November-3

Գլխավոր | Հրաշքներ | Այն, ինչ փոխանցում ես, մեծ արժեք ունի

Այն, ինչ փոխանցում ես, մեծ արժեք ունի

Սիրելի՛ բարեկամ, լինո՞ւմ է, որ դու քեզ աննշան ու փոքր զգաս։ Մարդիկ երբեմն կարծում են, թե անգամ Աստծո ձեռքերում իրենք ոչ մի բանի պետք չեն, և նույնիսկ բոլորովին անօգտակար են իրենց զգում։ Երբեմն էլ այս աշխարհի հոգսերը և մեր կարիքներն են չափազանց մեծ թվում, և մենք հուսահատորեն բացականչում ենք. «Տե՜ր, մի՞թե ես կարող եմ որևէ բան փոխել կամ որևէ ազդեցություն ունենալ այս ամենի վրա»։ 

Եթե դու նույնպես երբևէ նման մտքեր ես ունեցել, ապա այսօր ուզում եմ քաջալերել քեզ։ Աստված սուպերհերոսների կարիք չունի։ Նա չի փնտրում առանձնահատուկ հնարավորությունների կամ ունակությունների տեր մարդկանց։ Փոխարենը՝ Նա փնտրում է հավատարիմ մարդկանց, որոնց կվերցնի Իր ձեռքերի մեջ, կօժտի առանձնահատուկ ունակություններով և կփոխակերպի նրանց կյանքը։ 

Գուցե միակ բանը, որն Աստված այսօր քեզնից ակնկալում է, դա դժվար կյանքից հոգնած մեկին քո ջերմ ժպիտով քաջալերելն է։ Կամ գուցե քեզ բարիք արած մարդուն հիշելն ու նրա ողջությունը հարցնելն է։ Կարո՞ղ ես այսօր գոնե մեկ հոգու հետ կապ հաստատել և այնպես խոսել իր հետ, որ քեզ հետ շփվելուց հետո նրա սիրտը լցվի Տեր Աստծո հանդեպ երախտագիտությամբ, որովհետև քեզ նման մարդ կա այս աշխարհում։ 

Կամ գուցե այն ամենն, ինչ Աստված կամենում է, որ անես այսօր, դա աշխատանքիդ վայրում լավագույն կերպով քեզ դրսևորելն է։ Ո՞վ գիտի, թե այսօրվա քո նվիրված աշխատանքը ինչպիսի ազդեցություն կթողնի ղեկավարիդ կամ աշխատակիցներիդ վրա։ 

Գուցե պետք է ներե՞ս ինչ-որ մեկին։ Գուցե՝ որ զսպես լեզուդ և սովորականի նման վեճի մեջ չներգրավվե՞ս։ Գուցե այսօր Տեր Աստծուն պետք է ուրախացնես՝ քո շուրթերից արդեն սովորական դարձած տրտունջի ու վիրավորական բառերի փոխարեն ողջ օրվա ընթացքում գոհության և քաղցրության բառեր արտաբերելո՞վ։ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, և այն կապ չունի քո ունակությունների և ունեցած հնարավորությունների հետ։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ակնկալում է, որ դու հավատարիմ լինես այն ամենի մեջ, ինչն Ինքը քեզ ցույց կտա և ինչի մեջ Ինքը քեզ կուղղորդի։ Աստծո Սուրբ Հոգին քեզ մտքեր կտա, թե որտեղ և ինչպես է Նա ակնկալում, որ դրսևորես քո հավատարմությունը։ Քեզ մնում է միայն խնդրել և գործել։ 

Եթե անգամ ոչինչ չունես, ապա, միևնույնն է, դու կարող ես մարդկանց սեր ու ջերմ վերաբերմունք փոխանցել, և դա այնքա՜ն արժեքավոր է։

«Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների ունկնդիրների արձագանքից ես հասկանում եմ, որ շատ շատերը ամենօրյա ուղերձների տեքստը կամ ձայնագրությունը ուղարկում են իրենց մտերիմներին ու բարեկամներին։ Այո՛, ես հավատում եմ, որ դա անելով՝ դու նաև այս կերպ կարող ես քո հավատարմությունը դրսևորել Տեր Աստծու բարի, հաճելի և կատարյալ կամքի հանդեպ։ Դրանով դու մարդկանց հույս ու քաջալերանք ես փոխանցում։

Աստված կարող է մեծ և հրաշալի բաներ անել քո կյանքում, եթե ամեն օր հավատարմորեն Նրան հանձնվես և ծառայես Նրան ու Նրա Արքայության գործին այն ամենով, ինչ ունես։ 

Աղոթում եմ, որ ես և դու՝ մենք բոլորս, միշտ Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտները լինենք և նվիրված կերպով անենք այն ամենը, ինչ Սուրբ Հոգու օգնությամբ հասկանում ենք, որ հանձնարարված է մեզ տվյալ օրվա համար։ Եվ թող մեր գործերի ու մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքի մեջ միայն և միմիայն Աստված փառավորվի և Նրա անունը մեծարվի։ 

Օրհնյալ օր եմ մաղթում քեզ՝ լի մարդկանց շնորհակալության և երախտիքի ջերմ հայացքներով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: