Աստված քեզ համար ելք է պատրաստել
Սիրելի՛ Ընկեր, մենք հաճախ ենք կոնֆլիկտներ ունենում մեր շրջապատի մարդկանց հետ։ Եվ, սովորաբար, ավելի հաճախ՝ ամենահարազատ մարդկանց հետ, այլ ոչ թե` օտարների։ Դրանք կարող են լինել լուրջ կոնֆլիկտներ կամ ոչ այնքան։ Ամեն դեպքում, ցանկացած կոնֆլիկտ իր մեջ որոշակի ցավ և վիրավորանք է պարունակում։ Կոնֆլիկտի մեջ ներգրավված անձիք՝ վիրավորված անձը և նա, ով հասցրել է վիրավորանքը, երկուսն էլ հայտնվում են խաթարված հարաբերությունների բանտում։
Իմ հովվական ծառայության ընթացքում մատուցած խորհրդատվությունների փորձը և իմ անձնական կյանքի փորձառությունը ցույց է տալիս, որ ցանկացած կոնֆլիկտի մեջ գրեթե չի լինում այնպես, որ միայն մեկ կողմը վիրավորանք հասցրած լինի, իսկ մյուսը ոչ մի բան չհակադարձի։ Գուցե մեկը շատ է մեղավոր՝ պատճառ է եղել կոնֆլիկտի ծագման, այն բորբոքողն ու ամենաշատ վիրավորանք հասցնողն է, սակայն, հիմնականում, տուժող կողմը նույնպես իր ներդրումն է ունենում կոնֆլիկտի բորբոքման հարցում և իր հերթին վիրավորական վերաբերմունք դրսևորում իրեն վիրավորանքներ հասցրած կողմի հանդեպ։ Նման պարագաներում խաթարված հարաբերությունը երկու կողմի համար իսկական բանտի է վերածվում։ Եվ բանտից դուրս գալու միակ բանալին սրտանց ներելն է և ներողություն խնդրելը։
Գուցե դու նման դեպքերում այսպիսի մտքեր ես ունենում. «Դա չի գործի իմ պարագայում։ Անհնարին է, որ ես կարողանամ ներել այդ մարդուն։ Նա այնքա՜ն խորն է ինձ վիրավորել»։ Կամ գուցե մտածում ես այսպես. «Նրանից ներողությո՞ւն խնդրեմ։ Չէ՞ որ նա՛ է սկսել կոնֆլիկտը։ Իմ արձագանքը ոչինչ էր նրա հասցրած վիրավորանքների համեմատ։ Եվ եթե նույնիսկ իմ ասածների ու սխալների համար ներողություն խնդրեմ, ի՞նչ է փոխվելու դրա արդյունքում»։
Իրականում, դա շատ բան կարող է փոխել։ Երբ Տեր Հիսուսը սովորեցնում էր աղոթել, Նա մեզ փոխանցեց Հայր Աստծուն ուղղված այս տողերը. «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին» (Մատթեոս 6.12):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինչ-որ մեկը խորը վե՞րք է հասցրել քեզ։ Աստված քեզ ուժ կտա ներելու համար։ Եթե դու նվիրվել ես Աստծո Խոսքը լսելուն և Նրա կամքը կատարելուն, եթե երկյուղ ունես Աստծուց, ուրեմն, որպես Աստծո զավակ, հարգելով քո Տիրոջ Խոսքը՝ չես կարող Տերունական Աղոթքից դուրս թողնել այս կարևորագույն խոսքերը։
Ինչպե՞ս է Աստված քեզ ներել։ Ինչպե՞ս է վերականգնել քո մեղքերի պատճառով Իր հետ խաթարված հարաբերությունը։ Արդյոք սպասե՞լ է քո փոխվելուն, որպեսզի ների քեզ, թե՞ ներել է և վերականգնել հարաբերությունը քեզ հետ, որպեսզի օգնի քեզ փոխվելու հարցում։
Առանց Տեր Աստծու ներման ո՛չ ես և ո՛չ էլ դու չէինք կարող մուտք գործել Նրա ներկայության մեջ, չէինք կարողանա աղոթք բարձրացնել և կամ փառաբանել Նրան։ Նրա ներման շնորհիվ է նաև, որ այսօր Քրիստոսի ճշմարիտ աշակերտները Տիրոջից ներելու զորություն և կարողություն են ստանում։ Ներելով՝ դու թե՛ քեզ և թե՛ քեզ վիրավորած մարդուն ազատ ես արձակում չներման բանտից։
Իսկ եթե վիրավորողը դու ես․․․, դու ես այն անձը, ով իրեն սխալ է պահել, ապա բավականին դժվար է լինելու սեփական մեղքը կամ սխալը խոստովանելը։ Տեր Հիսուսը խաչի Իր զոհով ամեն բան արել է քո ներման և փրկության համար։ Սակայն կան բաներ, որ Աստված չի կարող անել քո փոխարեն։ Դրանցից մեկը քո ապաշխարությունն է՝ ինքդ քեզ Տեր Աստծու և Նրա կամքի առջև խոնարհեցնելը։ Եվ այդ կամքի մեջ է մտնում նաև ներողություն խնդրելը բոլոր այն մարդկանցից, որոնց ցավ ես պատճառել։ Դու պետք է պարզապես ասես. «Ների՛ր ինձ, խնդրում եմ, որ ցավեցրել եմ քեզ…»։
Եվ եթե դիմացինը մերժի քո ներողությունը, ապա, միևնույնն է, դու ազատվում ես այդ բանտից։ Շարունակի՛ր վստահել Աստծուն և աղոթել այդ մարդու համար։ Երբ գա ժամանակը, Աստված կմիջամտի։ Եվ եթե նույնիսկ քո կյանքի ընթացքում տվյալ խնդիրը չլուծվի, վստահ եղի՛ր, որ թե՛ Աստծու առջև, և թե՛ տվյալ մարդու առջև դու ճիշտ պահվածք ես դրսևորել։
Ցանկացած պարագայում, ներումը դռներ է բացում դեպի վերականգնում թե՛ քո կյանքում և թե՛ քո փոխհարաբերությունների մեջ։
Քո օրհնությունը կախված է քո հնազանդությունից։ Եվ ամենազարմանալին այն է, որ Աստված Իրեն հնազանդվելու փափագ ունեցողներին շարունակաբար կարողություն, սեր և ուժ է փոխանցում։ Փափագի՛ր Տեր Աստծու կամքին հնազանդվելուն և Նրա շնորհն ու ողորմությունը քո կյանքի օրհնությունները կդառնան։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
