Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք ավարտում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված էր Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:
«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։
Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):
Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից…
Երբեմն մեր կյանքը նման է անապատի։ Մենք հայտնվում ենք երկու մեծ ավազաթմբերի արանքում՝ չտեսնելով որևէ ելք ու ճանապարհ, և բախվում ենք մի խնդրի հետ, որն անապատի արևի պես սպառնում է այրել մեզ, եթե չգտնենք պատսպարվելու համար ստվերոտ մի վայր:
Բայց բարի լուր կա Աստծուն հուսացողների համար։ Նա կարո՛ղ է գետ ուղարկել մեր անապատի մեջ. «Եվ նա ինձ ցույց տվեց կենաց ջրի գետը՝ փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծու ու Գառան գահից։ Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս։ Ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին» (Հայտնություն 22:1-2):
«Հորդանանի երկիր»… Հորդանան գետը անցնում է Իսրայելով, իսկ «Հորդանան» բառը նշանակում է «իջնել» կամ «հոսել ներքև»: Տեր Հիսուսը հենց անապատը բժշկող գետի պես իջավ Երկնքից՝ մեզ կործանումից փրկելու և Իր փառքի մեջ փոխակերպելու համար:
Մի շատ գեղեցիկ նկարագրություն կա Աստվածաշնչում․ «Անդունդն անդունդին կանչում է քո հորձանքների ձայնով. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցնում են իմ վրայով» (Սաղմոս 42․7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր թո՛ւյլ տուր, որպեսզի Տեր Աստծո ուղարկած ալիքները հոսեն քո վրայով, հոսեն մինչև խորքերը, և թող դրանք լվանան ու տանեն քո կյանքի հիասթափությունների և հուսահատությունների բոլոր աղբյուրները:
Տեր Աստծու՝ կյանք տվող բժշկարար ալիքերն ավելի զորավոր են, քան հիասթափության ու հուսահատության ցանկացած ալիք: Այլևս պետք չէ հուսահատվել: Տերը քո կողքին է: Թո՛ւյլ տուր, որ Նրա սիրո բժշկարար ալիքներն անցնեն քո վրայով:
Առաջարկում եմ մի պահ ժամանակ տրամադրել և աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, իմ կյանքի բոլոր ալիքների ներքո, որոնք թափվում են ինձ վրա և իրենց մեջ կրում են հուսահատության, անհանգստության, անարդարության և նմանօրինակ այլ ծանրություններ, ես որոշում եմ կայացնում իմ հայացքը դեպի Քեզ ուղղելու: Ես դեպի Քեզ եմ աղաղակում և դադարում եմ բողոքելուց ու տրտնջալուց այդ բոլոր ծանրությունների պատճառով։ Ես իմ հայացքն ուղղում եմ դեպի Քեզ, որպեսզի Քեզնից ստանամ քաջալերանքի, բժշկման, վերականգնման և ներման թարմ ու հզոր ալիքները: Թող օրհնյալ լինի՛ Քո սուրբ ու պատվական անունը, իմ Տե՛ր։ Շնորհակալ եմ, որ պահում ես ինձ և իմ ընկած տեղից ոտքի ես կանգնեցնում: Ես սիրում եմ Քեզ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը