Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը երբե՛ք չի սովորեցնում, որ երբ մարդը դառնում է հավատացյալ՝ Քրիստոսի աշակերտն և Տեր Աստծո զավակ, ապա նրա կյանքում դադարում են փորձությունները և անհետանում բոլոր խնդիրները։ Փոխարենը Սուրբ Գիրքը սովորեցնում է, թե ինչպես կարող ենք Տեր Աստծու օգնությամբ հաղթահարել դժվարությունները, ինչպես նաև Տիրոջից ընդունել շնորհք և ողորմություն մեր կյանքի ցանկացած իրավիճակի համար. «Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի» (Սաղմոս 34.20)։
Երբեմն, հավատքի կյանքում որոշ դժվարություններ և խնդիրներ կարող են այցելել քեզ, երբ քեզ թվում էր, թե դու ամուր հոգևոր ընթացքի մեջ ես և գրեթե ամեն բանում հնազանդվում ես Տեր Աստծու կամքին: Լինում է նաև այնպես, որ խնդիրների ենք բախվում այն ոլորտներում, որտեղ մեզ թվում էր, որ հաղթանակներ էինք գրանցել, և տվյալ խնդիրը լուծված էինք համարում։ Այս ամենը մեզ կարող է գցել շփոթության մեջ, և մենք նման դեպքերում չենք պատկերացնում, թե ինչ պետք է անենք իրավիճակը շտկելու համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հենց այդ դժվարին ժամանակներում է, որ մենք պետք է ինքներս մեզ համար հստակ ու համոզված իմանանք, թե ինչի՞ վրա է հիմնված մեր հավատքը, և որքանո՞վ ենք վստահում Տեր Աստծուն և Նրա խոստումներին: Եվ հենց ճնշումների ու փորձությունների նման ժամանակներում է, որ մենք պետք է մեր սիրտն ու միտքը ամուր կերպով խարսխենք մեր Տեր Աստծու և Նրա խոստումների վրա (տե՛ս Եփեսացիս 6.13 խոսքը)։
Ստորև դուրս եմ բերել մեր հավատքի ամրության համար անհրաժեշտ մի քանի ճշմարտություններ, որոնց հանդեպ անսասան համոզմունքը կօգնի քեզ քո դժվարությունների մեջ դիմակայելու ցանկացած ուժգնության քամիների և քո կյանք այցելած բոլոր փոթորիկներին։ Դու պետք է կարողանաս ասել․․․
- Ես համոզված եմ, որ Աստված բարի է (տե՛ս Սաղմոս 25․8 խոսքը)։
- Ես համոզված եմ, որ Աստծո օրենքներն ու ճանապարհները իմ օգտի համար են և դեպի օրհնություն ու խաղաղություն են տանում ինձ (տե՛ս Սաղմոս 19.10-12)։
- Ես համոզված եմ, որ Աստված արդար է իմ հանդեպ (տե՛ս Բ Օրինաց 32․4 խոսքը)։
- Ես համոզված եմ, որ Աստված ինձ երբե՛ք չի լքի (տե՛ս Եբրայեցիս 13.5 խոսքը)։
- Ես համոզված եմ, որ Աստված է իմ ուժի և զորության աղբյուրը (տե՛ս Եսայիա 40.29 խոսքը)։
Այո՛, եթե դու, իրոք, հավատում ես Աստվածաշնչի խոստումներին և բավարարում ես այդ խոստումների պայմաններին, ապա վախենալու ոչինչ չունես, որովհետև Աստված դեպի բարին է շրջելու քո կյանքի բոլոր դժվարին իրավիճակները, եթե միայն վստահես Նրան, քո հոգսերն աղոթքով հանձնես Տիրոջը և հնազանդվես Նրա բարի կամքին:
Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր, օգնիր ինձ, խնդրում եմ, համբերության հարցում, որպեսզի շարունակեմ դիմանալ իմ կյանքի դժվարին իրավիճակներին և չթուլանամ ու չհուսահատվեմ: Ամրացրո՛ւ ինձ պատերազմի մեջ և հաղթանակ շնորհի՛ր իմ կյանքի պայքարներում։ Շնորհակալ եմ Քեզնից, իմ բարի Տե՛ր, որ նորից ու նորից բարձրացնում ես ինձ, երբ ընկնում եմ: Ես ուզում եմ նմանվել Քեզ, դառնալ Քո նման սիրող ու հաղթող և միանալ Քո բարի ու արդար սրտին: Դու բժշկում և վերականգնում ես ինձ ամեն անգամ, երբ այս կյանքի փոթորիկները ինձ ծնկի են բերում ու գցում հուսահատության ծուղակը: Շնորհակալ եմ, որ օգնում ես ինձ դառնալ ամբողջական և հասուն հոգևոր անձնավորություն՝ այնպիսին, ինչպիսին միշտ ուզել ես տեսնել ինձ։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Այսօր ընտրի՛ր լիարժեք կյանքը։ Ընտրի՛ր Տեր Հիսուսին վստահելը և այնպիսի խաղաղության ընթացք ունենալը, որը կախված չէ քո կյանքի հանգամանքներից։ Ամուր հաստատվի՛ր Քրիստոսի հավատարիմ աշակերտի քո ընթացքի մեջ և կտեսնես, թե ինչպես է Աստված գերբնական կերպով միջամտում քո կյանքին:
Այսօր լուսավոր ու ուրախ օր եմ մաղթում քեզ և աղոթում եմ, որ ողջ օրվա ընթացքում զգաս Տեր Աստծու հայրական հոգատար հայացքի քեզ պարուրող ջերմությունը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը