Դու հավատո՞ւմ ես, որ աղոթքը կարող է օգնել մեզ մեր հոգսերն Աստծուն հանձնելու հարցում։ Հոգևոր կյանքի ամենակարևոր հմտություններից մեկն այն է, որ մարդը սովորում է բաց թողնել այն, ինչը մենք չենք կարող կառավարել․․․ չանհանգստանալ այն ամենի համար, ինչը մեր իշխանության տակ չէ և կախված չէ մեր վերաբերմունքից ու անելիքներից։ Եվ չանհանգստանալու հիմքը ոչ թե անտարբեր լինելն է, այլ այն փաստը, որ մենք մեր հոգսը հանձնել ենք Աստծուն, Ում կամքը բարի է, հաճելի և կատարյալ (տե՛ս Հռոմեացիս 12․2 խոսքը)։
Սիրելի՛ բարեկամ, ես համոզված եմ, որ աղոթքը ճանապարհ է բացում, որպեսզի Տեր Աստված իշխի, գործի և տիրի մեր կյանքում։ Մատթեոս 6․6 խոսքի մեջ Տեր Հիսուսը գործնական խորհուրդ է փոխանցում աղոթքի վերաբերյալ․ «Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ»:
Աստված ուզում է քեզ հետ ժամանակ անցկացնել: Նա սպասում է քեզ քո ներքին սենյակում: Առանձնացի՛ր մի այնպիսի տեղ, որտեղ ոչ ոք քեզ չի խանգարի, և քո հոգսերը, քո անհանգստություններն ու քո կյանքի բեռները վստահի՛ր Նրան: Այնուհետև, երբ դուրս գաս աղոթքի սենյակից, հոգսերդ մի՛ վերցրու քեզ հետ։ Սովորի՛ր թողնել դրանք Տեր Աստծու մոտ։ Հաճախ մենք ուզում ենք ամեն բան մարդկայնորեն վերահսկել։ Բայց երբ թույլ ենք տալիս, որ Աստված ստանձնի դրանց պատասխանատվությունը, ապա շուտով նաև տեսնում ենք Նրան վստահելու պտուղները։
Իմ կյանքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անորոշության կամ կյանքի դժվարին շրջաններին դեմ հանդիման չգիտեի, թե ինչ կլինի և իրադարձությունները ինչ ընթացք կստանան։ Այդ ժամանակ ինձ նույնպես այցելել են տարբեր մտքեր և ուսերիս ծանրացել են կյանքի հարվածների ու տագնապալի հեռանկարների բեռները։ Նման իրավիճակներում միայն մեկ վայր կա, որտեղ կարող եմ ուսերիցս իջեցնել իմ բեռները, և միայն Մեկը կա, Ով կվերցնի դրանք և կհոգա իմ խնդիրների լուծումը Իր բարի, հաճելի և կատարյալ կամքի համեմատ։
Դա ներքին սենյակի աղոթքի օրհնյալ փորձառությունն է և Տեր Աստծուն մեր խնդիրների լուծումը վստահելը։ Կա՛մ մենք ենք հոգս անելու և փորձելու ենք վերահսկել այն, ինչը մեր ուժերից և ունեցած իշխանության սահմաններից վեր է, կա՛մ պետք է սովորենք հանձնել դրանց լուծումը Աստծուն, Ով ամենակարող է ու ամենագետ և Իր անսահման իմաստությամբ գիտի, թե ինչպե՛ս և ե՛րբ հոգ տանի մեզ համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու նույնպես կարող ես աղոթել և անհնարինը հնարավոր դարձնող Աստծուն տեղ հատկացնել կյանքիդ կենտրոնում։ Աստված չի ուզում պարզապես լուծել քո խնդիրները… Նա ցանկանում է զարմացնել քեզ Իր բարությամբ և ողորմածությամբ: Նա ուզում է լինել քո կյանքի Տերը և Փրկիչը, Ում դու վստահում ես քո ամբողջ սրտով․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը