June-27

Գլխավոր | Հրաշքներ | Եղի՛ր համարձակ ամենուր և ամեն ինչի մեջ

Եղի՛ր համարձակ ամենուր և ամեն ինչի մեջ

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը մեզ պատմում է մի մարդու մասին, ով լիարժեք կերպով չի համարձակվում իրագործել այն, ինչն Աստված էր խոստացել և ինչի մեջ Աստված էր կանչել նրան։

Դա Բարակի պատմությունն է՝ մի մարդու, ով ընտրված էր Աստծո կողմից Իր ժողովրդին Քանանի թագավորի ասպատակություններից ու հալածանքներից ազատագրելու համար։

«Նա մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Աբինոամի որդի Բարակին ու նրան ասաց. «Մի՞թե Իսրայելի Տեր Աստվածը չհրամայեց. «Գնա՛, վե՛ր ելիր Թաբոր սարը և քեզ հետ տասը հազար մա՛րդ վերցրու Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից, և ես Կիսոնի հեղեղատի մոտ քո դեմ դիմաց կբերեմ Հաբինի զորապետ Սիսարային և նրա կառքերն ու բազմությունը և նրան կմատնեմ քո ձեռքը»։ Բարակը Դեբորային ասաց. «Եթե ինձ հետ գաս, կգնամ, իսկ եթե չգաս, չեմ գնա»։ Եվ նա ասաց. «Անպայման կգամ քեզ հետ, բայց փառքը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետև Տերը մի կնոջ ձեռքը պիտի մատնի Սիսարային»։ Եվ Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես» (Դատավորաց 4․6-9

Ի վերջո, Աստված իրագործում է Իր ծրագրածը, սակայն Քանանի թագավորը սպանվում է Հայել անունով կնոջ կողմից։ Բարակը, հավանաբար, բազմաթիվ հիմնավորումներ ուներ և պատճառաբանություններ, թե ինչու չէր ուզում Աստծո ասած կերպով գնալ այդ ճակատամարտին։ Նա լավ գիտեր Դեբորային, ով հայտնի էր որպես փորձառու առաջնորդ և մագարեուհի։ Բարակն ավելի շատ իր հույսը Դեբորայի վրա էր դրել, քան Դեբորայի միջոցով նրա հետ խոսող Աստծո վրա։ 

Բոլորիս կյանքում էլ լինում են իրավիճակներ և ժամանակներ, երբ մենք ճիշտ Բարակի նման տատանվում ենք ու վախենում առաջ ընթանալ Աստծո ծրագրին համահունչ կերպով։ Արդյունքում, մենք թույլ չենք տալիս Աստծուն փոխանցել մեզ այն ամենն, ինչը Նա նախատեսել էր մեզ համար։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատա՛, որ Աստված տիրում է քո կյանքում և քեզ մենակ չի թողնի ո՛չ քո կյանքի ճակատամարտերում, ո՛չ դժվարությունների ժամանակ և ո՛չ էլ նեղ ու անանցանելի թվացող ճանապարհներում։ Նա քեզ կտա Իր խաղաղությունը և զորությունը, եթե միայն հնազանդվես Նրա կամքին և չվախենաս անել այն, ինչը Նա է քեզնից ակնկալում։ Աստված փափագում է մեծամեծ գործեր անել քո կյանքում և քո միջոցով՝ մյուսների կյանքում։ Սակայն Աստծուն վստահելու համար մարդը պետք է համարձակություն ունենա։ 

Հավատքի կյանքը վախկոտների համար չէ։ Սակայն Աստված կարող է անգամ տատանվող ու տկար մարդկանց վերցնել ու դարձնել հաստատուն և զորավոր հավատացյալներ։ Ողջ գաղտնիքը Աստծուն վստահելու որոշման մեջ է։ Երբեմն Բարակի նման զորահրամանատարները համարձակության պակաս են ունենում, իսկ Գեդեոնի նման տկարները դառնում են հավատքի հերոսներ։ Իսկ ո՞ր ճանապարհն ես դու ընտրում․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: