Սիրելի՛ բարեկամ, երեկ խոսեցինք Աստծո Խոսքի զորավոր ազդեցության մասին՝ նշելով, որ այն ճշգրտորեն իրականանում է և որ այդ Խոսքի հետևում Տեր Աստծո հեղինակությունն է և զորությունը։ Աստծո նման խոսքերին մենք խոստումներ ենք անվանում։ Աստվածաշունչն այդպիսի հազարավոր խոստումներ է իր մեջ պարունակում, որոնցից որոշների առումով խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել դրանք, դուրս գրել և անգիր սովորել։
Այդ խոստումների մեջ կան այնպիսինները, որոնք Աստված իրագործում է անհապաղ, երբ խոսքը վերաբերվում է մեզ համար Իր հոգ տանելուն։ Ահա մի խոստում, որի իրականացումը ես ամեն օր եմ տեսնում իմ կյանքում.
«Եվ իմ Աստվածը թող համաձայն Իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով» (Փիլիպպեցիս 4.19)։
«Համաձայն Իր հարստության» արտահայտությունն առանձնահատուկ կերպով գրավում է իմ ուշադրությունը։ Երբ Աստված բավարարում է մեր կարիքները, Նա դա արտասովոր կերպով է անում։
- Հաճախ Նա մեզ համար անսպասելի կերպերով է պատասխանում մեր աղոթքներին՝ հաճախ հակառակ մեր ունեցած ակնկալիքներին ու պատկերացումներին։ Այս իսկ պատճառով էր, որ Պետրոս առաքյալը զարմացավ, երբ Տեր Հիսուսը նրան ասաց, որ ուռկանը նավի աջ կողմը գցի (տե՛ս Հովհաննես 21․6-11 հատվածը)։
- Տեր Աստծո պատասխանը հաճախ շատ ավելին է լինում, քան մեր խնդրածը. հիշենք, թե ինչպես աշակերտները տասներկու լիքը կողով հաց ու ձուկ հավաքեցին այն բանից հետո, երբ Տեր Հիսուսը հինգ հացով ու երկու ձկով կերակրեց մի ողջ բազմության (տե՛ս Մարկոս 6.43 խոսքը)։
- Օգտագործվող միջոցները երբեմն չափազանց շռայլ են, ինչպես որ աղքատ որբևայրու մասին պատմությունն է մեզ սովորեցնում. ունենալով ընդամենը մեկ աման յուղ՝ Աստծո հրաշքի շնորհիվ նա կարողացավ վճարել իր պարտքերը և նաև խնայողություն անել հետագա ապրուստի համար թե՛ իր, թե՛ իր երկու զավակների համար (Դ Թագավորաց 4․1-7)։
Երբ Աստված պատասխանում է մեր աղոթքներին, Նա ի ցույց է դնում Իր հարստության ճոխության չափը և Իր փառքը՝ մեր նկատմամբ մեծ առատաձեռնություն ու անսահման ողորմածություն դրսևորելով։
Աստված գիտի, որ մենք հակված ենք հոգս անելու և անհանգստանալու։ Ինչպե՞ս եմ կարողանալու վճարել տան վարձերը, սնունդ գնել ընտանիքիս համար, ի՞նչ է լինելու երեխաներիս հետ, երբ մեծանան և նմանատիպ շատ այլ հոգսեր։ Արդյոք դու նույնպե՞ս ունես նման վախեր ու անհանգստություններ։
Եթե այո, ապա Աստված հիշեցնում է քեզ, որ հոգ է տանում քեզ համար ամեն օր։ Նրա միջոցներն անսպառ են։ Երկրի վրա ամեն բան Նրա՛ն է պատկանում։ Այնպես որ հոգս մի՛ արա։ Այլ ամեն ջանք արա, որ բավարարես Նրա խոստման իրականացման համար անհրաժեշտ պայմաններին՝ հավատք ունեցիր և փափագիր ապրել քո կյանքը՝ հնազանդվելով Տեր Աստծո կամքին ու Աստվածաշնչի ուսուցանած սկզբունքներին։ Եթե անես դա, ապա պատրաստ եղիր զարմանալու՝ տեսնելով Նրա ծրագրերի իրագործումը քո կյանքում, որոնք գերազանցելու են քո ամենավառ երևակայությունը։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ Աստված ասում է, «Ես կհոգամ քո կարիքները», ուրեմն, անկասկած, այդպե՛ս էլ լինելու է:
Ամեն օր Աստված նորոգում է Իր ողորմությունները քո հանդեպ, որովհետև Նրա հնարավորություններն անսահմանափակ են։
Հիշենք նաև, որ այսօր տխուր օր է հայ ժողովրդի համար։ Ամեն տարի ապրիլի 24-ին մենք վառ ենք պահում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Սակայն երբե՛ք չմոռանալով մեր ազգին վրա հասած այդ արհավիրքը՝ ուզում եմ, որ մեր աչքերը այսօր և ամեն օր ուղղենք մեր սիրող ու ողորմած Աստծուն։
Ուզում եմ քեզ մաղթել, որ հիշատակի այս կիրակին անցկացնես Աստծո քաղցր ներկայության և Նրա ժողովրդի հետ սիրո հաղորդակցության մեջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը