Թույլ չտա՛ս, որ վախը կառավարի քեզ
Սիրելի՛ Ընկեր, այսօր և առաջիկա մի քանի օրերի ընթացքում ուզում եմ, որ միասին խոսենք վախի մասին։ Վախը շատ վատ խորհրդատու է։ Վախը կարող է վերածվել տագնապի և կաթվածահար անել մեզ։ Իսկ Աստված կամենում է, որ դու հաղթահարես քո բոլոր վախերը։ «Մի՛ վախեցիր»,- ասում է Տեր Հիսուսը…
Ի՞նչ է վախն իրականում։ Այն կարող է սահմանվել որպես «տագնապի մի զգացում, որն առաջացել է իրական կամ մտացածին վտանգի արդյունքում»։
Իմ հարցը հետևյալն է. «Ի՞նչ է կատարվում, երբ քո կյանքում վախը գլուխ է բարձրացնում։ Երբ վախի զգացումը, վատ կանխազգացումը կամ տագնապն այնքան զորեղ են դառնում, որ խանգարում են քեզ լինել նորմալ ու ողջամիտ»։ Ահա երեք բան, որ վախի հետևանքներն են.
-
Վախը կաթվածահար է անում։
-
Վախը սնուցում է կասկածները։
-
Վախը քո մեջ սպանում է Աստծո ծրագրերը, որոնք Նա ունի քե՛զ համար։
Վախը հավատքի դեմ մեր թշնամու ամենաշատ կիրառվող զենքերից մեկն է, որի նպատակն է քեզ քո հոգևոր ընթացքի մեջ ճնշելն ու խանգարելը։ Սակայն մի զորեղ ճշմարտություն կա, որ պետք է իմանաս՝ Տեր Հիսուսը հաղթե՛լ է այդ թշնամուն (տե՛ս Կողոսացիս 2․15)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստվածաշնչում գրված է, որ քեզ տրված է զորության, սիրո և ողջամտության Հոգի, այլ ոչ թե երկչոտության, վախի ու կասկածի (տե՛ս Բ Տիմոթեոս 1․7)։
Զորության, սիրո և առողջ մտքի Հոգին Տեր Աստծու պարգևն է քեզ։ Այն քեզ տվել է Ինքն Աստվա՛ծ․․․ ո՛չ թե աստվածային ինչ-որ անուղղակի միջամտությամբ, այլ ուղղակիորեն Արարիչ Աստծու կողմից՝ Նրա կողմից, Ով շուտով վերադառնալու է՝ որպես Հաղթող Տեր։
Անկասկած, վախի դեմ միակ արդյունավետ դեղամիջոցը Աստծու կատարյալ սերն է, որը հաղթում ու հեռացնում է ամեն վախ ու տագնապ մարդու սրտից։ Տիրոջ սերը քո հանդեպ արմատախիլ է անում քո ներսում առկա վախերի բոլոր դրսևորումները։ Հավատքով ամուր բռնի՛ր և դավանի՛ր այն աստվածային ճշմարտությունը, որը գրված է Ա Հովհաննես 4.18 խոսքում. «Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ»։
Խնդրում եմ քեզ՝ այսօր ընդունի՛ր այս խոսքերը քո սրտի մեջ։ Աստծու Խոսքը սնում է մեր հավատքը։ Աստծու Հոգին քաջալերում և ուղղորդում է մեզ։ Նա մեզ կարողություն է շնորհում քանդելու բոլոր պատնեշները և ճեղքելու բոլոր ահարկու արգելքները։ Աստծու շնորհած զորության շնորհիվ դու կարող ես ունենալ զորավոր հաղթանակներ (տե՛ս Սաղմոս 18.2 և Գ Թագավորաց 22.30 խոսքերը):
Ե՛կ միասին աղոթենք այս խոսքերով. «Տե՛ր, ես դավանում եմ իմ շուրթերով, որ Դու ես իմ Տերը և իմ կյանքի Փրկիչը: Ես դավանում եմ, որ Քո Խոսքը ճշմարտություն է։ Այո՛, Դու ինձ տվել ես զորության, սիրո և ողջամտության Հոգի: Ես ընդունում եմ Քեզնից այդ Հոգին։ Ես հավատում եմ, որ վախերը և դրանց բոլոր հետևանքներն այլևս իշխանություն չունեն ինձ վրա և կորցրել են իրենց զորությունը, քանի որ ես Քեզ եմ պատկանում։ Քոնն է իմ ողջ կյանքը, իմ զգացումները, իմ իրավիճակները, իմ երազանքները և ամեն, ամեն բան։ Ես քոնն եմ, Տե՛ր, և Քո անունն եմ ուզում փառավորել։ Շնորհակալ եմ այն ազատության համար, որ Դու ես ինձ պարգևել՝ ազատագրելով ինձ իմ բոլոր վախերից։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
