք է նման մարդկանցից անգամ ավելի զգուշավոր լինել և առիթ չտալ հերթական վիրավորանքների ու հասցրած վնասների դրսևորմանը։

Անշուշտ, շատ լավ կլինի, որ կոտրված հարաբերությունները բժշկվեն, վստահությունը վերականգնվի, և քեզ վնաս ու վիրավորանք հասցրած մարդը փոխվի և դառնա քո մտերիմը։ Սակայն եթե այդպես չի լինում, ապա պետք է հստակ իմանաս, որ դա մեղք չէ։ Այն, ինչ Աստված ուզում է քեզնից, ո՛չ թե հարաբերությունների վերականգնումն է, այլ՝ տվյալ մարդուն ներելը։ Եվ դրանք տարբեր բաներ են։ .

Երբ մենք դառնություն ենք պահում մեր մեջ որևէ մարդու հանդեպ, ապա մեր սրտի վիճակը թույլ չի տալիս, որ Սուրբ Հոգին Իր ողջ զորությամբ և սիրով գործի մեր կյանքերում։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ չներելը պատնեշ է մեր և Աստծու միջև։ Իսկ մեր հանդեպ սխալներ գործած մարդկանց ներելը վերահաստատում է մեր և մեր Երկնային Հոր սրտի միջև առկա կապը, որովհետև մենք Նրա նմանությամբ ենք վարվում մեր հանդեպ մեղք ու հանցանք գործողների հանդեպ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու անցնում ես դժվարին ժամանակներով և սրտումդ դառնություն ու չներելու դրսևորումներ ունես որոշ մարդկանց հանդեպ, ապա ուզում եմ քեզ հորդորել, որ ընտրես այն, ինչը կարևոր է Տեր Աստծու համար՝ ընտրես Նրա կամքին հնազանդվելը, ընտրես Նրա նման ողորմասիրտ, կարեկից ու գթառատ լինելը։

Ներելու ճանապարհը մի դժվարին ընթացք է։ Սակայն, երբ դու, անկախ քո կրած ցավերից ու տառապանքներից, ընտրում ես այդ ճանապարհով առաջ ընթանալը, ապա մեր երկնային Հոր սիրտն ուրախությունից տակնուվրա է լինում քեզ համար, և դու Երկնքից հատուկ շնորհ ու ողորմություն ես ընդունում այդ դժվարին ճանապարհն Աստծու օգնությամբ անցնելու համար։ 

Իրականում, քո ներելու որոշումը լավագույն նվերն է ոչ թե այն մարդկանց, որոնց ներում ես, այլ հենց քեզ համար, քանի որ այդպես ազատվում ես քո կյանքի դառնության ու սրտի ծանրության դաժան բեռներից։ 

Ներելը քո սրտի վերաբերմունքի փոփոխությունն է քեզ ցավեցրած ու վիրավորած մարդկանց հանդեպ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: