Սիրելի՛ բարեկամ, սովորաբար մենք մեր երևակայության մեջ պատկերացնում ենք այն, ինչից ինքներս վախեր ենք ունենում։ Այս մասին նաև խոսում է Աստվածաշունչը. «Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց, և ինչից որ սարսափում էի, ինձ հասավ (ՀՈԲ 3:25)»։
Իսկ դու ունե՞ս վախեր։ Պատահե՞լ է, որ քեզ պատահի հենց այն, ինչից վախեցել ես։ Գուցե մի վատ լուրից ես վախեցել, և այդ վախն իրականացել է։ Հիվանդությունի՞ց։ Վախեցել ես տուգանքներից, և փոստատարը բերել է համապատասխան նամակը։
Իսկ ինչո՞ւ է Աստվածաշունչը խոսում այս մասին։ Աստծո Խոսքի նպատակը մեզ քաջալերելն ու սովորեցնելն է, որպեսզի Հիսուս Քրիստոսի մեջ հաղթական և զորությամբ լեցուն կյանք ապրենք։
Իրականում հոգևոր առումով վախը հավատքի հականիշն է։ Մեր վախերը դուռ են բացում մեր թշնամու առջև, իսկ հավատքը դուռ է բացում Տեր Աստծու առջև։ Այն վախի հակառակ կողմն է։ Հավատքն այն բաների ակնկալիքն է, որոնց համար հույս ունենք, որ իրականություն կդառնան։
Մենք դեպի մեզ ենք ձգում այն, ինչին հավատում ենք։ Վախը բացասական երևույթների ու իրադարձությունների հանդեպ մեր հավատքն է։ Այն, ինչը պատկերացնում ենք մեր երևակայության մեջ, մեծ հավանականությամբ դառնալու է մեր հավատքի պտուղը։ Այստեղ պետք է զգույշ լինենք, որ ինքներս մեզ չդնենք Արարչի տեղում՝ կարծելով, թե պատկերացնելով՝ կարող ենք որոշակի իրողություններ կերտել։ Անշուշտ, Աստված է մեր կյանք բարիքներ ուղարկում։ Սակայն հավատքի գործոնի շնորհիվ մարդը իր կյանքում հնարավոր է դարձնում այն, ինչն ակնկալում է, ինչի համար աղոթում է և ինչի շուրջ խորհում է իր սրտում։
Այսպիսով, եթե ես լավագույնին եմ ձգտում, ապա իմ երևակայության մեջ, իմ մտքում ու պատկերացումներում ես նկարագրում եմ այդ լավագույնը։ Եվ երբ, ի հավելումն այս ամենի, ես սնվում եմ Աստծո Խոսքով (ինչն ինձ հիշեցնում է Աստծո բարության և մեծահոգության մասին), ապա պատկերացնում եմ այն բարի բաները, որոնք Նա խոստացել է Իրեն սիրողներին ու Իր Խոսքին հնազանդվողներին։
Գուցե ինձ ասեք. «Մի՞թե դա այդքա՜ն պարզ է ու նաև այնդքա՜ն շատ հեշտ»։ Ես կպատասխանեմ՝ այո՛, և հավատքի հանդեպ այս մոտեցումն աստվածաշնչյան է։ Ամենաարդյունավետ լուծումները պարտադիր չէ, որ ամենաբարդը լինեն: Ես սիրո՛ւմ եմ Ավետարանի պարզությունը։ Այն երբե՛ք խորհրդավոր ու գաղտնագրված չի եղել։ Աստծո Խոսքը պարզ է, հասանելի ու հանճարեղ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր՝ այս նախատոնական օրը, քաջալերում եմ քեզ հրաժարվել քո բոլոր վախերից և մերժել բոլոր բացասական մտքերը, որպեսզի կարողանաս ուղղել աչքերդ դեպի Տիրոջ ողորմությունները, Ով քեզ համար ամեն օր նորանոր օրհնություններ է պատրաստում։
Մի՛ հավատա վախի մտքերին։ Հավատա՛ Աստծու խոստումներին, որոնք Նա գրել է Աստվածաշնչի մեջ։ Քննի՛ր այդ խոստումների իրականացման համար անհրաժեշտ պայմանները։ Փոխի՛ր կյանքդ ու մոտեցումներդ։ Բավարարի՛ր այդ պայմաններին և կտեսնե՛ս, թե ինչպես է քո կենդանի հավատքը կործանում վախի ու տագնապների բոլոր մութ ու գորշ ամրոցները քո կյանքում։
Եղի՛ր օրհնված։ Հավատում եմ, որ քո հաղթանակները շատ մոտ են․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը