Այսօր մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Մտի՛ր Տեր Աստծու պաշտպանության տակ» անվանումը։ Տեր Աստծու պաշտպանության տակ մտնող անձը բնակվում է Նրա սրահներում։ Այո՛, Բարձրյալի սրահներում կա հանգիստ և խաղաղություն։
Սիրելի՛ բարեկամ, յուրաքանչյուր մարդ, լինի դա գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, փնտրում է և ձգտում դեպի հանգիստն ու խաղաղությունը։ Մեր նախորդ ուղերձների մեջ մենք տեսանք, որ Աստվածաշունչը սովորեցնում է հանգստի ու խաղաղության հոգեվիճակին հասնելու և դրանում հարատևելու կերպը։
Բանալին Տեր Աստծու հետ հաշտության հարաբերությունն է, որը կարող ենք կառուցել, եթե սովորենք կիրառել խոստովանության, ապաշխարության և հոգևոր աճի աստվածաշնչյան սկզբունքները։ Իսկ Բարձրյալի ապահովության և անվտանգության զորավոր ծածկոցի տակ մնալու համար մենք պետք է պահենք նաև Տեր Աստծու մնացած բոլոր խոստումներից վեր գործող կարևորագույն սկզբունքը՝ Աստված ասում է․ «Ես կփառավորեմ Ինձ փառավորողներին, և Ինձ արհամարհողները կանարգվեն» (Ա Թագավորաց 2․30):
Երանի՜ մենք այս խոսքերը միայն լսողներ չլինենք, այլ նաև՝ կատարողներ։ Երանի՜ մենք ամեն ջանք գործադրենք, որ փոխենք մեր կյանքն ու մոտեցումները, որ գործենք ու ապրենք Աստծու Խոսքին համահունչ և Աստծու կամքին հնազանդ կյանքով։
«Որովհետև «Ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։ Թող չարից հետ քաշվի և բարին գործի, խաղաղություն փնտրի և դրան հետևի։ Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու Նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Ա Պետրոս 3.10-12):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե մենք ուզում ենք այս կյանքում լավ օրեր տեսնել, ապա պետք է ամեն ջանք անենք, որպեսզի արժանանանք Տեր Աստծու բարեհաճությանը։ Հե՛նց Աստծուն հաճելի լինելն է մեզ մոտեցնում Նրան։ Աստծուն հաճելի կյանքով ապրելը պետք է դառնա մեր կյանքի առաջնահերթությունը։ Ամեն բան կարելի է մի կողմ դնել ու զոհաբերել հանուն Տեր Աստծուն հաճելի կյանքով ապրելու և Նրա կամքի համեմատ որոշումներ կայացնելու։
Ուզո՞ւմ ես, որ Աստված երբե՛ք քեզ մենակ չթողնի քո որևէ դժվարության մեջ։ Ուզո՞ւմ ես, որ Տերը միշտ քեզ հետ լինի և պաշտպանի ու ծածկի Իր ապահովության զորավոր ծածկոցով։ Թո՛ւյլ տուր, որ Աստծու Սուրբ Հոգին հե՛նց հիմա խոսի քո սրտին Տեր Հիսուսի այս խոսքերի փոխանցած ճշմարտության միջոցով․ «Ով Ինձ ուղարկեց, Ինձ հետ է. Ինձ մենակ չի թողել, որովհետև Ես միշտ անում եմ այն, ինչ Նրան հաճելի է» (Հովհաննես 8.29):
Մենք ամեն օր կանգնում ենք ընտրության առաջ․ անել այն, ինչը մեզ է հաճելի, կա՛մ անել այն, ինչը հաճելի է Աստծուն։ Այս պարզ ընտրությունից է կախված Բարձրյալի ծածկոցի տակ լինելու կամ այդ ծածկոցից դուրս մնալու իրողությունը։ Իմ աղոթքն է քեզ համար, որպեսզի մերժե՛ս մեղքը և ապրես Բարձրյալ Աստծու ապահովության ծածկոցի ներքո և Նրա ներկայության խաղաղության մեջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը