May-18

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք ունե՞ս գաղտնաբառը

Արդյոք ունե՞ս գաղտնաբառը

Սիրելի՛ բարեկամ, իմ նախկին աշխատանքն ինձնից պահանջում էր հաճախակի ճամփորդությունների մեկնել տարբեր երկրներ, և երբ ես մի նոր վայր էի հասնում, առաջին բանը, որ անում էի, WiFi-ի հասանելիության համար գաղտնաբառ հարցնելն էր, որպեսզի կապ հաստատեմ իմ ընտանիքի հետ: Կարծում եմ՝ դու նույնպես նման իրավիճակի ծանոթ կլինես, երբ գաղտնաբառը խնդրելուց հետո քեզ տալիս են բավականին բարդ գաղտնաբառ՝ մեծատառերով, թվերով ու որոշ տարօրինակ նշաններով: Այդ ժամանակ իսկապես ստիպված ես լինում կենտրոնանալ, որպեսզի ճշգրտորեն գրես այն և համացանցի միջոցով կապ հաստատես արտաքին աշխարհի հետ:

Տերը մեծագույն պարգև է տվել մեզ, որն Իր հետ կապ հաստատելու հնարավորությունն ու արտոնությունն է: Դա անելու համար Նա մեզ տվել է Իր Սուրբ Հոգին, Իր Խոսքը, աղոթելու արտոնությունը, տեղական եկեղեցին և այլ նմանատիպ   պարգևներ: Իսկ գիտե՞ք, թե որն է այս անըմբռնելի սիրո և աննկարագրելի զորության կապին միանալու համար անհրաժեշտ գաղտնաբառը: Ի տարբերություն WiFi-ի գաղտնաբառերի, այս գաղտնաբառը շատ հեշտ է ընթերցելու և մտապահելու համար։ Այն մի հրաշալի անուն է՝ Հիսուս անունը, որը միակ անունն է, որի շնորհիվ մարդիկ կարող են փրկվել:

Եբրայեցիս 4․16 խոսքում Աստվածաշունչն ասում է. «Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ առավոտյան արթնանում ես, թո՛ղ քո առաջին միտքը լինի Տիրոջ հետ զրուցելը։ Մոտեցի՛ր Նրան Աստվածաշնչի ընթերցանության, ընթերցածիդ մասին մտորումների և Սուրբ Հոգով առաջնորդված աղոթքների շնորհիվ։ Խնդրի՛ր Աստծու Սուրբ Հոգուն, որպեսզի քեզ աղոթելու համար անհրաժեշտ թեմաներ ու մտքեր տա։ Օրվա ընթացքում առնվազն ամեն անցնող ժամի մեջ գոնե մեկ անգամ մտածի՛ր Տիրոջ մասին և գոհացի՛ր Նրանից ինչ-որ կոնկրետ բանի համար։ Հարմար պահի, թեկուզ կարճ ժամանակով, մի հատված ընթերցի՛ր Աստվածաշնչից: Այսպես դու մշտապես կապի մեջ կլինես Նրա հետ:

Մարդկանց մեջ մի տարածված սխալ կա։ Նրանք Աստծո հետ կապ են փորձում հաստատել միայն այն ժամանակ, երբ վատ կամ ծանր իրավիճակում են հայտնվում: Այդ ժամանակ հանկարծ նրանք գիտակցում են, որ կապը չի գործում, քանի որ չունեն գաղտնաբառը: Եվ այդ ժամանակ նրանց է այցելում խորը հուսահատությունը:  Նման դեպքերում մարդիկ սկսում են բողոքել, որ Աստված չի լսում իրենց և չի պատասխանում իրենց խնդրանքներին: Իրականությունն այն է, որ ոչ թե Աստված չի պատասխանում, այլ մինչ այդ նրանց ապրած կյանքի պատճառով օգնության կարիքի պահին իրենց կապն Աստծու հետ պարզապես բացակայում է։ 

Իսկ ինչպիսի՞ն է քո կապն Աստծու հետ: Դու Նրա հետ ունե՞ս կենդանի և առողջ փոխհարաբերություն: Խոսո՞ւմ ես արդյոք քո երկնային Հոր հետ: Լսո՞ւմ ես արդյոք, երբ Նա՛ է խոսում քեզ հետ: Դա այնքա՜ն կարևոր է․․․ Պատկերացրո՛ւ, որ անհամեմատ ավելի կարևոր է, քան մերօրյա կյանքում WiFi կապ ունենալը:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: