May-19

Գլխավոր | Հրաշքներ | Դու առանձնահատուկ և թանկ անձնավորություն ես⭐️

Դու առանձնահատուկ և թանկ անձնավորություն ես⭐️

Սիրելի՛ բարեկամ, երբևէ քո մասին ունեցե՞լ ես բացասական մտքեր։ Եթե այո, ապա այսօր ուզում եմ հիշեցնել քեզ, թե որքա՜ն թանկ ես դու Տեր Աստծո աչքերում։ Աստվածաշունչն ասում է, որ մենք «մեծ գնով ենք գնվել» (տե՛ս Ա Կորնթացիս 7.23 խոսքը):

Եթե դու քեզ անարժեք մեկն ես կարծում, ապա մի պահ խորհի՛ր, թե Աստված Իր միածին Որդուն կզոհաբերե՞ր արդյոք անարժեք մեկի համար: Երբե՛ք։ Տեր Հիսուսը շատ թանկ գին վճարեց ինձ և քեզ փրկելու համար. Նրա թանկագին արյունը թափվեց խաչի վրա և այն չթափվեց անարժեք մարդկանց համար, այլ Աստծո համար շատ թանկ ու սիրելի զավակների:

Մաքս Լուկադոն իր «Դու առանձնահատուկ ես» գրքում ներկայացնում է մի այլաբանություն. Ուեմմիկները՝ փոքրիկ փայտե մարդիկ, գնահատում են իրար՝ աստղեր կպցնելով ամենաունակների վրա և կլոր օղակներ՝ պակաս ունակություն ունեցողների վրա։ Դրանցից մեկը՝ Պանչինելոն, փոքր է և լի օղակներով։ Նա ընկճված է, քանի որ որքան էլ նա ջանա, չի կարող արդարացնել մյուսների սպասելիքները: Այսպիսով, նա գնում է գտնելու իր ստեղծողին՝ Էլիին, և բացահայտում է մի մեծ ճշմարտություն իր առանձնահատուկ լինելու մասին.

«Պանչինելոն ծիծաղում է։ «Ես առանձնահատո՞ւկ եմ։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարող արագ քայլել: Ես չեմ կարող ցատկել: Ներկս թափվում է իմ վրայից։ Ինչո՞ւ եմ ես քեզ համար կարևոր»։

Էլին նայում է Պանչինելլոյին, ձեռքերը դնում նրա փոքրիկ փայտե ուսերին և շատ հանդարտ ասում․ «Որովհետև դու իմն ես: Հենց դրա համար ես դու ինձ համար կարևոր»:

Պանչինելոն երբեք չէր տեսել, որ ինչ-որ մեկն իրեն այդպես նայեր, առավել ևս՝ իր ստեղծողը: Նա չգիտեր՝ ինչ ասել»։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ…

  • Նախկինում քո հասցեին հնչե՞լ են որոշակի խոսքեր, որոնք նվաստացրել և նսեմացրել են քեզ:
  • Ուրիշները քեզ պիտակավորե՞լ են այնպիսի բառերով, որոնք շեշտադրել են քո ունեցած թերությունները:
  • Երբևէ եղե՞լ ես ծաղրող հայացքների կամ արհամարհական խոսքերի և անգամ լուռ արհամարհանքի թիրախը:

Հենց երեկ ես մի նամակ ստացա, որում մի կին ինձ ասում էր, որ իրեն միշտ անկարևոր ու նվաստացած է զգացել, թեև միշտ ձգտել է հաճեցնել իր շրջապատի մարդկանց։ Գուցե դու էլ այդ կնոջ նման անընդհատ ձգտում ես ավելին անել, բայց երբևէ չես կարողանում արդարացնել մյուսների սպասելիքները…

Ժամանակն է, որ դադարես քեզ տեսնել մարդկանց գնահատականների տեսանկյունից և սովորես քեզ գնահատել քո հանդեպ Տեր Աստծո ունեցած վերաբերմունքի հիման վրա։ Եթե միայն հավատաս Աստվածաշնչի խոսքերին և ընդունես այն ճշմարտությունը, որը խոսում է այն մասին, թե որքա՜ն թանկ ես դու Աստծո համար և ինչպիսի՜ սիրով է Աստված սիրում քեզ, ապա քո բոլոր բացասական և նվաստացուցիչ մտքերը կհեռանան քեզնից։ Դու պետք է մտածես խաչի վրա թափված Տեր Հիսուսի արյան արժեքի մասին և հասկանաս քո իրական արժեքը Տեր Աստծո աչքերում։ Նա ստեղծել է քեզ Իր անսահման մեծ սիրուց դրդված և օժտել քեզ հատուկ պարգևներով, որոնք գուցե դեռ չես էլ բացահայտել:

Դու թանկ արժեք ունես Նրա համար…Դու առանձնահատուկ ես և կանչված ես Նրան ծառայելու:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: