Սիրելի՛ բարեկամ, ուզո՞ւմ ես մյուսների հանդեպ լինել բարի, բարյացակամ ու առատաձեռն։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես անել դա:
Ե՛կ մի փոքր անդրադարձ կատարենք բառի ստուգաբանությանը:
Բարյացակամություն բառը երկու արմատ ունի՝ բարի և կամենալ: Բարյացակամությունը մյուսների հանդեպ կամավոր կերպով բարին գործելու փափագն է, բարին գործելու կամքը, ուրիշներին օրհնելն ու քաջալերելը:
Արտասահմանում ապրող մի հովիվ մի անգամ պատմում էր, որ որոշ հավատացյալներ ցանկություն են ունեցել նամակ գրել ոստիկաններին ու ասել, որ շնորհակալ են նրանց իրենց արած գործի համար և երախտապարտ են նրանց: Դա բավականին շատ էր հուզել ոստիկանապետին: Նա զարմացել էր ոստիկանների հանդեպ սիրո այս դրսևորումից և ասել էր. «Մեզ ամեն օր անպատվում են: Երբեք չենք հանդիպել մեզ քաջալերող մարդկանց` հատկապես մեր մասնագիտական գործունեության հետ կապված հարցերում»:
Աստվածաշնչում` Եփեսացիս 5․9 խոսքում կարդում ենք. «․․․որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է»:
Բարի գործերը խոսուն են և իրավիճակ են փոխում: Բարի գործ անելը մի բան է, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կանչված ես օրհնության անոթ լինելու համար: Մի՛ վարանիր օգտվել առիթից և առանձնահատուկ բարի գործեր գործել այսօր:
Իսկ ի՞նչ կարող ես անել հենց այսօր։ Դու կարո՞ղ ես․․․
· Հպվել մարդկանց սրտերին այնպես, ինչպես Աստված է դա անում՝ սիրով ու հարգանքով։
· Խոսել այնպես, ինչպես Աստված է խոսում՝ պարզ ու զորեղ։
· Քայլել քո ընթացքն այնպես, ինչպես Աստված է քայլում՝ ուժեղ և վստահ։
· Սիրել դիմացինիդ այնպես, ինչպես Աստված է սիրում՝ առանց պայմանների ու սահմանների։
Արդյոք նման դիրքորոշում և խոնարհություն ունենալը հնարավո՞ր է: Անկասկած` այո՛: Սակայն դա հնարավոր է միայն և միմիայն Սուրբ Հոգու օգնությամբ և Նրա հետ մտերմության արդյունքում: Եթե դու ճանաչես Տեր Աստծու կամքը և փափագես ապրել Նրա կամքին հնազանդ կյանքով, ապա Աստծու Սուրբ Հոգին կլցնի քո ներսն Իր ներկայությամբ, կուղղորդի քեզ, կխոսի քեզ հետ և կտանի այն ուղղությամբ, որի կարիքն ունես:
Եվ հենց սա՛ է աստվածային լեցունությունը՝ երբ մենք ուրիշների հանդեպ բարին ենք գործում, մենք ստանձնում ենք մեր իրական առաքելությունը:
Ե՛կ միասին ցնծանք այսօր՝ հիշելով, թե որքա՜ն բարի է եղել Տերը մեր հանդեպ, և մենք էլ բարի ու ներող, օգնող ու կարեկից լինենք մեզ այսօր հանդիպած բարի ու ոչ այնքան բարի մարդկանց հանդեպ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը